| ԱՐՏԱՆԻՇԻ
ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
րկին
ճամբարում են սեբաստացիներն ու ազատանցիները: Օգոստոսի 1-3-ն Ազատանի
«Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաներն այս
տարի եւս իրենց ընկերների՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արեւմտյան
դպրոցի սաների հետ, մասնակցեցին, Սեւանա լճի ափին գտնվող, Արտանիշ
եռօրյա վրանային ճամբարին:
Շուրջ
քառասուն տարբեր տարիքի երեխաներ երեք օր միասին ապրեցին, վայելեցին
բնությունը, խաղացին եւ ամրապնդեցին իրենց ընկերությունը: Ճամբարային
օրերը հագեցած էին ու հետաքրքիր: Յուրաքանչուր օր սկսվում էր առավոտյան
նախավարժանքով եւ ավարտվում երեկոյան խարույկի շուրջ զրույցներով,
երգերով եւ համայնքային կենցաղի ու կենսափորձի փոխանակմամբ, իսկ
օրվա ընթացքում սպորտային ու ինտելեկտուալ խաղերը, լողը, մտերմիկ
զրույցները հաջորդում էին միմյանց:
Ճամբարի կարեւոր եւ բաղադրիչ մասն էր հանդիսանում բարձրունքի հաղթահարումը:
Այս անգամ երեխաները եղան Արտանիշի «ծովածոց»-ում, ուր, հաղթահարելով
բարձունքը, միասին դիմավորեցին մայրամուտը: Ամեն անգամ միասնաբար
հաղթահարելով փորձությունները եւ կիսելով ուրախ պահերը՝ էլ ավելի
են խորանում եւ ջերմանում երկու կրթական կառույցների՝ արդեն ութամյա
բարեկամությունն ու հարազատությունը: Յուրաքանչյուր հանդիպում ավարտվում
է նոր հանդիպման սպասումով ու նախագծմամբ:
Կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաները, մինչ ճամբար հասնելը, այցելեցին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր միասնաբար աղոթք բարձրացրին
առ Աստված եւ ստացան արժանապատիվ Տ. Գրիգորիս քհն. Դերմենջյանի օրհնությունը:
Ինչպես նաեւ եղան Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուր, միասնական
աղոթքից հետո, արժանապատիվ Տ. Ստեփանոս քհն. Մարգարյանի առաջնորդությամբ,
խոնարհվեցին մեծ Սրբի մասունքների առջեւ: Որպես ավարտ՝ այս երեք
լեցուն օրն ամփոփվեց Սեւանավանքում: Այստեղ ճամբարականներն իրենց
խոնարհումն ու աղոթքը բարձրացրին առ Աստված՝ ի հիշատակ նահատակ Հարություն
Մելքոնյանի (եւ բոլոր նահատակների), ում ընտանիքն աջակցեց ճամբարին
երեխաների մասնակցության հարցում:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|