| ԱԶԳԱՅԻՆ
ՈԳՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը
հուլիսի 17-ին եւ 18-ին կազմակերպել էր երկօրյա ուխտագնացություն
Վայոց ձորի եւ Սյունիքի թեմեր՝ միավորելով երիտասարդներին հոգեւորի,
հայրենաճանաչության եւ ազգային արժեքների շուրջ:
Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում ուխտագնացությունը պարզապես
ճանապարհորդություն չէ: Այն հոգեւոր վերազարթոնքի ճանապարհ է, հնարավորություն՝
հեռանալու առօրյա հոգսերից, վերագտնելու սեփական ներաշխարհը, հաղորդակից
դառնալու մեր ժողովրդի բազմադարյա սրբազան ժառանգությանը եւ ամրապնդելու
հավատքն ու ազգային ինքնությունը:
Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ՝ ուխտագնացության առաջին
կանգառը Նորավանքն էր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության եւ
հոգեւոր մշակույթի անզուգական գլուխգործոցներից մեկը, ուր ուխտավորներին
դիմավորեց Տ. Ներսես քհն. Արշակյանը: Վեհաշուք կարմիր ժայռերով շրջապատված
այս սրբավայրում կատարվեց միասնական աղոթք, որի ընթացքում երիտասարդները
հայցեցին Տիրոջ օրհնությունն ու խաղաղությունը հայրենիքի, ժողովրդի
եւ աշխարհի համար: Տեր Հայրը ներկայացրեց Նորավանքի հարուստ պատմությունը,
նրա նշանակությունը Հայ Եկեղեցու եւ մշակույթի կյանքում:
Այնուհետեւ ուխտավորները կանգ առան Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում:
Այստեղ եւս աղոթք բարձրացրին՝ հայցելով, որ, Սուրբ Տրդատ թագավորի
օրինակով, հայ ժողովուրդը միշտ ամուր մնա քրիստոնեական հավատքի եւ
ազգային արժեքների պահպանման ճանապարհին: Ուխտավորները եղան նաեւ
Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որը կառուցված է Նոյան տապանի
տեսքով:
Ուխտագնացությունը շարունակվեց դեպի Գորիս, ուր երիտասարդներն այցելեցին
քաղաքի երկու կարեւոր հոգեւոր կենտրոններ՝ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ եւ Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ: Այստեղ այցելուները հանդիպեցին
Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Տիգրան քհն. Հակոբյանին: Սրբավայրերում
բարձրացված աղոթքներն ու ծավալված հոգեւոր զրույցները դարձան երիտասարդների
համար ինքնաճանաչման, հավատքի ամրապնդման եւ նոր մտորումների առիթ:
Տեր Տիգրանի ուղեկցությամբ կատարվեց շրջայց քաղաքի պատմական հատվածում՝
հայտնի Հին Գորիսում: Դարերի պատմությունը կրող այդ վայրերը կենդանի
վկայություններն են հայ մարդու ստեղծագործ ոգու, բնության հետ ներդաշնակ
ապրելու մշակույթի եւ դժվարին ժամանակներում գոյատեւելու կամքի:
Քայլելով քարանձավային բնակավայրերով՝ երիտասարդները հնարավորություն
ունեցան ոչ միայն ծանոթանալ անցյալին, այլեւ նորովի գնահատել մեր
ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգությունը:
Ուխտագնացության կարեւորագույն հանգրվանը Տաթեւի վանական համալիրն
էր՝ հայ հոգեւոր, կրթական եւ մշակութային կյանքի ամենանշանավոր կենտրոններից
մեկը: Դարեր շարունակ Տաթեւը եղել է ոչ միայն աղոթքի, այլեւ գիտության,
փիլիսոփայության, ձեռագրերի ստեղծման եւ ազգային մտքի զարգացման
կարեւոր օջախ: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին ժամերգություններին,
աղոթեցին եկեղեցու անսասանության եւ մեր ժողովրդի միասնության համար:
Տաթեւում երիտասարդները հանդիպեցին նաեւ վանքի վանահայր Տ. Սահակ
վրդ. Շաքարյանին եւ Տ. Միքայել վրդ. Գեւորգյանին, ում հետ ունեցած
զրույցները դարձան ուխտագնացության հիշարժան դրվագներից մեկը: Ուխտավորները
ներկա գտնվեցին նաեւ Շինուհայրի Սուրբ Գրիգոր Տաթեւացի եկեղեցում
մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:
Հատուկ խորհրդանշական էր կանգառը Հալիձորի դիտակետում, ուր, Տաթեւի
կիրճի հիասքանչ համայնապատկերի ներքո, երիտասարդները, ներշնչված
Գարեգին Նժդեհի գաղափարներով, միասին կատարեցին հայրենասիրական եւ
ազգային երգեր:
Ուխտագնացության հաջորդ կանգառը Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցին էր: Այստեղ ուխտավորներին դիմավորեց Սիսիանի տարածաշրջանի
հոգեւոր հովիվ Տ. Պարգեւ քհն. Զեյնալյանը: Հյուրերը միասնաբար աղոթք
բարձրացրին առ Աստված, այնուհետեւ այցելեցին նաեւ, եկեղեցու հարեւանությամբ
գտնվող, Սիսիանի քաղաքային պանթեոն:
Ապա երիտասարդներն այցելեցին Զորաց քարեր հնավայր, որ համարվում
է աշխարհի ամենահին մեգալիթյան համալիրներից մեկը:
Բնության հրաշալիքներից ուխտավորներն այցելեցին նաեւ Շաքիի ջրվեժ
եւ Սատանի կամուրջ, որի բնական քարե գոյացություններն ու հանքային
աղբյուրները յուրահատուկ տպավորություն թողեցին բոլորի վրա: Այս
կանգառները եւս դարձան առիթ՝ խորհելու մարդու եւ բնության, Տիրոջ
արարչագործության գեղեցկության ու ներդաշնակության մասին:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|