Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

«ԾՈՒՆՐ ԽՈՆԱՐՀԵՑՈ ԱՌ ԻՄ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԾՆՈՂԴ ԱՍՏՈՒԾՈՅ»
ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ը ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆՆ Է

«Քեզ միացնող մոր եւ կուսի մաղթեմք հայցելով ի քէն, բարեխօսեա անդադար
առ Որդիդ քո եւ Աստուած մեր, փրկել զմեզ ի փորձութենէ եւ
ամենայն վտանգից մերոց:

ՇԱՐԱԿՆՈՑ

ստ ավանդության՝ երբ Տիրամայրն արդեն մահամերձ էր, եւ առաքյալները շրջապատել էին նրա զարդարված մահիճը, հանկարծ աննկարագրելի մի լույս է երեւում. շլացուցիչ այդ լույսերի եւ ճառագայթների մեջ հայտնվում է հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոս, շրջապատված հրեշտակների բյուրավոր զորքերով ու սրբերով: Տեսնելով Որդուն՝ Աստվածամայրը նրա ձեռքերի մեջ հանգիստ ավանդում է հոգին: Մահվամբ եւ վերափոխմամբ երանելի ու ցանկալի Թագուհին զերծ մնաց ծերության թուլություններից, որպես անբիծ շուշան՝ չկրեց ապականության ախտալից հետքերը, այլ, Որդու հրավերով, վերափոխվեց կապույտի անսահման ոլորտները:

Գողգոթայի բարձունքին, խաչի վրա գամված Միածնի մահվան տանջանքների մեջ, Սուրբ Կույսը բաժնեկից եղավ Նրա մահվանը: Աստված Մարիամի միջոցով երկնքից երկիր իջեցրեց Բանն Աստված, իսկ Որդին՝ Միածինը, երկրից երկինք տեղափոխեց մորը՝ Սուրբ Կույսին: Վերափոխմամբ նա մի պահ դադարում է մայր լինելուց, վեր է բարձրանում պարզ որդեսիրությունից եւ ամբողջապես ընկղմվում աստվածասիրության անհունի մեջ:

Հիսուս Քրիստոս խաչելության ժամանակ չմոռացավ Իր մորը եւ նրան խնամակալության հանձնեց Հովհաննես աստվածաբան Առաքյալին: Աստվածամայրն իր վարք ու բարքով, անկեղծ ու առաքինի կյանքով եւ երկնատուր շնորհներով եղավ կանանց մեջ ամենաօրհնյալը, որ արժանացավ Աստծո շնորհին՝ հանդիսանալով մայրը ե՛ւ Աստծո, ե՛ւ ամբողջ մարդկության: Ընդհանրական Եկեղեցու Հայրերը Տիրամորը համեմատում են տապանակի հետ, տապանակ, որ հին Իսրայելի, Հին Ուխտի ժողովրդի կյանքում խորհրդանշում էր Աստծո ներկայությունը, ուր պահպանվում էին տասնաբանյա պատվիրանները՝ Արարչի եւ արարածի միջեւ կապի խորհրդանիշնները: Վերափոխման պատմության մեջ ասվում է, որ երբ Տիրամորը հողին են հանձնում, երեք օր հրեշտակային օրհներգություն է լսվում: Չորրորդ օրը գալիս է Բարդողիմեոս Առաքյալը, ով, Սուրբ Հոգու տնօրինությամբ, ուշացել էր, որպեսզի նրա միջոցով առաքյալներն իմանային Տիրամոր՝ մարմնով երկինք փոխադրվելու մասին: Առաքյալը դառնորեն արտասվում է, որ մի վերջին անգամ չի արժանացել Տիրամոր տեսությանը: Նրան մխիթարելու համար բացում են գերեզմանը, եւ, ինչպես Հիսուսի հարության ժամանակ, այս դեպքում եւս տեսնում են թափուր գերեզմանը եւ հասկանում, որ Տերը երկնային արքայություն է վերափոխել Իր Մորը: Ի մխիթարություն Բարդողիմեոսի՝ նրան տալիս են Տիրամոր պատկերը, որը նա իր հետ բերում է հայոց աշխարհ: Ահա այս պատճառով է Բարդողիմեոս Առաքյալը պատկերվում Տիրամոր պատկերը ձեռքին, իսկ Թադեոս Առաքյալը՝ աստվածամուխ Սուրբ Գեղարդը ձեռքին, որը նա իր հետ Հայաստան էր բերել:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, հայոց եկեղեցիներում, այդ թվում եւ Սուրբ Յոթվերքում, կատարվեց նախատոնակ: Տարիներ շարունակ Սուրբ Կույսի Վերափոխման տոնը Գյումրիում համարվել է նրա անունը կրող եկեղեցու ուխտի օր: Ըստ ավանդության՝ Յոթվիրաց պատկերը մագաղաթի վրա պատկերել է Ղուկաս Ավետարանիչը: 1830 թ. Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսը պատկերը տանում է Էջմիածին՝ ժողովրդին երաշտից փրկելու համար: Հրաշագործ պատկերը, արդարացնելով Կաթողիկոսի սպասելիքները, ժողովրդին հանում է երաշտի ճիրաններից: Սակայն երբ սրբապատկերն ուշացնում են վերադարձնել, ալեքսանդրապոլցիները հոծ բազմությամբ գնում են Էջմիածին եւ այն ստիպողաբար հետ բերում Գյումրի (1852 թ.), ուր եւ պահվում է ցայսօր:

1851 թ. Ներսես Ե Կաթողիկոսի առողջական վիճակը վատանում է եւ կամենում է անձամբ համբուրել «Եօթնվիրաց սուրբ պատկերը»: Երազում տեսնում է, որ կարող է փրկվել, եթե Յոթվիրաց սրբապատկերին ուխտի գնա, սակայն վիճակը ծանր է լինում, ստիպված անհրաժեշտություն է առաջանում նկարը տանել Էջմիածին: Երբ նկարի առջեւ աղոթում է եւ ապա համբուրում, ապաքինվում է:

Օգոստոսի 15-ին Սուրբ Յոթվերքում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը՝ հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու սաղմոսասացությամբ, ի ցույց եւ ի երկրպագություն հավատացյալների, դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը: Թափորապետ Սրբազան Հայրը Վարդանանց հրապարակում, հավատացյալների ներկայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով, Ս. Ավետարանով եւ Ս. Յոթվիրաց պատկերով օրհնելով աշխարհի չորս կողմերը: Սրբազան արարողակարգի վերջում Սրբազան Հայրը հորդոր-պատգամով դիմեց ներկա հավատավոր ժողովրդին՝ ի մասնավորի նշելով. «Աստվածամոր Վերափոխման տոնը հիշեցնում է յուրաքանչյուր հայ մարդու, որ ինչպես ինքն ունի երկրավոր մայր, որից ծնվեց, դաստիարակվեց, լավագույն բաներն ստացավ, այնպես էլ ունի երկնավոր մայր՝ Աստվածամայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մայրը, որ մեծացրեց զավակին իր անարատ կաթով, ապա խաչի մոտ կանգնեց, տառապեց, սրտին յոթը վերք ստացավ: Նրա սիրտն այդ յոթը վերքին դիմացավ, իսկ երբ ննջեց, Որդին իջավ եւ մորը տեղափոխեց երկինք:

Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք, որպեսզի մեր ազգին, հայրենիքին, ժողովրդին հովանի լինեն ինքն ու իր Որդին՝ լիակատար ներկայությամբ ու զորությամբ: Սրբազան արարողությանը ներկա էին Երեւանից, Ջավախքից եւ Վրաստանի այլ շրջաններից եկած ուխտավորներ:

«ՀՈՎԻՏՆԵՐՈՒ ՇՈՒՇԱՆ, ԴԱՇՏԵՐՈՒ ԾԱՂԻԿ,
ՄԻԱՄՕՐԻԿ ՄԱՐԻԱՄ…»

Սուրբ Տիրամոր բարեխոսությանը կրկին դիմելու ակնկալությամբ էին ինչպես հայաստանյայց բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Գյումրու Ս. Աստվածածնում օգոստոսի 16-ին ի մի եկել հավատացյալ հայորդիները, ուր Վերափոխման Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ թեմակալ Առաջնորդի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա մեծաթիվ հավատավորներին, պատարագիչ Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին ու նշանակությանը՝ առանձնակի շեշտելով. «Աստվածաշնչի գրությամբ չավարտվեց Աստծո գործունեությունը մեր իրականությունից, մեր կյանքից ներս, այլ շարունակում է գործել, եւ մենք պարտավոր ենք այդ գործունեությունն արձանագրել՝ բանավոր կամ գրավոր: Ահավասիկ՝ այդպիսի մի գրավոր ավանդության մասին է խոսքն այսօր, ուր ասվում է, թե Տերը թույլ չտվեց, որպեսզի մոր մարմինը, ննջումից հետո, ապականություն տեսնի, հողին վերադառնա, հողի վերածվի, այլ տեղափոխեց երկինք՝ մեկ անգամ եւս մեզ հետաքրքիր նշան տալով մարդկային մարմնի հարաբերականության մասին, թե Տերը կարող է նաեւ նյութը վերածել աստվածայինի: Աստվածամոր միջոցով մենք ունենք հնարավորություն՝ հպվելու աստվածայինին, անըմբռնելիին, անիմանալիին, անհասկանալիին: Եթե ըմբռնելի, հասկանալի, ընդունելի լիներ մարդկային մտքին, աստվածային ստեղծագործություն չէր լինի, կլիներ սովորական, բնական երեւույթ, ինչպես բնական, սովորական երեւույթ է որեւիցե մեկի մարմինը հողին հանձնելը:

Բայց աստվածային միջամտությունը տալիս է գերբնական արդյունք, եւ այդ գերբնական արդյունքին ի տես եւ ունկնդիր՝ մենք այսօր փառաբանում ենք, մարդկության կողմից ծնված, այն մեծ դստերը, որին անվանում ենք Տիրամայր, շնորհակալություն հայտնում, որ իր միջոցով մեզ նվիրեց մարդացած Աստծուն, ում մենք խնդրում ենք ներել մեր հանցանքները: ...Մարդու կարեւորագույն ցանկություններից մեկը պետք է լինի սեփական հանցանքների համար ներում, թողություն ստանալը: Աստվածամոր Վերափոխման տոնի խորհուրդը մեկ անգամ եւս մեզ կոչում է ներում խնդրել: Մենք այսօր, սրբազան խորանի առջեւ, Տիրոջից ներում խնդրեցինք մեր եւ ձեր հանցանքների համար, որովհետեւ միայն Տերը կարող է ներում շնորհել: Ինչո՞ւ: Որովհետեւ միայն Տերը կարող է պատժել: Մարդը մարդուն պատժել չի կարող: Մարդուն թվում է, թե ունի իշխանություն եւ կարող է պատժել որեւիցե մեկի: Դա թվացյալ է: Այս աշխարհում ոչ ոք ոչ ոքի պատժել չի կարող՝ ինչ իշխանությամբ էլ օժտված լինի: Կարող է սահմանափակել, նեղությունների, զրկանքների մատնել, բայց պատժել իրեն տրված չէ: Սակայն մարդուն տրված է ներել: Աստված պատժելը թողնելով միմիայն Իրեն՝ ներելը տվել բոլորիս: Ինչո՞ւ. որովհետեւ Ինքը ներող է, պատժող չի: Մեզ թվում է, թե Տիրոջ պատիժը միշտ ուշանում է, բայց աստվածային պատիժը երբեք չի ուշանում, այլ լինում է ժամանակին: Նա մեզ ողողում է ոչ թե Իր պատժով, այլ ներողամտությամբ, քավությամբ, թողությամբ, ինչի համար Իր արյունը հեղեց խաչի վրա: Ուստի դրա համար մեզ պատգամում է. «Ներեցեք միմյանց, ինչպես Ես եմ ձեզ ներում»:

«ՀՕՐՄԷ ԿԹԵՑԱՒ ՄԵԶ ՈՂԿՈՅԶՆ ԱՆՍՊԱՌ…»
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, նախապատվությունը տվել է խաղողին: Ողկուզավոր բոլոր պտուղներից խաղողի հյութն առավել արժանի դարձավ օրհնության մեծագույն շնորհին՝ լինելով Միածին Որդու Փրկագործ արյան նյութը, որով գնվելով, ազատվեցինք մեղքի ու մահվան ծառայությունից: Խաղողի հյութն էր, որ, Վերնատանը ձեռքը վերցնելով, Տերն օրհնեց ու ասաց. «Այս է իմ արյունը»: Այս պտղի միջոցով կատարյալ օրհնություն ընդունեցին նաեւ նրան համասեռ բոլոր պտուղները: Այդ ժամանակից ի վեր որթատունկի պտուղը դարձավ Արարատյան դաշտի զարդը, համարվեց պտուղներից ազնվագույնը:

Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը. «Համեղաճաշակ պտղոյն բանաւոր բարունակ, Հօրմէ կթեցաւ մեզ ողկոյզն անսպառ յուրախութիւն տրտմելոյ ի ճաշակմանէ ծառոյն գիտութեան»: Սուրբ եւ անմահ Պատարագից հետո հանդիսավոր թափորը շարժվեց Վարդանանց հրապարակ, ուր Սրբազան Հայրը կատարեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը: Սուրբ Խաչով եւ Սուրբ Ավետարանով օրհնելով խաղողի ողկույզներով լի ամանները՝ նա առանձնակի ասաց. «Օրհնիր, Տե՛ր, այն որթատունկերն ու այգիները, որոնցից հայտնվեցին օրհնության այս ողկույզները եւ ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն: Բազմաբեր դարձրու դրանք, պտղաբերությամբ առատ ու բարեբեր: Անփորձ պահիր պատուհասներից, որոնք ի վերուստ իջնում են մեր մեղքերի պատճառով...»: Վերջում հավատացյալ ժողովրդին բաժանվեց օրհնված խաղողը: Ի դեպ, խաղողը եկեղեցուն նվիրել էր խաչքավոր Սեդրակ Հարությունյանը:

Սուրբ Աստվածամոր մշտամրմունջ բարեխոսությամբ թող Տերն ամենքիս պարգեւի շնորհ, սեր եւ խաղաղություն:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Օգոստոսի 17-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները