|
«ՈՐ Ի ԼԵՐԻՆՆ ԱՅԼԱԿԵՐՊԵԱԼ ՑՈՒՑԵՐ
ԶԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՔՈ ԶՕՐՈՒԹԻՒՆԴ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Երեւի Տէրդ այսօր աշակերտացն
ի զԹաբորականն լերինն,
եւ աշակերտքն զարհուրեալք աղաղակեն. Առա՛սցուք երիս տաղաւարս. մի
Քեզ,
Տէր, եւ մի Մովսէսի, եւ մի Եղիայի...»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 ազարեթ
քաղաքից ոչ հեռու գտնվող Թաբոր լեռան վրա տեղի ունեցավ Տիրոջ այլակերպության
իրադարձությունը, որը դրեց Ուղղափառ Եկեղեցու ամենասիրելի տոներից
մեկի սկիզբը: Տիրոջ Պայծառակերպությունը հանդիսացավ, մարդկային բնություն
ընդունած, Իր Որդու մասին Աստծո հայտնության մեծագույն գործողությունը՝
միաժամանակ վկայելով, թե որքան մեծ է աշխարհի վրա աստվածային շնորհի
ներգործության ուժը: Այլ կերպ ասած՝ այլակերպված Տերն Իր Առաքյալներին
երեւաց առանձնահատուկ, աստվածային փառքի մեջ, որպեսզի նրանց հոգում
ամրապնդի հավատն Իր նկատմամբ՝ որպես Աստվածորդու: Բացի դրանից, Տիրոջ
հետ աշակերտներին հայտնվեցին հին մարգարեներ Մովսեսն ու Եղիան:
Այս փաստը վկայում է, որ Հիսուս պատկանում է ոչ միայն երկրային,
ֆիզիկական աշխարհին, այլ նաեւ ժամանակից ու տարածությունից դուրս
է՝ պատկանելով հավերժությանը, իսկ Նրա բնությունն Աստվածային է:
Ըստ մեկնիչների՝ Հիսուս ցույց է տալիս Իր աստվածությունը, որպեսզի,
երբ խաչի վրա չարչարվի, աշակերտները չմեղանչեն՝ մտածելով, որ եթե
Աստված է եւ Աստծո Որդի, ապա ինչու է տանջանքներ կրում՝ Իրեն ազատելու
փոխարեն, այլ հասկանան, որ փառքն ի սկզբանե ուներ եւ ոչ թե չարչարանքների
գնով ձեռք բերեց: Իսկ չարչարանքները ոչ թե հարկադրաբար էին, այլ
կամավոր՝ հանուն մարդկության մեղքից ազատագրման: Աստծո Որդին Իր
փառքը ցույց է տալիս նաեւ, որ հալածանքների ժամանակ աշակերտները
հիշեն, թե Տիրոջ անվամբ չարչարվողները նույնպես փառքի են արժանանալու:
ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հիսուս,
Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես Առաքյալների հետ, մի երեկո հեռանում
է քաղաքից եւ բարձրանում լեռը՝ աղոթելու: Նա աղոթում էր, իսկ քիչ
այն կողմ աշակերտները քնած էին: Սակայն այս ժամանակ է, որ տեղի է
ունենում մի ինքնօրինակ տեսիլք. Հիսուս այլակերպվում է, երեսի տեսքը
փոխվում, դեմքը կորցնում է իր նախկին համեստությունը, մի վեհ, փառավորյալ
ու չտեսնված լուսավոր կերպարանք է ստանում, որից սկսում են ճառագայթներ
ցոլալ՝ ասես լուսասփյուռ մի արեգակից: Հանդերձները եւս ճերմակում
են՝ դառնալով ձյունասպիտակ:
Պայծառակերպության այս նորօրինակ տեսիլքին մեկ այլ հրաշալի հանգամանք
էլ է ավելանում: Երկու մարդ են երեւում՝ Մովսեսն ու Եղիան, ովքեր
սկսում են խոսել Նրա տնօրինություններին հաջորդող ընթացքի մասին.
«Եւ ահա արք երկու խօսէին ընդ նմա, որ էին Մովսէս եւ Եղիա: Երեւեալ
փառօք, եւ ասէին զելիցն նորա զոր կատարելոց էր յԵրուսաղէմ (Ղուկ.
Թ 31-32): Թե՛ Մովսեսը եւ թե՛ Եղիան նույնպես փառավորյալ տեսք ունեին:
Այլակերպությունն Առաքյալների համար լինելու էր ապրած կյանքի ամենանվիրական
պահը եւ տարիներ շարունակ նրանք պահելու էին այդ հուշը՝ որպես անցյալից
եկող զմայլելի պատկեր: Պետրոս Առաքյալը, տարիներ հետո միայն, որպես
վկա, գրելու էր լույսի տպավորության մասին. «Եւ զայս բարբառ մեք
իսկ լուաք եկեալ յերկնից, որ ընդ նմա իսկ էաք ի սուրբ լերինն» (Բ
Պետրոս Ա 18-19): Եկեղեցու Հայրերը, Այլակերպության տոնի մեջ տեսնելով
աստվածահայտնության լավագույն դրսեւորումը, այն դասելու էին տաղավար
տոների շարքին, իսկ Գրիգոր Լուսավորիչը, հայեցի շունչ տալու համար,
մի հեթանոսական տոն էր միաձուլելու դրա հետ եւ մեզ համար նույն տոնը
կոչվելու էր նաեւ Վարդավառ:
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավարներից երրորդը հավատավոր հայորդուն
է մեկնում Տիրոջ պայծառակերպության կամ այլակերպության խորհուրդը,
որը, համաձայն եկեղեցական տոնացույցի, մեծ շուքով նշվում է հրաշափառ
Սուրբ Հարությունից իննսունութ օր հետո: Պայծառակերպության տոնը
կամ, ինչպես ժողովրդն է անվանում, Վարդավառն այս տարի տոնախմբվեց
հուլիսի 12-ին: Տոնի ուրախ առիթով հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի
թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Արդեն մի քանի տարի է, ինչ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության տոնը
հայտարարել է Ս. Ամենափրկիչ եկեղեցու ուխտի օր: Համաձայն նորահաստատ
ավանդության՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր Մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը,
«Տեր, բարվոք է մեզ աստ լինել» բնաբանով, ոգեշինիչ քարոզ խոսեց՝
մեկնելով օրվա խորհուրդն ու տոնի մանրամասները:
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ
Ազգային սովորույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում, եւ
դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի,
նրա պատմության ու մշակույթի մասին: Տոնը հայտնի է նաեւ Վարդավառ,
Վարդեւոր ժողովրդական անվամբ: Վարդավառի օրվա ժողովրդական սովորությունն
է միմյանց վրա ջուր ցողելը: Անշուշտ սա, իր սկզբնական ծագմամբ, ոչ
մի աղերս չունի քրիստոնեության հետ: Պարզապես քրիստոնեությունը,
ժողովրդի մեջ տարածված եւ հեթանոսությունից մնացած, այս սովորությունը
պահպանել է՝ այն զրկելով հեթանոսական իմաստից, որպեսզի մարդիկ, պահելով
ժողովրդական գեղեցիկ սովորությունները, միեւնույն ժամանակ չշեղվեն
ճշմարիտ աստվածպաշտությունից:
Վարդավառը
զուգադիպում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի
օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը
կարկտից եւ մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «խաչբուռներ» էին
պատրաստում: Դրանք լինում էին խաչաձեւ, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման
եւ այլն: Եկեղեցու բեմն ու Սուրբ Սեղանը զարդարում էին հազարավոր
ծաղիկներով ու վարդի փնջերով:
Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին
տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին
երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտրին, նույն աշնանը հարսնության
էին տանում նրան:
Տոնի ուրախ պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Ուստի հետեւենք
Սուրբ Եղիշե վարդապետի խոսքերին, ով ասում է. «Դու անսահման սիրով
ու մարդասիրությամբ լի ես, Տե՛ր: Չնայած մենք մեղանչեցինք, սակայն
Սուրբ Ավազանի արգանդից դեպի Քեզ դարձանք, եւ մեզ համար չկան օտար
աստվածներ: Դու ես մեր Հայրը, Տեսուչն ու Հովիվը, դարձիր դեպի մեզ,
մեր Փրկիչ Աստված, եւ մեզնից ետ դարձրու Քո պատուհասի ցասումը, որովհետեւ
եթե ըստ մեր գործերի հատուցես մեզ, մենք մեր չար գործերով հանապազ
ապականեցինք մեր հոգին: Բայց ողորմությամբդ ողորմիր մեզ, Տեր, եւ
փրկիր մեզ քո մեծ ողորմությամբ»:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Հուլիսի 13-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց
հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողությանը մասնակցեց նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ
Տ. Միքայել աքեպս. Աջապահյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|