| «ՏԷՐ,
ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՉՈՐՍ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ
 արդ
արարածը, երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին, մի ուխտավոր
է, եւ ուխտագնացությունը նրան պահում է մշտնջենական ու հավիտենական
երդման դաշինքի՝ Ամենաբարձրյալին հասնելու զգացման մեջ: Անշուշտ,
Եկեղեցին մեր հայրենիքն է, հայրենիքը՝ Եկեղեցին, որ մշտանորոգ ու
սուրբ պետք է լինի ամեն հայի համար: Այս գաղափարին հավատարիմ՝ հուլիսի
18-ին, Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ
մեկնեցին Տավուշի թեմի սրբավայրեր՝ իրենց ուխտը նորոգելու:
ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Վաղ առավոտյան ուխտավորներիս խումբը հանգրվանեց Հաղարծնի վանական
համալիրում: Տեղ հասնելով՝ մենք ականատես եղանք, Հայաստանի հրաշագեղ
բնության անբաժանելի մասնիկը կազմող, վանական համալիրի անմեկնելի
վեհությանն ու գեղեցկությանը: Հազար տարուց ավելի պատմություն ունի
այս վանքը: Ավանդությունը վկայում է, որ Գագիկ Ա Բագրատունի թագավորը,
կառուցելով համալիրը, ասում է. «Հաղարծնի ձորը մի մատանի է, կառուցելով
այս վանքը ես դրեցի նրա ակը»:
Հաղարծնի վանական համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցիներից: Ս.
Գրիգորն ամենահինն է՝ կառուցված 10-11-րդ դարերում: Ժամատունը գտնվում
է եկեղեցու արեւմտյան կողմում՝ կառուցված 13-րդ դարասկզբին, Իվանե
Աթաբեկի որդի Սարգիս Զաքարյանի կողմից: Ս. Աստվածածին եկեղեցին գլխավորն
է եւ ամենամեծը: Այն կառուցվել է 1071 թվականին: Ս. Ստեփանոս եկեղեցին
կանգնած է առանձին՝ Ս. Գրիգոր եկեղեցուց դեպի արեւելք:
Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն
խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր
Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Հաղարծին
վանքն ավելի քան հազար տարի իր ներդրումն է ունեցել հայոց հոգեւոր,
ազգային, մշակութային կյանքի առաջընթացին: Ուխտագնացների մեր խումբն
այստեղ աղոթք առաքեց առ Աստված, ապա շրջեց համալիրի եկեղեցիներով,
մատուռներով, դիտեց խաչքարերը, վանական համալիր առաջնորդող խաչքարերի
ճեմուղին:
ԳՈՇԱՎԱՆՔ
Իջեւանի
տարածաշրջանի Գոշ գյուղում է գտնվում Գոշավանքը, ուր այցելողի հոգուն
երկնային թովիչ խաղաղություն է իջնում: Զորավոր է, որովհետեւ վանքի
հիմքն ու շաղախը սերն է, խնդրակատար է, որովհետեւ աղոթքն առ Աստված
լսելի է: Եթե արաբ շեյխը, ականջը մոտեցնելով Հաղարծնի պատին, ասել
է. «Ես լսեցի Աստծո ձայնը», ապա Գոշավանքում զգալի է Տիրոջ ներկայությունը:
Ուխտավորներից շատերը վառեցին իրենց հավատի մոմերը եւ ծնրադիր աղոթեցին՝
Բարձրյալից հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:
ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Երրորդ հանգրվանը Մակարավանքն էր՝ կառուցված 10-13-րդ դարերում:
Միանշանակ Հայաստանը մի մեծ թանգարան է՝ բաց երկնքի տակ: Այդ թանգարանի
մի հատվածն էլ ամփոփված է Արեւելյան Հայաստանի Աղստեւ գետի հովտի
գեղատեսիլ, բնական պաշարներով հարուստ տարածքում: Մակարավանքի հուշարձանախմբի
մեջ են մտնում հին եկեղեցին, գլխավոր եկեղեցին, գավիթը, մատուռը,
տապանատունը, նշխարատունը եւ այլ օժանդակ շինություններ:
Գլխավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին 10-րդ դարի կառույց է եւ
պատկանում է գմբեթավոր սրահատիպ ճարտարապետական կառուցվածքին: Գլխավոր
խորանի կիսակլոր պատի մեջ քանդակված է տասներեք գոգավոր խորշ՝ իրարից
բաժանված կամարակապ որմնասյուներով: Եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի
որդի Վարդանը, խաչքարը կանգնեցվել է եկեղեցու կառուցումն ավարտելուց
հետո՝ ի հիշատակ կառուցողի եւ աջակցողների: Օծվել է Ընդհանրական
Եկեղեցու Սուրբ Մակար Եգիպտացու (Մակար Մեծ, 301-391) անունով: Եկեղեցու
հյուսիսային պատին առկա է արձանագրություն: Այն պատմում է Վաչե Ամբերդցու
մասին: Նշենք, որ Մակարավանքն անվանվել է նաեւ Ագռավավանք: Ուխտավորների
մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված եւ վառեց իր հավատի մոմերը:
ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Վերջին հանգրվանը Վանաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցին
էր: Այն վերակառուցվել է 1831 թվականին: Այստեղ ուխտավորները ներկա
գտնվեցին երեկոյան ժամերգությանը, որից հետո, զորացած հոգիներով,
բռնեցին տունդարձի ճամփան:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|