| «ԱՌԱՔԵԱ,
ՏԷՐ, ԶԼՈՅՍ ՔՈ ԵՒ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՍ ՔՈ…»
ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ
ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Սուրբ ճգնաւորօքն աղաչեսցուք
զՏէ՛ր, որք զչարսն պարտեցին, նեղութեանցն
համբերեցին, լուսեղէն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն:
Աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի՛ Ամենակալ
Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ
րիստոնեության
մեջ մեծ տեղ է գրավում սրբության գաղափարը, քանզի հենց Տերը պատգամում
է. «Սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»: (Ղեւտ.
ԺԹ. 44): Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում հանդիպում ենք սրբությամբ
ապրող բազմաթիվ կերպարների, որոնք, աստվածային ներշնչմամբ, մարդկանց
ուղղորդում են դեպի սրբություն: Հաղթական Եկեղեցու վառ ներկայացուցիչներից
մեկն էլ, Հայոց Եկեղեցու պարծանքն ու առաջին հայ նախամարտիրոսուհի,
Սանդուխտ կույսն է, ով քրիստոնյա է դարձել Թադեոս Առաքյալի քարոզչության
արդյունքում: Սուրբ Թադեոսը, Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի հետ, համարվում
է հայոց երկրի առաջին լուսավորիչը, ով տարածեց քրիստոնեության լույսը
Հայաստանում:
Ըստ մեր ազգային ավանդության՝ Թադեոս Առաքյալը նախ գնում է Եդեսիա,
ուր, ըստ Քրիստոսի խոստման, բժշկում եւ քրիստոնյա է դարձնում Աբգար
թագավորին: Տարբեր երկրներում քարոզչությունից հետո, հայոց Սանատրուկ
թագավորի օրոք, նա գալիս է Մեծ Հայք: Մինչ այդ՝ նա քրիստոնեություն
է քարոզում նաեւ հարեւան Կապադովկիայում եւ այնտեղի համար եպիսկոպոս
ձեռնադրում իր աշակերտ Թեոփիլոսին: Սուրբ Թադեոսը հասնում է Վասպուրական
նահանգի Արտազ գավառը, ուր այդ ժամանակ գտնվում էր Սանատրուկ արքան:
Առաքյալը պատեհ առիթ է ունենում պալատ մտնելու: Իր մուտքն ապարդյուն
չի անցնում: Թադեոսի քարոզչությամբ հայոց Սանատրուկ արքայի դուստրը`
15-ամյա Սանդուխտը, ի թիվս այլոց, հորից թաքուն հավատում է Քրիստոսին
եւ հետեւում Առաքյալին, որը, սակայն, բացահայտվում է հեթանոս հոր
կողմից եւ դառնում հալածանքի պատճառ:
Սանատրուկը, որ սկզբում ամեն ջանք գործադրում է սիրեցյալ դստերը
վերադարձնելու հեթանոսական կրոնին, տեսնելով իր անզորությունը, հրամայում
է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում
է արքայադստեր սիրտը: Սրբազան ավանդության համաձայն՝ երեք օր Սանդուխտի
մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում, մինչեւ որ Թադեոս Առաքյալը
հողին է հանձնում, իսկ հետագայում ինքը եւս նահատակվում է: Թադեոսին
գցում են առյուծների առաջ՝ հոշոտվելու, սակայն գազանները նրան չեն
վնասում, որից հետո գցում են կրակի մեջ: Աստվածային հրաշքով այս
անգամ էլ նրան ոչինչ չի պատահում: Ի վերջո, վճռվում է նրան սրով
սպանել, ինչն ի կատար է ածվում: Մոտակա վեմը ճեղքվելով՝ Առաքյալի
մարմինն իր մեջ է առնում եւ փակվում:
Սրբերի նահատակությունը տեղի է ունեցել Արտազ գավառի Շավարշան (հետագայում՝
Մակու) քաղաքի մոտ: 5-րդ դարում Հովհան Մանդակունի Կաթողիկոսի եւ
Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով ճգնավորը, որ բնակվում
էր Շավարշանի մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը
եւ, մի քահանայի հետ փորելով, տեսիլքով մատնանշված տեղերից գտնում
է սուրբ նշխարները: Սուրբ Սանդուխտը թաղված է եղել Նարեկ վանքում,
որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է, իսկ Սուրբ Թադեոս Առաքյալի
գերեզմանն այժմյան Իրանի տարածքում գտնվող Սուրբ Թադեի վանքում է:
Ըստ Օրմանյանի վկայության՝ Սուրբ Սանդուխտի հիշատակը հին տոնացույցում
առանձին է նշվել, հետո է միայն միացվել Թադեոս Առաքյալի հիշատակին:
Հայ Եկեղեցին Սուրբ Թադեոս Առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում
է երկու անգամ. նախ՝ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի, ապա Սուրբ Սանդուխտ
կույսի հետ` Տիրոջ Պայծառակերպության տոնին հաջորդող շաբաթ օրը:
Շուրջ 3500 հոգի, տեսնելով այն բազմաթիվ հրաշքները, որ գործում էր
Սուրբ Թադեոսն իր քարոզչության ընթացքում, քրիստոնյա է դառնում:
Ահա հենց այս Սրբերի՝ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի անվան
հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը, որոնք դարձան
հայ քրիստոնյայի եւ Աստծո միջեւ միջնորդներն ու կենդանի կրողներն
իրական քրիստոնեության, եւ որոնց կյանքը մինչ օրս լավագույն օրինակն
է բարոյականության ու առ Աստված տածած անսասան հավատքի:
Ինչպես ասել է Սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ «Սրբերը Եկեղեցու գանձերն
են՝ լի թանկագին մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում
է, հագուստը՝ մաշվում, տները՝ փլվում, իսկ հոգեւոր հարստությունն
այն է, որ Սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»: Այսպիսով՝
առաքյալների ու նրանց գործակից հետեւորդների քարոզչությամբ, մենք՝
հայերս, աշխարհում առաջինն ազգովի քրիստոնյա դարձանք՝ քրիստոնեությունն
ընդունելով որպես պետական կրոն:
Հուլիսի 18-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ Կույսի տոնի ուրախ
առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|