| «ՏԷՐ,
ԲԱՐՒՕՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԳԱՆՁԱՍԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ՝ ԱՅԼԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ
Հոգւոյն Սրբոյ. ամէն»: «Տէր, բարւօք է մեզ աստ լինել»:
«Տեր, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք»:
իրելի՛ք,
այսօր պայծառակերպության տոնն է մեր Տիրոջ՝ Վարդավառ, երբ հիշատակում
ենք, թե ինչպես մեր Տերը, Իր հետ վերցնելով երեք աշակերտներին, բարձրացավ
Թաբոր լեռը եւ այնտեղ պայծառակերպվեց, եւ Իր հագուստները դարձան
սպիտակ՝ ինչպես լույս, եւ Իր դեմքը պայծառացավ եւ ցույց տվեց աշակերտներին
Իր աստվածային փառքը, որ մինչ այդ չէին տեսել: Մինչ այդ տեսել էին
Նրան որպես վարդապետ, որպես ուսուցիչ, որպես մարդ, բայց չէին տեսել
որպես Աստված, եւ Թաբոր լեռան վրա այդ աստվածային փառքը հայտնվեց
աշակերտներից երեքին՝ Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին: Եվ այդ
պահին Պետրոսն այդպես բացականչեց. «Տե՛ր, ինչ լավ է, որ մենք այստեղ
ենք: Ինչ լավ է, որ մենք կարողացանք տեսնել Աստծո փառքը, ինչ լավ
է, որ մենք կարողացանք հաղորդակից լինել Աստծուն, ինչ լավ է, որ
մենք կարողացանք հարաբերվել Աստծո հետ այսքան ուղղակի եւ անմիջական
կերպով»:
Եվ երբ այսօր հիշատակում ենք այս տոնը, որը նաեւ սքանչելի ժողովրդական
տոնախմբության է վերածված՝ որպես Վարդավառի տոնակատարություն, մենք
նույնպես ձայնակից ենք դառնում Առաքյալին՝ ասելով. «Տե՛ր, ինչ լավ
է, որ մենք այստեղ ենք: Ինչ լավ է, որ մենք այսօր եկեղեցում ենք,
Սուրբ Պատարագին ենք մասնակից եւ հաղորդակից, Սուրբ Հաղորդության
բաժակի հետ հարաբերվելով՝ կարողանում ենք տեսնել Քո աստվածային փառքը
եւ անմիջականորեն հաղորդակից դառնալ Աստծո հետ՝ ինչպես երեք Առաքյալները
Թաբոր լեռան վրա»:
Ուստի այսօրվա տոնակատարությունը, որ Հայ Եկեղեցվո տաղավար, այսինքն՝
գլխավոր տոներից է, այս տարի հուլիսի 3-ին համընկավ եւ ամբողջ Հայաստան
ու Արցախ աշխարհում այսօր նշվում է գեղեցկորեն ու ժողովրդական կերպով,
ի մասնավորի մեզ համար յուրահատուկ իմաստ ու բովանդակություն է ստանում:
Եվ երբ բացականչում ենք «Տե՛ր, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք»՝
Պետրոս Առաքյալի խոսքերով, նաեւ ի նկատի, ի մտի ունենք այն, որ այսօր,
Գանձասարի օծման 765-րդ ամյակի օրը, որովհետեւ Գանձասարի վանքն օծվել
է 1240 թվականի հուլիսի 22-ին, Վարդավառի տոնին ու այսօր Գանձասարի
օծման 765-ամյակն է լրանում, մենք բացականչում ենք. «Ինչ լավ է,
Տե՛ր, որ այսօր այստեղ ենք՝ Գանձասարի այս վանքի խորախորհուրդ մթնոլորտի
մեջ՝ հարաբերվելու Քո անքնին խորհրդի հետ, հարաբերվելու, Գանձասարի
միջոցով, Քեզ հետ եւ մեկ անգամ եւս վկայելու Քո պայծառակերպության,
Քո աստվածային փառքի մասին»:
Բայց այդ թվականը նույնպես կդառնար մեզ համար սոսկ նշելի, հիշատակելի
ու անցնելիք թվական, եթե Գանձասարի վանքը մեր կյանքում, մեր կենսագրության
մեջ իր ուրույն, յուրահատուկ տեղը չունենար:
1989-90 թվականներին այս Սուրբ Խորանը շատ ենք բարձրացել եւ գրեթե
ամեն կիրակի Ս. Պատարագ ենք մատուցել՝ Գանձասարի 1989 թ. հոկտեմբերի
1-ի վերաբացումից սկսած: Եվ 1990 թվականից հետո տեղափոխվելով ծառայության
այլ վայրեր՝ մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել մեր այս սրբազան
վանքի հետ, մշտապես այցելել ենք: Բայց այսօր, ի մասնավորի 1992 թվականից
հետո, այսինքն՝ 13 տարի անց, եւս մեկ անգամ Աստված մեզ պատիվ ընծայեց
բարձրանալ Գանձասարի այս Ս. Խորանը եւ հաղորդակից լինել Իր Աստվածային
փառքին: Եվ դրա համար բացականչում ենք վերստին. «Տ՜ր, ինչ լավ է,
որ մենք այստեղ ենք»: Հատկապես եւ մասնավորապես այս բացականչությունը
հուժկու բովանդակություն է ձեռք բերում, երբ տեսնում ենք հարաճուն
պայծառակերպությունը ե՛ւ Գանձասարի վանքի, ե՛ւ ողջ Արցախ աշխարհի:
Հարաճուն կերպով պայծառակերպվում են Արցախ աշխարհն ու Գանձասարի
վանքը: 1989 թվականին մենք շատ բան երազում էինք, բայց դա մնում
էր երազանք: Այսօր, Աստծու օգնությամբ, Աստծու օժանդակությամբ, Արցախի
թեմի Առաջնորդի բարեջան հոգածության, վանահոր՝ Տ. Հովհաննեսի քրտնաջան
աշխատանքի շնորհիվ՝ Գանձասարի վանքն այն է, ինչ մենք երազում էինք
1989 թվականին. բարեշեն, պայծառ, գեղեցիկ, ուխտավորներով լեցուն,
բանուկ ճանապարհ...
Բոլոր այն երազանքները, որոնք կային եւ ունեինք մենք, որպես երիտասարդ
վարդապետ 89-ին, այսօր իրականություն են դարձել: Տեսնում ենք մեր
վանքի պայծառակերպությունը, որ մեզ համար բերկրանքի առիթ է: Տիրոջ
Պայծառակերպության կողքին այս մեր սքանչելի տաճարի պայծառակերպությունը
տեսնելով՝ իրոք ուրիշ բան չի մնում մեզ ասել կամ բացականչել, բացի
նրանից, որ «Տե՜ր, ինչ լավ է, որ մենք այսօր այստեղ ենք»:
Թող Աստված ուժ եւ կարողություն տա Արցախի թեմի Առաջնորդ մեր սիրելի
Սրբազան եղբորը՝ Պարգեւ Սրբազանին, մեր սիրելի Տ. Հովհաննես քահանային,
իր բոլոր գործակիցներին, ովքեր այս աղոթքի տունն այսպես պայծառ ու
շեն են պահում:
Մեր մաղթանքն ու օրհնությունն է, որ Արցախի թեմը, Գանձասարի վանքի
օրհնությամբ եւ օրհնաբեր ներկայությամբ, օրըստօրե ավելի պայծառանա,
ավելի պայծառակերպվի, եւ ուխտավորները, ովքեր այստեղ կաղոթեն, Պետրոսի
հետ, մեզ հետ ձայնակից լինեն՝ ասելով. «Տե՛ր, ինչ լավ է, որ մենք
այստեղ ենք»:
Աստված թող օրհնի Հայստանի անբաժան մաս Արցախ աշխարհը, ժողովրդին,
իշխանություններին, հոգեւորականությանը, ամենքին՝ Իր աստվածային
օրհնությամբ ու փառքով. ամեն:
3 ՀՈՒԼԻՍԻ 2005 Թ.
>>>
|
|