Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

«ԵՂԻՐ ԵՒ ԾՆԱՒ ՈՒԽՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔ

ունիսի 27-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի, նրա տիկնոջ Աշխենի եւ Խոսրովիդուխտի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ասյա Մինասյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Վայք: Վաղ առավոտյան՝ ժամը 6:00-ին, ուխտավորների խումբը, օրվա խորհրդով լցված, մեկնեց Վայք՝ ներկա գտնվելու Ս. Տրդատ եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՅՔՈՒՄ

Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թվականին եւ օծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այստեղ Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը: Ի լրումն օրվա խորհրդի՝ կատարվեց խոստովանություն, եւ բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց մատաղօրհնության կարգ, եւ մատաղը բաժանվեց ներկա հավատացյալներին:

ՆՈՐԱՎԱՆՔ

Ուխտավորների հաջորդ կանգառը Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստ, Օրբելյանների հոգեւոր կենտրոն ու դամբարանավայր, նաեւ Հայ Եկեղեցու ճարտարապետության ամենանշանավոր կառույց, 13-14-րդ դարերի վանական համալիր Նորավանքն էր: Համալիրի գլխավոր՝ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը՝ 1218-1223 թվականներին:

Այստեղ ուխտավորները ծանոթացան վանական համալիրի պատմությանը, գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված եւ շարունակեցին ճանապարհը դեպի Մարտիրոս գյուղ:

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԵԿԵՂԵՑԻ

Երրորդ կանգառը Մարտիրոս գյուղի՝ 1856 թվականին կառուցված, Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն եղել է խոնարհված եւ վերակառուցվել է 1980-90 թթ.: Կենտրոնում վեր է խոյանում նեղ ու սլացիկ գմբեթը, որի վրա քանդակված են սրբապատկերներ: Եկեղեցու արեւմտյան մուտքի մոտ կա խաչքար, որի վրա առկա է հետեւյալ արձանագրությունը. «Եկեղեցին կառուցվել է 1283 թ., Մխիթարի որդի Պռոշ իշխանի եւ նրա որդի Ամիրհասանի հրամանով», իսկ մուտքի դռան վերեւի մասում գրված է. «Հիսուս Քրիստոսի Ս. Վկայարան՝ Երկրորդ Երուսաղեմ»: Այստեղ է գտնվում Երուսաղեմից բերված Տիրոջ խաչելության պատկերը:

Ուխտավորները Բարձրյալից խնդրեցին, որ Տերը խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր սրբազան երկիրն ու հայ ժողովրդին: Եկեղեցու հարավային կողմում է գտնվում նաեւ Ս. Հռիփսիմե եւ Ս. Գայանե մատուռը:

ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Ջերմուկի՝ 2007թ. կառուցված, Ս. Գայանե եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, խնկարկեցին, միասնական աղոթեցին առ Երկնային Տերը՝ խնդրելով ազատություն անարդարությամբ կալանավորված մեր սիրելի Սրբազան Հայրերին, Սամվել Կարապետյանին, Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին եւ ազատությունից զրկված մնացած նեղյալներին:

ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ եւ վերջին հանգրվանը Արենի գյուղի՝ 1840 թ. կառուցված, Ս. Աստվածածին եկեղեցին էր, որը վերանորոգվել է 1997 թվականին եւ օծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՍՅԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները