Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

Ո՞ՒՄ ՆՎԵՐՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎԸ

րեւելյան ծովի մոտ, վարդերի հեռաստանում, Վոնսան քաղաքի մոտակայքում կար մի տուն, ուր ապրում էր գեղեցիկ եւ խելացի, արեւային աղջիկ Ան Ռան Դյուն: Սիրեցին նրան երեք պատանի, երեք ընկեր: Ան Ռան Դյուն երկար մտածում էր, թե ում հետ ամուսնանա: Գնաց նա ծեր իմաստուն գուշակի մոտ, որ ապրում էր Սեւ վիշապի լեռնանցքում: Իմաստունը զարդատուփից երեք ոսկեդրամ հանեց, որպեսզի աղջիկը դրանք տա պատանիներին, որ նվեր գնեն, եւ ումն ամենալավը լինի` նա էլ ընտրյալն է: Աղջիկը վերադարձավ տուն, պատանիներին կանչեց իր մոտ, յուրաքանչյուրին տվեց մեկ ոսկեդրամ ու ասաց.

- Գնեք ամուսնական նվերներ. ումն ամենաարժեքավորը լինի, նրա հետ էլ կամուսնանամ: Մի տարի կսպասեմ: Դուք պիտի վերադառնաք միասին նույն օրը:

Երեքն էլ շատ հեռու գնացին՝ Չինական պատից անդին, մինչեւ մոնղոլական անապատներն ու տափաստանները, վիթխարի տարածությունների, հիասքանչ պարտեզների ու պարզկա արեւի երկիրը: Նրանցից մեկը Չինաստանում մի հայելի գնեց, որը հիասքանչ էր եւ որի միջոցով հնարավոր էր տեսնել ցանկացածին, իմանալ, թե ինչ է նրա հետ պատահել կամ ինչ է անում: Պատանին մտածում էր. «Միշտ կտեսնեմ Ան Ռան Դյուին, ուր էլ որ լինեմ, եւ նա էլ միշտ կտեսնի ինձ, ուր որ ես լինեմ»:

Մյուսը Մոնղոլիայում ուղտ գնեց, այնպիսի ուղտ, որ եթե նստես վրան, անմիջապես ուզածդ տեղում կլինես: Նա մտածեց, որ սերն ապացուցող առավել լավ նվեր չի կարող լինել: Չէ՞ որ հենց կամենաս, կլինես գեղեցկուհի Ան Ռան Դյուի մոտ: Իսկ երրորդ պատանին պարզկա արեւի, վիթխարի տարածությունների եւ հիասքանչ պարտեզների երկրում մի խնձոր գնեց: Եթե մեկը հիվանդանա, ապա պիտի ուտի այդ խնձորը եւ տեղնուտեղը կազդուրվի: «Իսկ հանկարծ եթե Ան Ռան Դյուն հիվանդանա՞»,- մտածում էր պատանին:

Հավաքվելով պայմանավորված տեղում, նրանք սկսեցին խոսել Ան Ռան Դյուի եւ նրա համար նախատեսված նվերների մասին: Պատանիները կարոտել էին աղջկան (տարին արդեն լրացել էր), եւ որոշեցին նայել հայելուն, տեսնել նրան, իմանալ, թե ինչ է անում: Նայեցին եւ դժգունեցին: Ան Ռան Դյուն մահանում էր: Նրանք նստեցին ուղտին եւ հայտնվեցին աղջկա տան առջեւ: Իջնելով ուղտից՝ նրանք տուն մտան եւ կանգնեցին Ան Ռան Դյուի անկողնու մոտ: Աղջիկը հանգչում էր, բայց, տեսնելով պատանիներին, գլխով արեց, ասես հրաժեշտ էր տալիս, եւ արցունքներն աչքերից վար հոսեցին:

- Նվերները բերեցիք, բայց ո՞ւմ են դրանք պետք:

Երրորդ պատանին խնձորը մեկնեց նրան եւ ասաց, որ նա արագ ուտի: Ան Ռան Դյուն կերավ խնձորը եւ միանգամից շառագունեց, զվարթացավ, ժպտաց պատանիներին ինչպես նախկինում, եւ բոլորի սրտերում լույս իջավ: Ան Ռան Դյուն ելավ, մոտեցավ բաց պատուհանին, նայեց բարձր լեռնակատարներին, ծաղկած խնձորենիներին, ծովի շողշողացող հայելուն եւ, շրջվելով դեպի պատանիները, խնդրեց նրանցից յուրաքանչյուրին պատմել իր նվերի մասին, չէ՞ որ մի տարին անցել էր: Լսելով պատմությունները` Ան Ռան Դյուն պատանիներին հարցրեց. «Դե, ո՞ւմ հետ ես ամուսնանամ»:

Բայց ընկերները չկարողացան պատասխանել: Այդժամ Ան Ռան Դյուն, հոգոց հանելով, նրանց ասաց. «Ինքներդ որոշեք: Դուք բոլորդ ինձ օգնեցիք ձեր նվերներով»:

Երեք օր ու երեք գիշեր, ծովի ափին, խարույկի մոտ նստած, պատանիները մտածում էին եւ չէին կարողանում որոշել, թե երեքից ո՞ւմ գերապատվություն տալ: Այդժամ Ան Ռան Դյուն կանչեց նրանց: «Եթե ես ճիշտ ընտրություն կատարեմ,- ասաց նա,- հինավուրց զանգը, որ միշտ հնչեցրել են, երբ հարկ էր բարդ ու դժվար խնդիր լուծել, թող ինքնուրույն հնչի: Դուք իսկական ընկերներ ու բարեկամներ եք, եւ դա ապացուցեցիք ձեր նվերներով: Միասին, շնորհիվ ձեր ընկերության, կարողացաք ինձ օգնել ծանր պահին: Բայց ես կամուսնանամ նրա հետ, ով ինձ նվիրեց խնձորը: Դուք, նվերներ ընտրելիս, մտածում էիք ձեր մասին, իսկ խնձորի տերը չէր մտածում իր մասին, այլ մտածում էր միայն իմ մասին»:

Այդ պահին օդում ծավալվեց հինավուրց զանգի ղողանջը, եւ արեւային Ան Ռան Դյուն ամուսնացավ այն պատանու հետ, ով իրեն խնձոր էր նվիրել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները