| ՈՎ
ՀԱԿԱՌԱԿՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ
ԷՋՄԻԱԾՆԻՆ՝ ՀԱԿԱՌԱԿ Է ԱՍՏԾՈՒՆ
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Աստուած զօրութեանց, դարձ,
հայեաց յերկնից եւ տես, այց արա այգւոյս այսմիկ
եւ դարման տար սմա, զոր տնկեաց աջ քո»:
ՍԱՂՄՈՍ ՀԹ (79) 15-16
նձ
մշտապես այնպես է թվում, թե Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը ոչ թե կառուցվել
է հողի վրա, այլ աներեւույթ մի պարանով կախված է երկնքից եւ աշխարհի
բոլոր ծագերում ապրող հայերի աչքերի առջեւ է, իսկ նրա շողարձակ գմբեթը
կանչող զանգեր է տարածում: Հիրավի, հայոց երկրում աստվածատունկ կորուսյալ
Դրախտը վերագտնվեց, բովանդակ Հայաստանը դարձավ երկիր դրախտավայր,
որի հենց սրտում, ինչպես եդեմական պարտեզում, կենսատու ձեռամբ աստվածամարդու,
տնկվեց Կենաց Ծառը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տաճարն Աստծո, տունն
անշարժ եւ աթոռը քահանայապետության: Արդարեւ, պաշտելի Մայր Էջմիածինը
բազում խորհրդոց մի լույս խորհրդանոց է, ուստի նաեւ ամոքիչ է ու
բալասան ամենայն ցավի:
Ամենագետ է Աստված, եւ Ինքն է քննում մարդկանց սրտերը, եւ միայն
Տիրոջն է հայտնի գալիքը: Աստվածային տնտեսության մեջ տեղի ունեցած
այս դեպքը՝ Միածնի փառավոր Էջքն ի Հայս եւ Սուրբ Էջմիածնի հիմնարկեքը
կանխագետ Աստծո մասնավոր շնորհն է, Իր սեփական ժողովուրդը դարձած,
հայությանը: Ինչպես անապատում Մովսես մարգարեի հաստատած պղնձե օձը
կենդանության պատճառ էր դառնում բոլոր նրանց համար, ովքեր անթարթ
աչքով դրան էին նայում ու ապավինում (Թվեր ԻԱ 8-9), այնպես էլ հայոց
կյանքում պիտի ապրեն բոլոր նրանք, ովքեր պատմության քառուղիներում,
սեւ ու մահաբեր հրապույրների ու համոզմունքների մեջ, չպետք է դադարեն
հոգու անաղոտ աչքով ու աննենգ մտքով նայել ու ապավինել հանուր հայոց
լուսե խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Սուրբ Էջմիածինը ոչ թե մարդ արարածի կամեցողության ծնունդ է, այլ
անպարագրելի Աստծո անքննելի կամքի, որովհետեւ հարուցյալ Աստվածորդին,
ի նշան հայոց ազգի հանդեպ Ամենասուրբ Երրորդության տածած մասնավոր
սիրո, երկնքից կրկին երկիր է իջել եւ, Իր իսկ արարչագործ Սուրբ Աջով,
լուսաձեւ հորինվածքով, հրաշակերտել «զՄայր Աթոռն մեր զՍուրբ Էջմիածինն»,
մեծ քահանայապետությունը ժողովուրդների մեջ, որն օրինակն է Քրիստոսի
մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության Օծության» (Ագաթանգեղոս):
Արդ, թող մեզնից յուրաքանչյուրն իր ներքին տաճարում լուսո մի խորան
կերտի, որպեսզի Ս. Էջմիածնից ճառագող լույսի կենսապարգեւ շողն այնտեղ
թափանցի եւ մեր հոգիներում ու սրտերում անսակարկ էջմիածնասիրություն
ու աղոթասիրություն բորբոքի:
Հունիսի 7-ին՝ Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան
արարողության կատարվեց Հայրապետական մաղթանք:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|