Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

«ԶՔԵԶ ՊԱՏՈՒԵՆ ԹԱԳԱՒՈՐՔ ԵՒ ԻՇԽԱՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՒ
ԶՍԷՐՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆՏՐԵՑԵՐ Ի ՔԷՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ի պարծանըս ձեր տօնէ մայր Սիօն դստերօք իւրովք, Զոր մերձաւոր է երկնից
աթոռոյն Աստուծոյ: Ուսումն ընդունեցեր երկնային իմաստութենէ,
Եւ իբրեւ աստղ պայծառ լուսաւորեցեր աշխարհս ամենայն:
ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, Հոգեգալստյանը հաջորդող Եղիական պահքի օրերից հետո, մուտք է գործում մի նոր ու սրբազան շաբաթ՝ պանծացնելու անմոռանալի սրբերի հիշատակը: Հայաստան եկած Հռիփսիմյանց կույսերի խումբը փաստեց, որ քրիստոնեությունը խիզախների կրոն է, եւ ուժը, հեթանոսական խավարն ու բռնությունն ամեն ինչ չեն կարող ստվերել, իսկ հպարտությունն ու փառքը ոչինչ են այն մեծագույն փառապսակի առջեւ, որ Տերն է տալիս յուրայիններին: Այսօր Սրբոց Հռիփսիմյանց տոնն է, նահատակության հիշատակը: Նրանք փաստացի ապացուցեցին ավետարանական դրույթը, ոչ թե օրենքը լսեցին, այլ կատարողները եղան:

Օրենքի լրումը սերն է, ասում է Սուրբ Գիրքը, իսկ սիրո մեծագույն դրսեւորումը՝ սեփական կյանքը մեկ ուրիշին տալը: Հռիփսիմյանք այդ օրենքի լրման մեծագույն դրսեւորումը ցուցաբերեցին՝ նահատակվելով իրենց դավանած հավատքի համար, որպեսզի հայ ժողովուրդը դարձի գա, ապաշխարի եւ քրիստոնեության լույսն ընդունի: Նրանց նահատակությունը միայն իրենց համար չէր, որով երկնքի արքայությունը ժառանգեցին, այլ նաեւ 1700 տարի առաջ եւ հետո ապրողների համար, որպեսզի մենք հասկանանք, թե ի՞նչ է սերն իբրեւ օրենքի լրում, եւ ո՞րն է սիրո բարձրագույն դրսեւորումը, երբ մարդ պատրաստ է իր կյանքը տալ մերձավորների, հավատքի, Աստծո համար: Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն եւ հավատքին, քանզի ունեին այն բարձր գիտակցությունը, թե Տիրոջ ամենամեծ պարգեւը՝ հոգին անմահ է, եւ կյանքի այս երկրավոր, մարմնավոր շրջանը չի կարելի փոխարինել հավերժությանն ու անմահին: Ո՛չ Դիոկղետիանոս եւ Տրդատ արքաների հալածանքները, ո՛չ նրանց պալատների հմայքն ու շքեղությունը չկարողացան սասանել, գայթակղել նրանց, ետ կանգնեցնել դեպի Աստված տանող ճանապարհից:

Դժվարություններն ու փորձություններն առավել զորացնում էին կույսերին՝ հավատքով ու սիրով կրելու այն լուծը, որ իրենց համար տրվել էր Աստծուց: Ժամանակի հոսքը չի նսեմացրել նրանց գործի արժեքը, քանզի նահատակների արյունը Եկեղեցու սերմն է: Այդ արյամբ սերմանվածը մեր Եկեղեցին է, որ այսօր ապրում է Սրբոց Նահատակաց կենդանի մարտիրոսությամբ: Տկար մի օրիորդի մահն ի զորու եղավ հաղթանակ պարգեւել նրան հետմահու՝ կենսատու հյութ դառնալով Հայ Եկեղեցու ոստերի համար: Թերեւս մեծության պսակը մեր աչքին, ասես, առավել շողում է Հռիփսիմեի գլխին, սակայն չպետք է մոռանալ, որ այս կույսը հավատքի կատարյալ հասակի էր հասել Գայանեի շնչի տակ ու նրա դաստիարակության շնորհիվ: Կույսերի հիշատակը հավերժացնելու համար, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, նրանց նահատակության վայրերում վկայարաններ կառուցվեցին եւ սահմանվեցին հատուկ տոներ: Այս տարի խաչազգեստ վկայուհիների խնկելի հիշատակը տոնախմբվեց հաջորդաբար հունիսի 1-ին եւ 2-ին:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 1-ին մարդաշատ էր Սրբուհու անունը կրող մատուռը: Բարեպաշտ գյումրեցիներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու, ի հիշատակ Ս. Հռիփսիմյանց նահատակ կույսերի, մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր աղոթատան հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սուրբ Պատարագի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ոչ թե օրենքը լսողները պետք է արդարանան Աստծուց, այլ օրենքը կատարողները» բնաբանով, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սրբազան արարողակարգին ներկա գտնվողներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները