| «ՑԱՆԿԱՑԱԾ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵԼՄԱՆ ԿԵՏՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ՄԻՇՏ ԳԹԱՑՈՂ,
ԽՆԱՄՈՂ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԲԵԿԱՆՎԵՑ
ունիսի
25-ին, ժամը 12:30-ին Միքայել Սրբազանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական
դատարանում կայացավ եզրափակիչ դատական նիստը (դատավորներ՝ Է. Մանասյան,
Ն. Հովակիմյան, Վ. Մարգարյան): Նիստից մի քանի ժամ անց դատարանն
ընթերցեց իր որոշումը, համաձայն որի մասնակի բավարարվեց Սրբազան
Հոր փաստաբանների բողոքը:
Վերաքննիչ
դատարանի որոշմամբ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին երկու տարով ազատազրկելու
առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվեց եւ որոշվեց, նոր քննություն
սկսելու համար, վարույթն ուղարկել Շիրակի մարզի առաջի ատյանի դատարան:
Սակայն Սրբազան Հոր նկատմամբ կիրառված երկրից բացակայելու արգելքը
մնաց անփոփոխ:
Շիրակի թեմի Առաջնորդի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել
իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն,
ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն
ուղղված հրապարակային կոչերի հոդվածով: 2025 թվականի հունիսի 28-ից
Սրբազան Հայրը կալանավորված էր, իսկ 2026 թվականի փետրվարի 6-ին
նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով:
ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՆԻՍՏԻՑ ԱՌԱՋ
Հունիսի 25-ը վճռորոշ էր: Յուրաքանչյուր ոք իր ներկայությունը դատարանի
առջեւ կարեւոր էր համարում ոչ միայն որպես աջակցություն Միքայել
Սրբազանին, այլեւ հստակ ուղերձ, որ Հայաստանում կան քաղաքացիներ,
ովքեր չեն հրաժարվում արդարության պահանջից, չեն լռում ազգային ու
պետական արժեքների պաշտպանության հարցերում եւ պատրաստ են իրենց
ներկայությամբ վկայել սեփական կամքն ու համոզմունքները:
Հոգեւոր Հայրն առավել է, քան մարմնավոր հայրը, ուստի շատերը, թողնելով
բոլոր գործերը, իրենց ներկայությունն էին ապահովել դատական նիստերի
դահլիճում եւ վերաքննիչ քրեական դատարանի բակում:
Քրիստոնեական սերը զոհողություն է ենթադրում: Միքայել Սրբազանը լիուլի
վաստակել եւ արժանի էր այդ չնչին զոհողությանը, որն ի վիճակի էր
զոհաբերել ներկաներից յուրաքանչյուրը:
Սրբազան Հայրը մեկ տարի գտնվում էր անազատության մեջ հայ ժողովրդի
լինելիության, հայրենիք ունենալու եւ հայ մնալու համար:
Եվ այսպես՝ 2026 թ. հունիսի 25-ին, ժամը 12:30-ին մարդաշատ էին վերաքննիչ
քրեական դատարանի բակն ու նիստերի դահլիճը:
ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ
-
Պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ: Ես ազատ եմ եղել
մինչ այդ, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ նաեւ հետո,- իրեն
շրջապատած լրագրողներին ասաց, արդեն մի քանի րոպե ազատության մեջ
գտնվող, Միքայել Սրբազանը, քանի որ նրա նկատմամբ կիրառված խափանման
միջոց տնային կալանքը բեկանվել էր: Շիրակի թեմի Առաջնորդին, սակայն,
այս որոշումը չի բավարարում: Նա կարծում է, որ պետք է արդարացվի.
«Չի բավարարում, որովհետեւ չարդարացվեցի: Ավելի լավ էր տնային կալանքը
պահվեր, ֆուտբոլ էի նայում գիշերը: Հիմա չպիտի կարողանամ նայել»:
Առաջնորդ Սրբազանը վստահ է նաեւ, որ ավարտված չէ հակաեկեղեցական
արշավը: Ի՞նչ կլինի, եթե այդ արշավը հասնի Վեհափառի կալանավորմանը:
- Եթե նման բան տեղի ունենա, ողջ հայ ժողովուրդը կվճարի դրա գինը:
Ինչպես 1938 թվականի դիմաց վճարեց հարյուր հազարավոր զոհերով, այնպես
էլ դրանից հետո կվճարի:
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը շարունակելու է քննադատել գործող
իշխանությանը: Ասում է՝ թող հույս չունենան, թե բանտելով լռեցրել
են իրեն. «...Չէ բա պիտի գլուխները շոյեմ»: Հարցին, թե չե՞ք վախենում,
որ այդ քննադատությունը դարձյալ օրենքի խախտում նկատվի, Սրբազանը
պատասխանեց. «Իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»: Նա
նշեց, որ իր քննադատությունը երբեք դուրս չի գալիս օրենքի սահմաններից:
Աբսուրդ է շարունակում համարել Սրբազանն իրեն առաջադրված սահմանադրական
կարգը տապալելու կոչի մեղադրանքը: Նրա կարծիքով այդպիսի կոչեր գործող
իշխանությունն է անում. «Կոչ արդեն որերոդ անգամ է, անում է կառավարության
ղեկավարը: Բառացի ասում է՝ գնացեք, արեք հեղափոխություն: Ես նման
բան ասե՞լ եմ: Ուրեմն՝ ո՞վ պիտի դատվի, նա՛ պիտի դատվի»:
Արդարացել են գյումրեցիների սպասելիքները: Ուրախությունից տեղները
չեն գտնում. «Աչքերիցս չի երեւո՞ւմ, որ շողում եմ ամբողջապես: Ծննդյանս
օրվա համար մեծ անակնկալ էր եւ մեծագույն նվեր, որովհտեւ բարձրաստիճան
իմ գերաշնորհ Սրբազանն արդեն պիտի պատարագի, իր քարոզը պիտի լսենք:
Մեծ ուրախություն է: Արդեն եկեղեցիս էլ է շողալու»,- ասաց թեմի հավատավոր
Ալվարդ Կաղզվանցյանը:
ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Շիրակի թեմի Առաջնորդը, վերաքննիչ դատարանում իր վճիռը լսելուց հետո,
ուղղվեց դեպի առաջին ատյանի դատարան, ուր ընթանում էր Բագրաստ Սրբազանի
եւ մյուսների հերթական դատական նիստը:
Այստեղ Սրբազան Հորը ներկաները դիմավորեցին ծափողջույններով: Նիստից
հետո, հենց դատարանի բակում, ջերմ ողջագուրվեցին Բագրատ եւ Միքայել
Սրբազանները: Սրբազան Հայրերը գրեթե կես րոպե գրկախառնված մնացին՝
փոխանակելով ջերմ խոսքեր: Միքայել Սրբազանը ողջունեց նաեւ սրբազան
պայքարի աջակիցներին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Ի
վերջո, իր կալանավորումից մեկ տարի անց, Միքայել Սրբազանը Մայր Աթոռ
գնաց առանց ոստիկանների ուղեկցության: Սրբազան Հայրը հանդիպեց իր
հոգեւոր եղբայրներին, միասին շրջեցին Մայր Աթոռի բակում, Մայր տաճարում
համբուրեց Իջման Սուրբ Սեղանը եւ աղոթք առաքեց առ Ամենակարող Աստված,
ապա վեհարանում հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով նրա
հայրական օրհնությունը:
- Ամոթ է մեր կողմից նույնիսկ այդ մեկ տարվան անդրադառնալը... Ինչ
մեծ բան է որ, մեծ բան չէ: Ես անցած անգամ եւս ասացի, որ սքանչելի
օրեր եմ ունեցել բանտում, հանգստացել եմ հոգսերից, մտահոգություններից:
Վերջ ի վերջո եկեղեցական ծառայությունը հանգիստ չէ, ամենօրյա մտահոգություն
է: Իսկ երբ քեզ բանտարկում են եւ զրկում մտահոգությունից, քեզ ի՞նչ
է մնում անել՝ աղոթել, ընթերցել, ներհայեցողական կյանքով ապրել,
ինչը որ արել ենք մենք մեկ տարի՝ ես իմ ձեւով, Բագրատ Սրբազանն իր
ձեւով: Իրենք ուզեցին մեզ վնասել, բայց մենք այդ վնասը փոխակերպեցինք
օգուտի: Իհարկե կարոտել եմ Մայր Աթոռը, բա մարդ իր տունը չի՞ կարոտի,
Մայր տաճարի զորությանը չի՞ կարոտի,- իրեն առաջադրված հարցին ի պատասխան
ասաց Առաջնորդ Սրբազանը:
ԳՅՈՒՄՐԻ, ՀԱՐԱԶԱՏ ԻՄ ՏՈՒՆ
Նույն օրը՝ ուշ երեկոյան, Առաջնորդ Սրբազան Հայրը վերադարձավ Գյումրի՝
առանց ոստիկանների ուղեկցության: Բարեխնամ Առաջնորդին ջերմությամբ,
ծափողջույններով, հրավառությամբ ու երգերով դիմավորեցին հայրենի
քաղաքում:
Շիրակի թեմի հոգեւորականներն ու հավատացյալներն առաջնորդարանում
«Հրաշափառ»-ի երգեցողությամբ առաջնորդեցին Սրբազան Հորն իր կեցավայր:
Այստեղ ներկաները, տոնական գողտրիկ սեղանի շուրջ, բարի գալուստ մաղթեցին
սիրելի Սրբազանին, փոքր-ինչ զրուցեցին եւ ցանկացան բարի ու խաղաղ
գիշեր:
ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ԽՈՍՔԸ ՄԵԿ ՕՐ ԱՆՑ
Զավեշտն այն է, որ իմ նկատմամբ քրեական վարույթը հարուցվեց հունիսի
17-ին, երբ ես այդ հարցազրույցը տվել եմ հունիսի 21-ին: Հետեւաբար՝
ի՞նչ կապ ունի հունիսի 21-ին տված հարցազրույցը հունիսի 17-ին արդեն
հարուցված քրեական վարույթի հետ, որ այդպես դատախազը, քննչական կոմիտեի
ղեկավարը փորձեցին կապել նոր լույսի ներքո վերանայելուն: Արդեն հայտնի
էր հա՞ իրենց ամսի 17-ին, որ ես ամսի 21-ին պետք է վերահաստատեմ
ասվածը:
Համոզվել եմ վերջնականապես, որ ազատություն կոչվածը ներքին զգացողություն
է, իսկ ներքին զգացողությունը ֆիզիկական կապանքների հետ ոչ մի կապ
չունի: Եթե մինչեւ բանտարկությունը կարող էի կասկածել դրա ճշմարտացիության
մեջ, ապա բանտարկությունը վերջնականապես համոզեց, որ մարդուն, ով
հոգեպես ազատ է, ոչինչ չի կարող կաշկանդել, ազատազրկել, ֆիզիկական
կապանքներն անկարող են: Ֆիզիկական ազատազրկման ուրիշ ձեւեր էլ կան,
ինչպես, օինակ, հիվանդությունը: Մեր շուրջը մարդիկ կան, որ քսան,
քառասուն տարի են բանտարկվել: Նրանց կողքին մեր մեկ տարին ի՞նչ է:
Հետո մենք շատ հանգիստ ենք տարել բանտարկությունը, որովհետեւ բանտում
ազատ ենք եղել: Բագրատ Սրբազանի հետ սքանչելի օրեր ենք ունեցել:
Թշնամիների
գործած վնասն ավելի հեշտ է մոռացվում, քան բարեկամների անտարբերությունը:
Շատ մարդկանց նորովի ճանաչեցինք, շատ մարդկանց բացահայտեցինք թե՛
լավ եւ թե՛ վատ կողմերով: Շատերն ինքնաբացահայտվեցին՝ ցույց տալով,
որ թույլ են: Աստված իրենց հետ, Աստված թող բոլորին էլ օգնական լինի:
Շատ շնորհակալ ենք քրեակատարողական ծառայության աշխատակիցների 99
տոկոսից, այն մեկ տոկոսն էլ թող մտածի: Մտածելու տեղ ունի: Մենք
մեզ պահել ենք այնպես, ինչպես հարկն է՝ արժանապատիվ եւ ստացել ենք
արժանապատիվ վերաբերմունք: Ես գոհ եմ քրեակատարողական հիմնարկի՝
մեզ հետ շփված աշխատակիցների 99 տոկոսից, որոնք հասկացել են՝ ում
հետ գործ ունեն: Իսկ բուժանձնակազմից գոհ ենք ու գոհ: Ուղղակի շատ
հոգատար վերաբերմունք ունեին: Բայց դուք, իշխող կուսակցություն,
ձեր ցուցումով, հրահանգով մարդիկ ձերբակալվում են, գոնե գնացեք,
հետաքրքրվեք նրանցով: Հոգեւորականները գնում են ամենավերջին հանցագործին
այցելության եւ չեն ասում՝ այս հանցագործն արժանի չէ, որ իրեն այցելեն:
Չկա այդպիսի հանցագործ, որին հոգեւորականը կարող է ասել, թե նրան
չի այցելի, մինչեւ հանցագործը չասի, որ հրաժարվում է հոգեւորականի
այցից: Ձեզանից որեւիցե մեկը չեկավ, ավետարանական պատգամը չկատարեց:
Ավետարանն ասում է. «Վերջին դատաստանին պիտի գան մարդիկ եւ իրենց
պիտի ասեմ՝ ես բանտում էի եւ ինձ այցելության չեկաք: Եվ այդ մարդիկ
պիտի հարցնեն՝ դուք ե՞րբ եղաք բանտում, որ ձեզ այցելության չեկանք»:
Աստված պատասխանելու է. «Եթե Իմ զավակներից որեւիցե մեկին չայցելեցիք,
ուրեմն՝ ինձ չայցելեցիք»:
Լավ, ենթադրենք ես մեղավոր էի, գործել էի նշված հանցանքը, բայց կարելի
էր չէ՞ վերջիվերջո անցած ճանապարհ, վաստակ, տարիք ունեցող մարդուն
ներել: Գոնե խափանման միջոցի, կալանքի բացառում կարող էր լինել:
Վերջում էլի թող երկու տարի դատապարտեին, բայց, ասենք, խափանման
միջոցի կիրառումն ուղղակի անպարկեշտություն էր: Արդարության մեջ
գթության իսպառ բացակայություն էր, ինչը որ չի կարելի եւ չպետք է
կիրառվեր: Արդարությունը միշտ պետք է շաղախված լինի գթությամբ: Բացառել
գթությունը, դա անողորմություն է, անգթություն, որն արդարության
հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ ցանկացած մարդկային արդարություն
պետք է իր համար ելման կետ ընդունի աստվածային արդարությունը, որ
միշտ գթացող, խնամող, վերականգնող արդարություն է, այլ ոչ թե պատժիչ:
Աստված եթե պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէինք մնա:
>>>
|
|