Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին՝ ի Հայաստան եւ ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ արցախյան հերոսամարտում:

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ եւ միասնական պայքարի՝ ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության եւ չարիքի: Մեր ժողովուրդն իր կարեւոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ:

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաեւ արցախյան գոյամարտի հաղթանակով: Այսօր, երբ բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը: Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր եւ հաստատակամ պահեն՝ զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին:

Հաղթանակի եւ խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսեւորած միասնականության, քաջարի ոգու եւ հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին: Այս նվիրական օրն իր խորհրդով նաեւ պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը՝ հոգատարություն դրսեւորելու պատերազմի վետերանների, զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքների հանդեպ:

Աղոթում ենք Մեծ հայրենականում եւ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդներին՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու եւ պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի:

Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն եւ ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով, հավատով՝ ամուր եւ սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները