| Տոն
առաջիկա
ՀԻՇԱՏԱԿ ՍՈՒՐԲ ՆՈՒՆԵ ԵՎ ՍՈՒՐԲ ՄԱՆԵ ԿՈՒՅՍԵՐԻ
ուրբ
Նունե եւ Սուրբ Մանե կույսերը Հռիփսիմյանց կույսերի 70 հոգանոց խմբից
էին, ովքեր ենթարկվեցին Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին, թողեցին
Հռոմը եւ անցան Եգիպտոս, այնտեղից՝ Երուսաղեմ: Երուսաղեմում տեսիլքով
կույսերին երեւաց Տիրամայրը՝ պատվիրելով գնալ Հայաստան: Ճանապարհին
կույսերից ոմանք մնացին Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ...
Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել
իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով`
Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, ուր, փակվելով մի
քարայրում, ճգնում է: Այսպես Մանե կույսը, «հրեշտակային կյանքով»,
աղոթքով եւ աստվածային մխիթարությամբ զորացած, ապրում է այդ այրում,
որը եւ հետագայում իր անունով կոչվում է Մանեի այր:
Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի
մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում
հեռանալ հասարակությունից եւ իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության
մեջ: Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ
եւ իբրեւ բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում
էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում
է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով
Սրբի ցանկությունը` Հայրապետը վերադառնում է երեք օրից եւ, Սրբուհուն
վախճանված գտնելով, սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.):
Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո), հայոց Տրդատ թագավորի
հալածանքներից ազատվելով, մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը,
ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում
եւ ողջ ժողովրդին դարձի է բերում:
Գործած հրաշքների ու բարեգործությունների համար կույսին տանում են
արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա, հրաժարվելով բոլոր
թանկարժեք նվերներից, քարոզում է Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը
եւս, անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի
է գալիս: Ավետարանը քարոզվում է նաեւ երկրի մեծամեծերին: Այս ամենի
արդյունքում, Նունեի խորհրդով, պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր
Լուսավորչին եւ Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգեւորականներ ուղարկեն
իրենց երկիր` մկրտություններ կատարելու եւ սպասավորելու ժողովրդին:
Այսպիսով՝ Սուրբ Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին, շարունակում
իր առաքելությունը երկրի բոլոր անկյուններում եւ վերջ ի վերջո վախճանվում
խաղաղ մահվամբ: Նրա գերեզմանի վրա փառավոր եկեղեցի է կառուցվում,
որն այժմ Վրաստանի մեծ ուխտավայրերից մեկն է:
«Սրբոց բառարան»-ում ասվում է, որ Նունեն մահացել է 340 թ.-ին, եւ
նրա հիշատակը ոգեկոչվում է դեկտեմբերի 15-ին: Սակայն Հայսմավուրքներում
հանգամանորեն նշվում է, որ նա հիշատակվում է հոկտեմբերի 28-ին: Վրացական
վկայաբանությունները նրա տոնը նշում են հունվարի 14-ին: Հայ Եկեղեցին
նրան հիշատակում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի
օրը, Մանե կույսի հետ միասին, քանի որ վերջինս ապրել ու մահացել
է Հայաստանում: Այդ իսկ պատճառով Նունեին նույնպես զետեղել են «Հայազգի
Սրբեր» հատորում:
Այս տարի Սուրբ Կույսերի հիշատակության օրը հունիսի 9-ին է:
>>>
|
|