| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԱՌՆԻ ԵՎ ԱՅՐԻՎԱՆՔ
այիսի
14-ին՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ
Զարիկ Իգիթյանի, հոգիներում անթեղած ուխտի սուրբ խորհուրդը, ճանապարհ
ընկան Գառնի, Գեղարդ: Առաջին հանգրվանը Գառնին էր: Այստեղ ուխտավորները
հիացան մեր հեթանոս հայրերի մտքի թռիչքով, զարմանքով դիտեցին, դարերի
ու ժամանակների անպարագրելիությունն ուսած, բաղնիքի հատակի խճանկարները
եւ շարժվեցին դեպի Այրիվանք:
Հայոց
հողը հաճախակի ցնցած օտարերկրյա զավթիչների ասպատակությունների տարիներին
Գեղարդավանքը միշտ ծառայել է որպես ամրոց՝ բոլոր կողմերից պաշտպանվելով
շրջակա լեռներով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արեւելք,
Ազատան գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է մեր հավատո հայր Ս.
Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարասկզբին: Պատմությունը վկայում է, որ
Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել հռոմեացի զինվորի այն Գեղարդը,
որով վերջինս խոցեց, խաչին բեւեռված, Աստվածորդու կողը: Գեղարդը
նախ պահվել է Այրիվանքում, ի պատիվ որի վանքը կոչվել է Գեղարդավանք:
Հետագայում այն տեղափոխվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ պահվում է
Մայր Տաճարի թանգարանում՝ ի տես բոլոր այցելուների: Արդ՝ յոթը դար
է, ինչ կանգուն է Գեղարդը՝ որպես բնության նկատմամբ մարդու մեծագույն
հաղթանակի խորհրդանիշ եւ հայ ժողովրդի հավատքի, ստեղծագործ մտքի
ու անկոտրում կամքի մարմնացում:
Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ,
ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Այստեղ ուխտավորները ներկա
գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր վանքի վանահայր
Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Հընթացս սրբազան արարողակարգի ուխտավորները
նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:
ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔ) Ս. ՆՇԱՆ
Ուխտավորների փոքրիկ խումբը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Գետարգելի
Ս. Նշան, որ 13-րդ դարի կառույց է: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել
Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը: Ձագավանքը ոչ միայն հոգեւոր-կրոնական,
այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել առավելապես 1293-ից հետո,
երբ Կիլիկյան Հայաստանից, Սսից, Գրիգոր Անավարզեցի Կաթողիկոսի ջանքերով,
այստեղ տեղափոխվեց Գետարգելի Ս. Նշանը՝ ինչի պատճառով էլ եկեղեցին
կոչվեց Ս. Նշան: Այս աղոթատանն է գործել Սիմեոն Րաբբունապետը, ում
շիրիմը հանգչում է եկեղեցուց դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում:
Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց
հավատքի մոմերը եւ աղոթասացությամբ ճանապարհ ընկան:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|