| «ՄԵՐ
ՎԻՃԱԿԸ ՍԻՐՈՒՆ Է…»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ ԽՈՐՀՐԴՈՎ...
 այիսի
16-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի
հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց
միությունը, Համբարձման տոնի խորհրդով, կազմակերպել էր ուխտագնացություն
դեպի Տավուշի թեմ:
Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Ս. Յոթվերք), Տ. Մակար
քհն. Գալամդարյանի գլխավորությամբ, ուխտավորներն աղոթք բարձրացրին
առ Աստված եւ ճանապարհ ընկան:
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան
ժառանգությանը եւ կապ հաստատում ապագայի հետ:
Ուխտավորների
առաջին կանգառը Մակարավանքն էր, ուր նրանք ներկա գտնվեցին առավոտյան
ժամերգությանը: Այստեղ երիտասարդների հետ հոգեւոր զրույց ունեցավ
բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը, ով իր հոգեւոր ծառայությունն
է իրականացնում Տավուշի թեմում:
Հաջորդ հանգրվանը Մորո Ձորո կամ Ծռվիզի վանքն էր, ուր ուխտավորները
միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, ինչպես նաեւ երգեցին հոգենորոգ
շարականներ:
Այնուհետեւ բոլորը համախմբվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ, ինչը կազմում
է միության ուխտագնացությունների անբաժան մասը: Երիտասարդները նաեւ
անակնկալ շնորհավորանք էին պատրաստել Տեր Մակարի տարեդարձի ուրախ
առիթով:
Սիրո ճաշից հետո ուխտավորները, կեչիների անտառով, հասան գողտրիկ
Աղավնավանք, որտեղ, միասնական աղոթքից հետո, համաձայն ժողովրդական
սովորության, տոնախմբեցին Համբարձումը:
Ըստ ժողովրդական սովորության՝ տոնի մասնակիցները նախ ծաղիկներ հավաքեցին,
այնուհետեւ կժի մեջ յոթն աղբյուրից յոթը բուռ ջուր վերցրին, յոթը
տեսակի ծաղկից՝ յոթը տերեւ եւ յոթը տեսակի քար: Կատարվեց նաեւ վիճակի
արարողությունը, եւ երիտասարդները հանեցին իրենց վիճակը:
Արժանապատիվ
Տ. Մակար քհն. Գալամդարյանը երիտասարդների հետ զրուցեց Համբարձման
տոնի խորհրդի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը
1441 թ. Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական
օրվա մասին, ապա պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Ուխտավորներն այցելեցին նաեւ Տավուշի թեմի սրբավայրերից Գոշավանք,
ուր եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Թադեոս քհն. Թադեւոսյանը հակիրճ ներկայացրեց
եկեղեցու պատմությունը, որից հետո օրհնեց հյուրերին:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|