| «ԽԱՉ
ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ…»
ԵՐԵՎՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
«Յայնժամ մեք մի ամաչեսցուք
յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով մեծաւ
բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ՝ որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան»:
ՇԱՐԱԿՆՈՑ
մեն
տարի Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը՝ մայիսի 3-ին,
մեր երանաշնորհ հայրապետների տնօրինության համաձայն, Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երեւման տոնը՝
մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, խաչելությունը եւ, խաչի
վրա հեղած անմեղ արյամբ, մարդկային ցեղի փրկությունը: Տոնը հիշատակությունն
է Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի՝ Քրիստոսի հաղթական եւ Սուրբ
Խաչի նշանի երեւման: Խաչը, դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակ,
մահապարտներին անարգելու, նախատելու միջոց էր, դատապարտության գործիք:
Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր, այլեւ համարվում էր
ամենաանմարդկային պատժատեսակներից մեկը: Միայն Քրիստոսի խաչելությամբ
այն վերածվեց կյանքի խորհրդի, եւ մարդն օժտվեց նոր արարած լինելու
հնարավորությամբ. «Որեւէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած
է, նա այլեւս այն չէ, ինչ նախապես էր, որովհետեւ նա ամբողջությամբ
նորոգվեց…» (Բ Կորնթ. Ե 17):
Անշուշտ, Տիրոջ փրկագործ Խաչը հաշտության նշան է մարդու եւ Աստծո
միջեւ: Ինչպես ադամական մեղքով մարդը զրկվեց աստվածային շնորհներից
եւ ճաշակեց մահը, այնպես էլ Քրիստոսի Խաչով անմահացավ եւ Նրա Սուրբ
Հարությամբ դարձավ հավիտենականության ժառանգորդ: Խաչի տոնը Հայ Առաքելական
Եկեղեցին նշում է տարին չորս անգամ, որոնցից երրորդը՝ Սուրբ Խաչի
երեւման տոնը, այս տարի նշվեց մայիսի 3-ին:
351 թ. մայիսի 7-ին, երբ Երուսաղեմի հայրապետն էր Սուրբ Կյուրեղը,
իսկ Հռոմի կայսրը Կոստանդիանոսի որդի Կոստանդինը, Երուսաղեմի երկնքում
երեւաց Տիրոջ նշանը, արեւի լույսին ձուլված, որն ասես հիշեցնում
էր մարդկային ցեղի փրկությունը՝ խաչի վրա Քրիստոսի հեղած անմեղ Արյամբ,
ինչպես նաեւ Նրա հավիտենական ներկայությունը: Դրանով, կարծես կատարվեց
Մատթեոս Ավետարանչի խոսքն այն մասին, թե «երկնքի վրա Մարդու Որդու
նշանը պիտի երեւա» (Մատթ. ԻԴ 30): Այս հրաշքի ականատես Սուրբ Կյուրեղը
նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսերը, ով ջանում էր արդարացնել
արդեն իսկ դատապարտված արիոսականներին: Նամակում Սուրբը հայտնում
է Երուսաղեմում կատարվածի մասին՝ հորդորելով վերջինիս հաստատուն
մնալ հավատքի մեջ: Այս իմանալով՝ Կոստանդին կայսրը զղջում է եւ դարձի
գալիս՝ վերստին վերագտնելով իր կորցրած հավատը:
Միշտ էլ այդպես է լինում, երբ Աստված կամենում է անհավատներին դարձի
բերել, Նա հրաշագործում է, եւ հենց այդ տեսանելի հրաշքներն են, որ
մարդուն մղում են դեպի Լույսը, դեպի Ճշմարիտը, դեպի Աստված: Տիրոջ
լուսաշող Խաչի երեւմամբ ողջ տիեզերքը ողողվեց նրա հաղթական Լույսով՝
արթնացնելով բոլոր ննջող հեթանոսներին իրենց խավարային քնից: Եկեղեցու
հայրերն ասում են, որ Տերը, խաչի վրա հոգին ավանդելով, սովորեցրեց
մեզ հաշտվել Աստծո եւ աշխարհի հետ, որոնց խորհրդանիշը երկու մասից
բաղկացած խաչի նշանն է՝ մեկ կողմն ուղղահայաց, մյուսը հորիզոնական,
որ ցույց է տալիս դեպի երկինք խոյացող եւ դեպի աշխարհ ծավալվող ճանապարհները:
Այսպիսով՝ ապավինելով խաչի զորությանը, մենք խափանում ենք չարը,
խաչակնքելով՝ մենք զորացնում ենք մեզ Աստծով, պաշտպանում մեզ չարի
ներգործությունից եւ, այդ կերպ Քրիստոսի կյանքը մեզ օրինակ ունենալով,
մեր խաչն իբրեւ բեռ կրելով, գնում ենք դեպ Աստված, դեպ հավիտենականություն,
դառնում Լույսի որդիներ: Ուրեմն՝ Տիրոջ փրկչական Սուրբ Նշանին զորավիգ
լինելով, քրիստոնյային վայել սիրով ու հավատով հետեւենք խաչի հավիտենական
լույսին եւ մեր սուրբ հայրերի աղոթքը դարձրած սրտառուչ մաղթանք,
վեր առաքելով, ասենք. «Առաջի պատուական ամենայաղթ խաչի քո անկանիմք
երկրպագելով եւ խնդրեմք զթողութիւն յանցանաց մերոց, քանզի սովաւ
բարձեր զդատապարտութիւն ազգի մարդկան: Եւ այժմ վասն սրբոյ աստուածային
քոյ նշանի, շնորհեա զերկնային զխաղաղութիւնդ ամենայն աշխարհի»:
3 մայիսի: Սուրբ Խաչի երեւման տոնի ուրախ առիթով Ս. Նշան եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն
էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:
Նույն օրը Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝
ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի ոգեշունչ
քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|