Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

  ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

«ՄԵԾԱՀՐԱՇ ԱՅՍ ԽՈՐՀՈՒՐԴ
ԱՒԱՆԴՈՒԹԵԱՄԲ ԱՌ ՄԵԶ ՀԱՍԵԱԼ…»
ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՄԱՇԵՆՈՒՄ

«Իսկ չորրորդն դասէ պաշտպան եղեալ Լուսաւորչին. Ի դասուն իւր փութացեալ
ուրախութեամբ տօնակցութիւն. Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով
հրեշտակն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րդեն քսանչորս տարի է՝ 2013 թվականից ի վեր, ինչ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի բարձր տնօրինությամբ, Երկրորդ Ծաղկազարդի տոնը հայտարարվել է Մարմաշեն վանքի ուխտի օր: Հինանց յոթերորդ կիրակին, այսինքն՝ Համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին, կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը Քրիստոսի մուտքն է վերին Երուսաղեմ՝ հրեշտակաց դասերի ուղեկցությամբ: Երկրորդ Ծաղկազարդը, սակայն, ունի հայկական հնավանդ ու գեղեցիկ մի ավանդություն, որը, ըստ Գրիգոր Պահլավունի հայրապետի հորինած սքանչելի շարականի, «Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ, զոր հոգւոց լուսատուն ի պաշտպանէն իւրմէ լըւեալ՝ եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն, որ ի յերկինս»:

Հրեշտակների չորրորդ դասից մեկն ամեն օր այցելում է Գրիգոր Լուսավորչին՝ նրա Խոր Վիրապում գտնված տարիներին: Երկրորդ Ծաղկազարդի օրը հրեշտակը չի այցելում: Երբ հաջորդ օրը նորից այցելում է, Լուսավորիչը հարցնում է, թե ինչո՞ւ նախորդ օրը չայցելեց իրեն: Հրեշտակը պատասխանում է, որ Քրիստոս, ավարտելով Իր երկրային փրկագործությունը, վերադարձել է երկինք, եւ այդ պատճառով հրեշտակների դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում: Ուստի երեկ չորրորդ դասի հերթն էր, եւ, ինքն այդ դասից լինելով, մասնակցում էր ուրախությանը:

Ըստ տիեզերալույս մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության՝ բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որն էլ հենց ծառայում էր Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: Երբ Տերն անցնում է հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում են, թե ո՞վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում են ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունն Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է (Սաղմ. ԻԳ 8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաեւ Սուրբ Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում:

Այս տարի Երկրորդ Ծաղկազարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մայիսի 17-ին:

ՈՒԽՏԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Մարմաշենի հռչակավոր վանքը գտնվում է Վահրամաբերդ գյուղից երկու կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք, Ախուրյանի ձորում, ձախափնյա մի ընդարձակ տափարակի վրա, Ներքին Ղանլիջա գյուղատեղում: 9-11 դդ. հիմնված վանքը կառուցել է Վահրամ Պահլավունին: Այստեղ են թաղված Վահրամ Պահլավունին, նրա որդիներն ու թոռները եւ տոհմի շատ անդամներ:

Մայիսի 17-ին վանական համալիր էին եկել մեծաթիվ ուխտավորներ՝ ներկա գտնվելու Մարմաշենի հովվության հոգեւոր հովիվ, վանքի վանահայր Տ. Փառեն քհն. Պետրոսյանի ձեռամբ մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Ուխտավորների թվում էին նաեւ դպրոցականներ եւ ուսանողներ:

Ուխտի Սուրբ Պատարագին ներկա գտնվելու նպատակով, Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու երիտասարդների նախաձեռնությամբ, բարեշնորհ Արտաշես սարկավագ Աջապահյանի առաջնորդությամբ, եկեղեցասիրաց երիտասարդները եւս ուխտավորաբար շարժվեցին դեպի Մարմաշեն վանք:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը ներկա ուխտավորներին դիմեց օրվան համահունչ քարոզով՝ առանձնակի մանրամասնելով ուխտի խորհուրդն ու ուխտավորի պարտականությունը. «Մինչ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը, մարմնավորվելը, մեզ փրկության առաջնորդելը, Իր արյամբ մեր մեղքերը սրբելը եւ մեզ սրբագործելն ու փրկության դուռ տանելը, որեւէ մեկը հույս ու հավատ չուներ՝ այս աշխարհից այն կողմ կապրեր, թե ոչ, հնարավորություն կունենար երբեւէ դրախտ մտնելու, թե ոչ: Որեւէ մահկանացու մարդ, բացի իհարկե մարգարեներից, այսպես ասած՝ Աստծո մարդկանցից, չգիտեր, որ ինքը հավիտենական կյանքում եւս տեղ ունի, որովհետեւ բոլոր մարդիկ գնում էին դժոխք: Ինչպես Սուրբ Պողոս Առաքյալն է ասում՝ առաջին հերթին, Քրիստոսի Հարությամբ, կոտրվեց այդ կարծրատիպը, ավերվեց դժոխքը եւ դժոխաբանական հոգեբանությունը, որ եթե մեղավոր ենք, ուրեմն կործանված ենք, եթե մեղավոր ենք, ուրեմն փրկություն չունենք»,- իր քարոզում նշեց Տ. Փառեն քահանա Պետրոսյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Ս. Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ:

Վերջում վանական համալիրի բակում անցկացվեց տոնական միջոցառում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները