| «ԱՍՏՈՒԱԾ
ԶՔԵԶ ԽՈՍՏՈՎԱՆԻՄՔ ԶՍՈՒՐԲ
ՀՈԳԻԴ ԵՒ ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵՄՔ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Գերագույն շնորհաց բաշխող.
երկնաւորաց եւ երկրայնոց, կեանք եւ կենաց տուող
Հոգի՛, Հօր եւ Որդւոյ արարչակի՛ց, խնդրեմք ի քէն, աղբիւր բարեաց,
արբուցանողդ ծարաւեաց»:
ՇԱՐԱԿԱՆ
 մեն
տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարությունից հիսուն եւ Համբարձման
տոնից տասն օր հետո Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, որպես
Տիրոջ փրկագործության ամբողջացում եւ Քրիստոսի ընդհանրական Եկեղեցու
հիմնադրեք, տոնախմբում է Հոգեգալուստը: Այն խորհրդանշում է, կրակե
լեզուների տեսքով, Սուրբ Հոգու էջքը վերնատանն աղոթող առաքյալների
վրա՝ համաձայն Տիրոջ խոստման. «Եվ ահա ես ուղարկում եմ ձեզ Իմ Հոր
խոստումը» (Ղուկ. ԻԴ 49):
Ի՞ՆՉ ՏՈՆ Է ՍԱ
Քրիստոս, Հարությունից քառասուն օր հետո, համբարձվեց՝ խոստանալով
իրենից հետո ուղարկել Մխիթարիչ Ս. Հոգուն: Երբ Սուրբ Հոգին իջավ
վերնատանն աղոթող առաքյալների վրա, եւ նրանք լեզվախոսության շնորհն
ստացան, հստակ դարձավ, թե իրենք ինչպես պիտի քարոզեն Ավետարանը:
Ամեն մեկը, իր ստացած շնորհի համաձայն, գնաց այն երկիրը, որի լեզվին
կարողացավ տիրապետել: Ահա թե ինչու Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները
եկան Հայաստան:
Մինչեւ Հոգեգալուստ քրիստոնեության ճշմարտությունը մնում էր պարփակված
տասներկու առաքյալների մեջ: Հոգեգալստյան դեպքով առաջին մեծ դարձն
է տեղի ունենում, եւ երեք հազար մարդ դարձի է գալիս ու քրիստոնեություն
ընդունում: Ուստի Հոգեգալստյան տոնը համարվում է Քրիստոսի Եկեղեցու
ծննդյան օր: Սուրբ Հոգին գործում է ամենուր եւ ամեն ժամ, բանական
է, մտավոր, կենդանի եւ կենդանացնող: Նրա համար ժամանակի եւ տարածության
մեջ սահմաններ գոյություն չունեն: Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ
անց Սուրբ Հոգու էջքը խորհրդանշում է յոթնարփյա շնորհները՝ իմաստություն,
գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ
երկյուղ, որոնք տրվեցին առաքյալներին: Հետո Սուրբ Հոգին տրվեց յոթը
շաբաթ անց, որպեսզի ի ցույց դրվի, թե Նա է Եկեղեցու յոթը խորհուրդների
կատարիչը քահանաների միջոցով՝ ինչպես այն ժամանակ առաքյալների միջոցով:
Եվ, վերջապես, յոթը շաբաթները խորհրդանշում են յոթը մահացու մեղքերը,
որոնք պիղծ խորհուրդներ են, եւ որոնք մեր մեջ ենք ընդունում դիվական
ոգուց:
Սուրբ
Երրորդությունը կատարյալ չէր լինի, եթե Սուրբ Հոգին չգար: Ինչպես
«Հավատո հանգանակ»-ում է ասվում՝ «հավատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն
եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յՕրէնս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս:
Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն եւ բնակեցաւ ի Սուրբսն...»:
Հավելենք նաեւ, որ հնում մեկ օր էր միայն տոնվում Հոգեգալուստը,
բայց 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալին, ի պատիվ Սուրբ Հոգու,
սահմանեց ամբողջ շաբաթ՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով
ու շարականներով:
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՊԱՀԻՆ ՆԵՐԿԱՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
Հոծ բազմության առջեւ ասված Պետրոս Առաքյալի ոգեշունչ խոսքի ներգործությամբ
այդ օրը 3000 մարդ զղջաց իր արարքների համար, դարձի եկավ ու ինքնակամ
մկրտվեց: Այդպես հիմնվեց քրիստոնեական առաջին համայնք եկեղեցին:
Համաձայն Ավետարանների մասնագետ մեկնաբանների՝ Հոգեգալստին ընծայված
շնորհներից հավասարապես օգտվեցին այդ պահին Վերնատանը ներկա 120
անձինք, Առաքյալները, աշակերտները, Տիրամայրը, յուղաբեր կանայք եւ
այլք:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ մայիսի 24-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ
մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Տեր Հայրը, սրբազան արարողակարգի ընթացքում,
ընթերցեց Հովհան Ոսկեբերանի՝ Սուրբ Երրորդությանը նվիրված աղոթքը:
Այնուհետեւ «Հայր մեր»-ից առաջ օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց
Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին
մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
>>>
|
|