Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

  ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

«ՀԱՄԲԱՐՁԱՒ ՏԷՐՆ ՄԵՐ ՔՐԻՍՏՈՍ
ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԸՆԴ ԱՄՊՍ ԵՐԿՆԻՑ...»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Հիացան վերինքն ընդ մարդկային կերպ հարցաբանեալք զԵսայեայն.
ով է սա դիմեալ յերկրէ արիւնազգեստեալ փառաւոր ի զօրութեան.
երգէին հրեշտակքն ըզդաւթեան առածն. ասեն՝ համբարձէք, իշխանք,
ըզդրունս ձեր ի վեր եւ մըտցէ Արքայ փառաց...»:

ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը, որ Քրիստոնեական ավանդական բոլոր Եկեղեցիները դիտարկում են որպես լրումն տերունական տոների եւ տնօրինական խորհուրդների՝ սկսած Սուրբ Ծննդից մինչեւ Սուրբ Հարություն: Անժամանակ Բանն Աստված ժամանակի մեջ ճշմարիտ մարդեղությամբ կործանեց սատանային, հրաշալի փառքով երկինք համբարձվեց եւ առաքելական հիմքի վրա, հաստատեց Սուրբ Ընդհանրական Եկեղեցին: Քրիստոսի համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռը, Երուսաղեմի շրջակայքում եղած ամենաբարձր լեռներից է: Դա այն բարձունքն է, ուր Հիսուս աղոթում էր եւ ուր Նրան ձերբակալեցին: Քրիստոսի համբարձմամբ դեպի երկինք ճանապարհը բացվեց մարդկանց համար, եւ տվեց մեզ «յամարձակութիւն յուսալոյ նոյն» եւ «մտանել մարմնով ի յաւիտենական ժառանգութիւն» (Ս. Գրիգոր Տաթեւացի), քանի որ մինչ այդ մարդիկ կարող էին միայն դժոխք իջնել, բայց ոչ երկինք բարձրանալ, ինչպես նավը կարող է հոսանքով վար իջնել, բայց ոչ երբեք վեր ելնել:

Նա համբարձվեց որպես կշտամբանք Իր անօգուտ վաստակի համար, ինչպես ասում է Եսային. «Զուր տեղը չարչարվեցի, իմ ուժն անմիտ բաների վրա ծախսեցի» (Եսայի Թ 4): Համբարձվեց, որպեսզի մեզ համար տեղ պատրաստի, ինչպես որ խոստացավ. «Եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մոտ...» (Հովհ. ԺԴ 3), եւ վստահություն տա հուսալու, որ մարմնով մտնելու ենք հավիտենական ժառանգություն. «Եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 7): Քրիստոս համբարձվելով՝ ավելի մոտեցավ մարդկանց: Չէ՞ որ Նա գնաց երկինք, իսկ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ երկինքը շատ հեռու չէ: Համաձայն Եկեղեցու հայրերի մեկնության՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ պահած ունի մի կտոր երկինք, քանզի ասված է. «Դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո Հորը, եւ քո Հայրը, որ տեսնում է՝ ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. Զ 6):

Հետո, երբ Հիսուս աղոթել սովորեցրեց, ասաց. «Հայր մեր, որ երկնքում ես...» (Մատթ. Զ 9): Այսինքն՝ երկնքում գտնվող Հայրը տեսնում եւ լսում է մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ միայնակ փակված է իր սենյակում, որովհետեւ երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուրի մեջ, եւ, ինքն էլ գտնվելով երկնքում, միշտ մնում է նրանց հետ ու սպասում նրանց դարձին: Ուստի Տիրոջ Համբարձումը մեզ համար նաեւ Հոգեգալստյան պարգեւի պատրաստում էր: Քրիստոս համբարձվեց երկինք, որտեղից իջել էր՝ Իր աստվածային զորությամբ փրկելու մեղավորներին եւ ազատագրելու նրանց մահվան հավիտենական կապանքներից: ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անուններով: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ մասնակիցներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ, աղջիկներից մեկին հագցնում են հարսի զգեստ, վերցնում ծաղիկները եւ շրջում տնե-տուն՝ երգելով, կատակելով: Ապա սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են իրերը, որոնց տերերին խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:

Համբարձման տոնակատարության գլխավոր հյուրասիրությունն է կաթնապուրը, որը պտղաբերության խորհուրդն ուներ, քանզի պատրաստվում էր կյանքի շարունակության խորհրդանիշ հատիկով եւ աճ, բազմացում ապահովող կաթով: Զատկից մինչեւ Համբարձում կաթնապուր չէին պատրաստում, որ կովերի կաթը չպակասեր, եւ Համբարձմանը առաջին անգամ եփվող կաթնապուրը ճաշակվում էր մեծ հանդիսավորությամբ, անցորդներին հրավիրում էին ճաշակելու եւ դրանից բաժին հանում դրկիցներին:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ

Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնի օրը հիշատակում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: Պատմության պարտադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած եւ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով հաստատված Հայրապետական Աթոռը 1441 թ., Վաղարշապատի եկեղեցական ժողովի որոշմամբ, մեկընդմիշտ վերահաստատվում է Ս. Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն շնորհվել էր փառքի լույսը:

Ի հիշատակություն պատմական այդ օրվա՝ Ս. Էջմիածնում, Համբարձման տոնի առիթով մատուցվող, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Հայրապետական Աթոռի՝ շուրջ հազարամյա տարագրությունից հետո, վերստին իր աստվածընտիր սուրբ վայրում հաստատվելու իրողությունը Հայաստանյայց Եկեղեցին հայտարարել է ազգային տոն:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 14-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզով, պատարագիչ Տեր Հայրը դիմեց ներկաներին՝ մեկնելով տոնի խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները