Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

պրիլի 12-ին՝ Կրկնազատիկի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին:

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայ ժողովուրդը հայացրել կամ ազգայնացրել է Ս. Գեւորգ Զորավարին եւ կառուցել Սրբի անունը կրող մեծաթիվ եկեղեցիներ: Մուղնու Ս. Գեւորգը 17-րդ դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից: Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ ընկան՝ աղոթասացությամբ եւ շարականների երգեցողությամբ: Այդ օրը, ի մխիթարություն եւ օրհնություն հավատացյալ ժողովրդի, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մատյանը գրվել է Վասպուրականում, 15-րդ դարում, Բարսեղ Վարդապետի ձեռամբ: Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրան: Ավանդության համաձայն՝ Արաքսն անցնելիս, Ավետարանն ընկնում է գետը եւ յոթը տարի մնում այնտեղ: Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել մատյանը, այն ունենում է սկզբնական տեսքը: Ընդամենը մի քանի թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում: Ջրի հետքերն առ այսօր նկատելի են: Հետագայում Ավետարանը պահվել է Իրանի Շուրիշկան գյուղում, իսկ իրանահայերն ամեն տարի՝ Ս. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը (Կրկնազատիկին), նվիրական ուխտի են գնացել ու խոնարհվել պաշտելի Ավետարանին: 70-ական թվականներին Ավետարանը բերվեց Հայաստան եւ պահ տրվեց Մատենադարանին:

Սուրբ Գեւորգ եկեղեցում, մեծաթիվ ուխավորների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Զաքարիա ծայրագոււն վրդ. Բաղումյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրել Ս. Ավետարանը, ինչպես նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԿԱՐՊԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Երկրորդ սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Կարպիի Ս. Աստվածածինն էր, որ իր պարզությամբ ու գեղեցկությամբ մեզ է հասել 14-րդ դարից: Վերանորոգվել է 1999-ին եւ վերաօծվել երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ՕՀԱՆԱՎԱՆՔ, ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Երրորդ հանգրվանը Օհանավանի եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին «Տերունական աղոթք»-ը եւ «Տեր ողորմյա»-ն:

Այնուհետեւ ուխտավորները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Սաղմոսավանք, որ վերջին հանգրվանն էր: Համալիրի բաղկացուցիչ մասերն են Ս. Սիոն եւ Ս. Աստվածածին եկեղեցիները: Ըստ ավանդության՝ վանական համալիրը հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: 13-րդ դարի այս կառույցն ինչպես տեղաբնակների, այնպես էլ ուխտավորների համար եղել է սիրելի ուխտավայր: Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանավորությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները