| «ԱՆԻՐԱՎ
ՄԱՄՈՆԱՅԻՑ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԱՐԵՔ...»
ՄԵԾ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Միշտ մի բարի բան արա, որպեսզի
բանսարկուն քեզ զբաղված գտնի
եւ չմոտենա քեզ»:
Ս. ՀԵՐՈՆԻՍՈՍ ԵՐԱՆԵԼԻ
 եծ
պահքի չորրորդ՝ Անիրավ տնտեսի կիրակիի մեծաթիվ խորհուրդներից մեկն
է բացահայտում երանելի Հերոնիսոսի այս խոսքը: Տնտեսի առակը դժվարընկալելի
է համարվում քրիստոնեական մտածողության համար: Այն հանդիմանության
ու քննադատության է արժանացել դեռեւս չորրորդ դարում, Հուլիանոս
Ուրացող կայսեր կողմից, որն ամեն կերպ փորձում էր խարխլել, արդեն
հզորացած եւ ժողովրդի մեջ բավականին տարածված, քրիստոնեության դիրքերը:
Այս առակով Հիսուս պատմում է զուտ աշխարհիկ, անիրավ, բարոյական սկզբունքներից
զուրկ մի տնտեսի մասին, ով ջանք չէր խնայում իր երկրային ու ֆիզիկական
կյանքն ապահովելու համար: Երբ նրան ամբաստանում են տիրոջ առջեւ,
թե վատնում է վերջինիս ունեցվածքը, տերը կանչում է նրան եւ հաշվետվություն
պահանջում: Տնտեսն անհանգստանում է, որ կարող է բացահայտվել իր անազնվությունը,
կանչում է տիրոջ պարտապաններին եւ փոխում նրանց մուրհակները: Իմանալով
այդ մասին՝ տերը գովում է նրան:
Այս գովեստն ապացուցում է, որ, փոխելով վարձակալների պարտավճարները,
տնտեսն իր տիրոջը ոչ մի վնաս չպատճառեց եւ ոչ մի հանցավոր բան չկատարեց:
Իսկ ի՞նչ արարք նա թույլ տվեց: Այգիներն ու դաշտերը վարձակալության
տալիս նա պարտապաններից պահանջում էր ավելին, քան նշանակել էր տերը,
եւ այդ ավելին մնում էր իրեն: Ահա, ծանր վիճակից դուրս գալու ելքեր
փնտրելիս, նա հիշում է այն վարձակալներին, որոնց ճնշել էր: Արթնանում
է նրա խիղճը, եւ վերջինս զգում ու ցանկանում է քավել իր մեղքերը՝
նրանց լավություն անելով: Կանչելով վերջիններիս՝ տնտեսը զիջում է
միայն այն վճարաչափը, որ կանխատեսել էր իր համար: Քանի որ այդ վարձավճարները
նույնական չէին, ուստի զիջում է 50 տոկոսով, մյուսին 20 եւ այդպես
շարունակ:
Յուրաքանչյուր ոք այս աշխարհում Աստծո կողմից նշանակված տնտես է,
ով պետք է իմաստնաբար տնօրինի իր բաժին տնտեսությունը՝ կյանքը, խելքը,
շնորհները, ինչպես նաեւ նյութական հարստությունն ու ունեցվածքը:
«Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են՝ իրենց շրջանակում իրենց
գործերը եւ հետապնդածը հաջողեցնելու համար, քան լույսի որդիներն
իրենց սերնդի մեջ» (Ղուկ. ԺԶ): Աշխարհի որդիները նրանք են, ովքեր
ապրում են զուտ այս աշխարհի համար, դրա չափանիշներով եւ պահանջներին
համապատասխան: Նրանց խորթ են բարոյական օրենքները, օգտակար են այնքանով,
որքանով ծառայում են իրենց շահին ու հաճույքին: Չեն հավատում Աստծո
գոյությանը եւ, բնականաբար, չեն ձգտում հավիտենական կյանքի: Սրանց
բնորոշ ներկայացուցիչն առակի տնտեսն է: Եթե նման մեկը գիտակցի իր
կյանքի ողջ մեղսալիությունը եւ, հանցանքները թաքցնելու փոխարեն,
բոլորի առջեւ բացի ողջ մեղքերը, ներկայացնի իր կյանքի ողջ կործանարարությունը
եւ դրանով նրանց զերծ պահի իրեն ու իր նման մեղավորներին նմանվելուց,
ապա շատերը կխուսափեն մեղք գործելուց: Հակառակ այս մարդկանց՝ լույսի
որդիների համար երկնային կյանքը կարեւոր է այնքանով, որքանով ապահովում
ու արդյունավորում է հավիտենական կյանքը, եւ նրանց բարոյական չափանիշները
խարսխված են Ավետարանի պատվիրաններին. «Այսուհետեւ խորագետ եղեք
օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների նման» (Մտթ. Ժ 16-17):
Անիրավ տնտեսն անկշտորեն վատնելով տիրոջ ունեցվածքը՝ հարկ եղած ժամանակ
դրսեւորեց իմաստուն գործելակերպ՝ տիրոջ բարեհաճությունը վերականգնելով:
Որքան իրական է եւ այժմեական այս տնտեսի կերպարը: Մեր մեղավոր եւ
ամեն տեսակ գայթակղություններով լի դարում ամենքս կարող ենք դառնալ
անիրավ, բայց ոչ բոլորս ենք ի վիճակի գործել տնտեսի իմաստությամբ
ու հնարագիտությամբ:
Մարտի 8-ին՝ Անիրավ տնտեսի կիրակի օրը, առաջնորդանիստ Ս. Աստվածածին
մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող եւ առակի խորհուրդը հանգամանալից
մեկնող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|