| «ԱՂԱՂԱԿԵՑԷՔ
ԱՌ ՏԷՐ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ, ԾԱՌԱՅԵՑԷՔ
ՏԵԱՌՆ ՈՒՐԱ ԽՈՒԹԵԱՄԲ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
«Ցնծա՛, Երուսաղէ՛մ, եւ զարդարեա՛
զառագաստ քո, Սիո՛ն, քանզի ահա
Թագաւոր քո Քրիստոս, նստեալ ի յաւանակի նորոյ, հեզութիւն ցուցանելով,
գայ մտանէ յառագաստ քո»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 հա
եւ իր լրմանը հասավ Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու
արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ
անտեսանելի զորակցությամբ ու խնամքով, մարդը ջանաց ճանաչել իրեն:
Պահքը խորհելու եւս մեկ առիթ էր՝ սեփական անձին անդրադառնալու, տարբեր
տեսակի կեղծ արժեքներից եւ հոգեկործան մեղքերից հոգին մաքրելու:
Խոստացված Մեսիային ընդառաջ գնացող բազմության, մանուկների եւ երիտասարդների
շրթներից աղբյուրացող հնավանդ օրհներգն այս օրերին մեկ անգամ եւս
հաղթականորեն հնչում է հայոց եկեղեցիների կամարների ներքո: Այս երկնաբույր
օրհներգն էր, որ արձագանքեց նրանց հոգիներում, ովքեր, ձիթենու եւ
արմավենու ոստերով, փառաբանության ու գոհաբանական բացականչություններով,
ողջ մթնոլորտը վերածեցին բացօթյա հրաշակերտ տաճարի: Ժողովրդի բազմությունն
աղաղկում էր. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով»
(Հովհ. ԺԲ 13):
Հիսուս՝ ավանակին նստած, մտավ Երուսաղեմ, որ ի կատար ածվի Աստծո
ծրագիրը: Հին ժամանակներում ավանակին բազմում էին արքաները: Մինչ
Քրիստոս կբազմեր մայր ավանակին, առաքյալներն իրենց հանդերձանքը փռեցին
կենդանու վրա: Սա խորհրդանշում է առաքյալների եւ համայն հավատացյալների
խոնարհումն Արարչին, իսկ փոքր ավանակը՝ առաքյալներին, որ, ժառանգորդ
եւ որդեգիր լինելով, կոչված են ավետարանել Տիրոջ Խոսքը, նաեւ այն,
որ հետայսու մարդկությունը Հիսուսի լուծը պիտի կրեր: Նրա սիրո պատվիրաններով
կամ Նոր Օրենքով պիտի մտներ Երուսաղեմ՝ Աստծո թագավորություն: Իսկ
այդ ճանապարհը խոնարհության ճանապարհ է, որովհետեւ «խոնարհ հոգին
Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50-19):
Ողջ
ճանապարհին մարդկանց կողմից փռված ձիթենու ճյուղերը, ինչը հայոց
մեջ փոխարինվեց ուռենու շիվերով, խորհրդանշում է մեր անձը, որ Արարչի
ոտքերի առջեւ է՝ պատրաստ ճկվելով դիմակայել փորձություններին: Այսպես
սպասելով Քրիստոսի երկրորդ գալստյանը՝ դիմավորում ենք Նրան՝ բացելով
նախ մեր սրտի օթեւանները, ուր մտնելով Երկնքի Արքան, Իր խաղաղությունն
է բերում մեզ:
Երուսաղեմի մուտքին Նրան դիմավորողների մեջ հիշատակվում են հատկապես
մանուկները, ովքեր անդադար երգում էին «օրհնութիւն Որդւոյ Դաւթի»:
Մանուկները վաղվա հասարակությունն են, ազգն ու Եկեղեցին: Մեր խնամքի,
գուրգուրանքի ու սիրո առարկան հանդիսացող այսօրվա մանկան ճիշտ դաստիարակությունից
է կախված ազգի ճակատագիրը: Սուրբ Գիրքն ավանդում է. «Երեխային կրթի՛ր
իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, եւ նա իր ծերության
ժամանակ չի խոտորվի դրանից» (Առ. ԻԲ 6):
Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին
են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ
Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
29
մարտի: Շիրակի թեմի բոլոր գործող եկեղեցիներում Ծաղկազարդի կիրակին
նշանավորվեց մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ.
քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվա խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:
Այս կիրակի եւս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ եւ
անմահ Պատարագին մասնակցում էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ.
Միքայել արքեպս. Աջապահյանը, որ դեռեւս գտնվում է տնային կալանքում:
Բոլոր եկեղեցիներում, սրբազան արարողակարգերից հետո, ներկա հավատացյալներին
բաժանվեցին ուռենու օրհնված ոստեր՝ ի հիշատակ Երուսաղեմյան տոնախմբության:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի արարողություն:
«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ
ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ» ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով ձիթենու բողոջած
ոստերը, բացականչում էին. «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով,
օրհնություն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 9), իսկ ներկաները բարձաձայնում
էին. «Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի
Ը 18): Սրբազան արարողության ավարտին կատարվեց մանուկների օրհնության
կարգ՝ համաձայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինության:
Եկեղեցի եկած բոլոր մանուկներին իր հայրական օրհնությունը բաշխեց
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոյանը:
«ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՔՈ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ» ԴՌՆԲԱՑԵՔ
Նույն
օրը՝ երեկոյան ժամը 17:00-ին կատարվեց Դռնբացեքի գեղեցիկ ու խորախորհուրդ
արարողակարգը: Արարողության խորհուրդն ու իմաստը բացահայտող «Բաց
մեզ Տէր» տաղին հետեւող փոխասացությունը, որ կատարվում է փակ Խորանի
վարագույրի հետեւում, հիշեցնում է կատարածի օրվա դատաստանը: Դռնբացեքի
արարողության ընթացքում պատկերավոր ձեւով ներկայացվում է վերջին
դատաստանը: Հիսուս Իր ողջության օրոք հաճախ էր խոսում կատարածի օրվա
եւ վերջին դատաստանի մասին, կոչ անում ժողովրդին ապաշխարել, մեղքերի
թողություն խնդրել, որպեսզի զերծ մնան հավիտենական տանջանքներից:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արարողակարգում Դռնբացեքը
բացառիկ տեղ է գրավում: Ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի
առնչվում, այլ պարզապես վերջին դատաստանի տեսանելի մի պատկերն է
պարզում հավատացյալներին: Դռնբացեքի արարողությունը խոսակցության,
հարց ու պատասխանի ձեւ ունի, որը եզակի է Հայաստանյայց Եկեղեցում:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|