|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Խավարի մեջ նստած ժողովուրդը
մեծ լույս տեսավ. եւ լույս ծագեց նրանց վրա,
որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ»:
ՄԱՏԹ. Դ 16
իրելի՛
հավատավոր ժողովուրդ,
Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թեւածում մեր
եկեղեցիներում, մեր ընտանիքներում: Միասնաբար փառաբանում ենք մեր
Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար:
Խավարի
մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. եւ լույս ծագեց նրանց վրա,
որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ»: Ավետարանիչն Աստվածորդու
Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ: Արդարեւ, «խորհուրդ մեծ
եւ սքանչելի»: Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ: Անծայրածիր
տիեզերքն ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին
բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին՝ մեղքը
թոթափելու, մահվան խավարից ելնելու եւ հավիտենության ժառանգորդ լինելու:
«Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու
Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու,
սրբագործվելու ու աստվածանալու:
Սիրելինե՛ր, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելն աշխարհը
դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ,
ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական
կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսեւորումները
տեսնում ենք նաեւ մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում
են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է
ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում
է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում վիրավորանքների
ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ եւ ազգանվեր
ծառայությունը ստորադասվում անձնական եւ խմբակային նեղ շահերի:
Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների: Այս
իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը
եւ խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին: Հակառակ
անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին
իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ
կոչմանն ու առաքելությանը: Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված
մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների
քարոզչությամբ՝ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան եւ
տուն Աստծո»:
Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս
մարդուն, քանզի, ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի
տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից եւ ապրելը
(18.23): Քրիստոսով մեր առջեւ բացվում է վերհառնումի, հավատով նորոգության
ուղին: Ըստ Առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող
է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. Բ 4, Հռ. ԺԴ 24) խռովահույզ
աշխարհի ալեկոծություններում: Աստվածորդու փրկարար զորությամբ է,
որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, եւ Փրկչի Սուրբ Ծննդյամբ
լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի եւ ստվերների
մեջ:
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը
եւ բեթղեհեմյան աստղի լույսն այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր
են՝ Աստծուն ապավինելով կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու
խաղաղություն աշխարհում եւ հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս
պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում
մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական,
ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի: Վճռակամ
լինենք՝ հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն
ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք
մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը:
Մեր առջեւ բացված է ճանապարհ դեպի Տերը, դեպի երկնառաք պարգեւներ
ու հավիտենություն: Այդ ուղով, տերունական պատգամների իրագործումով
է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, եւ, Ավետարանչի
խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում՝ մեր նեղությունների ու
դժբախտությունների հաղթահարման ճանապարհին: Արդ, պարզասիրտ հովիվների
ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին
եւ մեր սրտերը բացենք՝ մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար:
Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգեւած շնորհներով վերափոխվելու, որպեսզի
ինչպես Քրիստոս ծնվեց եւ դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ
ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ Առաքյալի խոսքի. «Երբ ժամանակն
իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն
ընդունենք» (Գաղ. Դ 4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված
այս մեծագույն շնորհին եւ, աստվածահաճո նորանոր իրագործումներով,
կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան եւ սերունդների լուսավոր գալիքը:
Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ
Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ
Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք
Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին: Ի Քրիստոս սիրով ողջունում
ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունն
իրենց աստվածապատվեր առաքելության մեջ: Հայրապետական Մեր օրհնությունն
ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին
եւ համայն հավատավոր մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս:
Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության հուսառատ այս օրն աղոթք բարձրացնենք
առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թեւածի ողջ աշխարհում,
հայրենի մեր եզերքներում, եւ ապահովության ու շենության մեջ հզորանա
մեր պետությունը, բարօրության մեջ հարատեւի մեր ժողովուրդը: Հայց
վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության
ու ոգու ամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների վերականգման
համար: Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար
զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության եւ նրանց ծնողների
ու հարազատների մխիթարության համար: Աղոթենք ապօրինաբար ազատազրկված
հոգեւորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլեւ
գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար: Թող
Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ
մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով,
եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջն այսօր
եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
>>>
|
|