| ՈՒԽՏԵՐԹ
ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
եկտեմբերի
25-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի
հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ՝ Ս. Ստեփանոս
Նախավկայի հիշատակության օրվա առիթով, Ազատան համայնքի մուտքից,
ուխտավորները, միախորհուրդ աղոթքներով ու շարականներով, խաչ-խաչվառների
թափորով եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքով, շարժվեցին Սուրբ
Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելով
Հայոց Հայրապետի արեւշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության,
ապօրինի անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի, Բագրատ, Մկրտիչ եւ Արշակ Սրբազանների, Գարեգին
քահանայի եւ մյուս ապօրինի կալանավորվածների համար:
Ազատանի
Սուրբ Ստեփանոս (Սուրբ Հարություն) եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ
Պատարագ՝ ձեռամբ Ազատանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն.
Գալամդարյանի:
«Քրիստոսի հաղթանակն ամեն անգամ վերահաստատվում է, վերահաստատվում
է, որ Քրիստոս Իր Հարությամբ հաղթանակ է տարել չարի, մահվան նկատմամբ:
Եվ այսօր, Սուրբ Ստեփանոսի հիշատակը ոգեկոչելով, եւս մեկ անգամ վերահաստատում
ենք այս հաղթանակը եւ վերահաստատելով ասում՝ Եկեղեցին անհաղթահարելի
է մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Բոլոր հալածանքները, որ պիտի գան, շատերի
համար գայթակղություն կլինեն, մեծ մասն ամուր կլինի, ոմանք էլ իրենց
կյանքը կտան: Բայց այս ամենը հավիտենականության եւ տիեզերականության
մեջ անցողիկ են: Տիրոջ հաղթանակն է մնայուն. մնայուն է այն նահատակներով,
այն նվիրյալներով, որոնք դարեր շարունակ, Քրիստոսի Ճշմարտության
համար, պատրաստ են եղել իրենց կյանքը տալ, բայց չհրաժարվել դրանից:
Այսօր եւս Հայ Եկեղեցին իր հալածանքի շրջանն է անցնում: Ունենք չորս
ձերբակալված եպիսկոպոսներ, մեկ տնային կալանքի մեջ գտնվող քահանա
եւ անօրինաբար մեծ թվով ձերբակալվածներ: Այս իրողությունը գալիս
է եւս մեկ անգամ վերահաստատելու, որ չարը երբեք իր նպատակներից չի
հրաժարվում, բայց դրանից վախենալ պետք չէ: Շատերն ասում են՝ հոգեւորականը
պետք է միայն Աստծո խոսքը քարոզի, չպիտի մտնի տարբեր ոլորտների մեջ:
Եթե այսպես են ասում՝ քրիստոնեությունից բան չեն հասկանում, Աստվածաշունչը
չեն կարդացել, որովհետեւ Եղիա մարգարեն արքային ասում է, որ սխալ
ընթացքի մեջ է, Նաթան մարգարեն ասում է նույնը, Հովհաննես Մկրտիչը
եւս, նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում:
Աստվածային Ճշմարտությունը տեղ-տեղ լռելու մեջ չէ, Աստվածային Ճշմարտությունը
միշտ այն բարձրաձայնելու մեջ է: Այդ լռությունը պատեհապաշտության
կարող է վերածվել, իսկ հոգեւորականը, ով Եզեկիել մարգարեի բերանով
«դետ» է կարգված, տեսուչ է կարգված՝ իր հոտին զգուշացնելու վտանգների,
սխալների, սխալ ընթացքի մասին, լինի ամենաբարձրը, թե ռամիկը, իրավունք
չունի լռելու, Ճշմարտությունն ասելը հոգեւորականի առաքելությունն
է»,- իր խոսքում նշեց պատարագիչ Տեր Հայրը:
Հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռվեց երկրպագել եւ համբուրել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ մասունքը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|