Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ՆՈՒՌԸ ՆԵՐԿԱ ԵՎ ԳԱԼԻՔ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՆՌՆՕՐՀՆԵՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Հայոց Եկեղեցում հաստատվեց եւս մեկ բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը: Այլեւս ամեն տարի՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:00-ին մեր բոլոր եկեղեցիներում կատարվում է նռան օրհնության կարգ:

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության եւ ամուսնության խորհուրդ ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները՝ սերնդագործության հետ: Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան զավակ նա կունենար: Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրեւ կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում՝ մինչեւ Է դարը, նռան պատկերագրություն չունենք, բացառություն է, այս առումով, Զվարթնոցի տաճարը: Պահպանված միակ վկայությունը քարե մի սյուն է՝ նռան պատկերով, որ գտնվել է Սարդարապատում: Այս լռության պատճառն այն է, որ քրիստոնեությունը նոր խորհրդանիշներ բերեց, եւ նուռն իր տեղը զիջեց խաղողին, իսկ Անահիտ չաստվածուհուն նուռ նվիրաբերելու մեր նախնիների սովորույթը փոխվեց Ս. Աստվածածնի պաշտամունքով:

Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերի խորանների մեկնություններում նուռը խորհրդանշում է մարգարեների խոսքերը, որոնք, կանխասացական վկայություններով, նախապատրաստում էին Փրկչի գալստյանը եւ ծածուկ ավետում աստվածային փրկագործությունը. «…Որպես կեղեւաւք ծածկէին առակաւք զքաղցրութեան աւետիսն»: Իսկ կեղեւի մեջ պարփակված կարմրագույն պտուղը Ս. Ավետարանն է, որ իր քաղցրությամբ, աստվածային սիրով, բարությամբ, զոհաբերությամբ ու շնորհներով փրկություն եւ հավիտենական կյանք պարգեւեց:

Հին Ուխտում նռան ծաղկաբողբոջները մաս են կազմել քահանայապետական զգեստի՝ զարդարելով ներքին պատմուճանների քղանցքները. «Դրանք կգործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն» (Ելք ԻԸ 33): Նուռն իր հոգեւոր խորհրդաբանությամբ նաեւ ներկայացնում է մարդու երկրավոր եւ երկնային կյանքը: Դառը կեղեւը՝ իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որ պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների՝ հավատի, հույսի, սիրո թագով: Վերջիններս համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին՝ Հորը (հավատք), Որդուն (հույս) եւ Սուրբ Հոգուն (սեր):

Տարեմտին՝ դեկտեմբերի 31-ին, ճիշտ ժամը 00:00-ին, ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Ամենափրկիչ, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Սարգիս եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ: Ս. Յոթվերք մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

Ի դեպ՝ արարողակարգի համար նախատեսված նուռը Սուրբ Աստվածածին եկեղեցուն էր ընծայել այս տարվա խաչքավոր Սեդրակ Հարությունյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները