| «
Ի ՁԵՌՆ ՍՈՐԻՆ ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԵԱ ՄԵԶ, ՏԷՐ,
ԶՄԵԾ ՔՈ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆԴ»
ԴՊՐԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ ՍՈԻՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Եթե մեկն ուզում է հետեւել
ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը
եւ գա իմ հետեւից»:
ՄԱՏԹ. ԺԶ 24
 ռաքելական
հաջորդականության Սրբազան արարողությամբ կրկին վերակենդանացել էր
Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցին, որ ցայսօր պահել է դարերի հիշողությունն
իր սրբասուրբ կամարների ներքո: Հոգեւոր աստիճանը փառքի, ինչքեր կուտակելու,
հպարտության աստիճան չէ, այլ աստիճան է խոնարհության, նվիրումի,
Սուրբ Սեղանին ծառայություն բերելու, ժողովրդի մեջ առաքելական շնորհը
փոխանցելու, անհավատներին եկեղեցի կանչելու, փոքրերին Աստծո Ս. Տաճարն
առաջնորդելու, հիվանդներին, տարեցներին այցելելու, ինչպես նաեւ ծառայություն
մատուցելու բոլոր այն անձանց, ովքեր ունեն Աստծո խոսքի կարոտը: Երկար
ընդմիջումից հետո՝ դեկտեմերի 27-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի ծննդյան տոնի առիթով, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում,
հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց ուրարակրության եւ դպրության
աստիճանի տվչության հանդիսավոր արարողություն՝ ձեռամբ Շիրակի թեմի
հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի: Հայ Առաքելական Եկեղեցու
փոքր աստիճաններից առաջին չորսը կոչվում են դպրություն: Դպիրները
շապիկ են հագնում, կիսասարկավագի պաշտոն կատարում, երգում շարականներ
եւ մասնավորապես Սուրբ Պատարագի երգերը:
Հավարտ
երեկոյան ժամերգության, Սուրբգրային ընթերցվածների եւ շարականների
երգեցողության ուղեկցությամբ, դպրության աստիճան ստացան, Շիրակի
թեմի եկեղեցիներում սպասավորող, 13 եկեղեցասեր հայորդիներ՝ Ռուբեն
Ադամյանը, Նարեկ Մինասյանը, Կորյուն Թադեւոսյանը, Վաղարշակ Սարգսյանը,
Սանասար Իսկանդարյանը, Օնիկ Վարդանյանը, Արա Մարտիրոսյանը, Մհեր
Առաքելյանը, Արթուր Կոստանյանը, Հակոբ Բերնեցյանը, Դավիդ Դավթյանը,
Ռոբերտ Վարժապետյանը, ուրարակիր Մանուկ Հովհաննիսյանը, Իշխան Բարոյանը,
Կարեն Խաչատրյանը եւ Վաղարշակ Սարգսյանը, նաեւ ստացան ուրար կրելու
իրավունք: Ընծայյալները ծնրադրեցին եկեղեցու դռան մոտ՝ Սրբազան Հոր
առջեւ: Նարեկ Սրբազանը նախ խաչաձեւ կտրեց ընծայյալների մազերը՝ այսպես
բանաձեւելով. «Ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն
աշխարհիս»: Հետո նրանց տվեց սաղմոսարանը, որ Ատյանի Ժամագիրքն է՝
ասելով. «Ունկն դիր եւ տես, զոր եղանակես բերանով», ապա հանձնեց
ավելը. «Առ քեզ հրաման լինել աւելածու ի տան Տեառն եւ ի գաւիթս Աստուծոյ»:
Դռնապանի աստիճանը տրվեց նույն տեղում, հետո եկեղեցու բանալին Սրբազան
Հայրը դրեց ընծայյալների ձեռքը՝ ասելով. «Առ քեզ իշխանութիւն բանալոյ
եւ փակելոյ զդուռն սրբոյ տաճարիս…», որից հետո կատարվեց ընթերցողի
կարգ. «Առ քեզ իշխանութիւն ընթեռնեալ զգիրս զայս եւ լեր աստուածային
բանին պատմող եւ տեղեկացիր նոցին...»: Այնուհետեւ եպիսկոպոսական
աթոռը դրվեց դասի առջեւ եւ կատարվեց ջահընկալի կարգը: Սրբազան Հայրը
նստելով աթոռին՝ լուսավառ աշտանակը հանձնեց ընծայացուներին՝ ասելով.
«Ընկալ զաշտանակ լապտերիս եւ ունիս իշխանութիւն լուցանել զջահս եւ
զկանթեղս ի սուրբ եկեղեցիս», ապա տվեց նաեւ դատարկ բաժակամանը. «Առ
զբաժակամանս զայս՝ լնուլ ի սա զգինի ի սպաս խորհրդոյն»:
Հավարտ
արարողության դպիրներին իր հայրական օրհնությունը բաշխեց Նարեկ Սրբազանը:
Բարեմաղթանքի խոսքում Սրբազան Հայրն առանձնակի շեշտեց հոգեւորականի
պարտականության դժվարությունները, դրանց հաղթահարման ճանապարհին
գործադրվելիք ջանքերը՝ նաեւ մաղթելով, որ դպիրները եւ ուրարակիրներն
առավել բարձր աստիճանների հասնեն իրենց աստվածատուր գործի խորդուբորդ
ընթացքին: «Հոգեւոր մխիթարությամբ եւ խառը զգացմունքներով ենք համակված,
որովհետեւ կատարեցինք դպրական ատիճանի տվչություն, բայց, ինչպես
ասացի, խառը զգացողությամբ, որովհետեւ այսօր մեր սիրելի Սրբազանի
տարեդարձն է, եւ բոլորդ էլ լավ գիտեք, թե ինչ վիճակում է նա: Ուրեմն՝
մենք մասնավորաբար այս արարողությունն ամսի 24-ի փոխարեն կատարեցինք
այսօր, որ մեծագույն նվեր լինի մեր սիրելի Սրբազանին, եւ ինչպես
մեզ, այնպես նաեւ նրա համար լինի հոգեւոր մխիթարություն: Այս տվչությունը,
ձեր ներկայությունը, բայց նաեւ ու մանավանդ ձեր նախանձախնդիր ծառայությունը,
խոսում են այն մասին, որ Շիրակի թեմը շարունակում է իր առաքելությունը:
Հետեւաբար՝ հասկանում ենք ամենքս, թե որքան մեծ պատասխանատվություն
ունենք այս պահին, երբ մեր Սրբազանը բանտարկության մեջ է: Մենք պետք
է կարողանանք նրա նպատակները, ծրագրերը, ի վերջո տարիների ծառայությունն
ու աշխատանքը շարունակել, որպեսզի իր համար լինի մխիթարություն,
իսկ մեզ համար՝ այն ներքին զսպանակող ուժը, որով պիտի կարողանանք
Սրբազանին փոխանցել մեր զգացմունքները, մեր սերը»,- իր խոսքում նշեց
Նարեկ Սրբազանը:
Արարողությանը ներկա էին թեմի արժանապատիվ Տեր Հայրերը, ծնողներ
եւ հավատացյալներ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|