| «ԱՒԵՏԱՐԱՆԵՄ
ՁԵԶ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՄԵԾ,
ՈՐ ԵՂԻՑԻ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ»
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒԸ ՇԻՐԱԿԻ
ԹԵՄՈՒՄ
 ամայն
քրիստոնյա աշխարհում հոգեւոր ուրախությունների սկիզբը Սուրբ Ծննդյան
եւ Աստվածահայտնության տոնն է, որ կարգեց Ս. Հակոբոս Առաքյալը: Մարդ
արարածը երկրի վրա միշտ որոնել ու որոնում է ճշմարտությունը, բայց
այն մարդկությանն է պարզվել աստվածային բարձունքներից՝ բեթղեհեմյան
աստղալույսով առաջնորդելով դեպի սուրբ այրի մեջ ծնված Հիսուս Մանուկը:
Քրիստոսի հրաշափառ Ծննդյամբ աշխարհը ողողվեց Աստվածային Լույսով,
մեկ անգամ եւս Աստված ժպտաց մարդկությանը մանկական անմեղ ժպիտով,
վերահաստատեց մարդու մեջ Իր աստվածային պատկերը, որ եղծվել էր Ադամով:
«Խորհուրդ մեծ եւ սքանչելի» է Փրկչի Ծնունդը: Երկնքի անհասանելի
բարձուքներից մարդասեր Տերը խոնարհվեց՝ որպես մանուկ ծնվելով քարայրում:
Քրիստոսի Մկրտությամբ Հայտնություն եղավ, քանզի հայտնի դարձավ Հիսուսի
Աստվածությունը: Այդ մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին եւ Հովհաննես
Մկրտիչը: Հայտնվեց նաեւ Երրորդության խորհուրդը՝ Որդու մկրտությամբ,
Հոր ձայնով եւ Սուրբ Հոգու աղավնակերպ էջքով: Օրվա արեւածագը հավատի
լույսով եւ փրկության հույսով է բացվում, իսկ մենք՝ հավատացյալներս,
ասես «լսում» ենք հրեշտակների երգը. «Փառք Աստծուն բարձունքներում,
երկրի վրա խաղաղություն եւ հաճություն մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14):
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ
Հունվարի
5-ի երեկոյան ժամերգության ընթացքում, նախնյաց ավանդույթի համաձայն,
խորհրդին հատուկ արարողակարգով վառվեցին հայոց եկեղեցիների ջահերն
ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող բեթղեհեմյան լուսաշող
աստղը:
Մինչ Պատարագը՝ կատարվեց երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային
տարբեր հատվածներ, այնուհետեւ չորս սարկավագներ ընթեցեցին Դանիելի
մարգարեությունը: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն
էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում`
«Հայր մեր»-ից առաջ, ներկաներին օրվան պատշաճող ոգեշունչ քարոզով
դիմեց պատարագիչ Տեր Հայրը՝ ի մասնավորի նշելով, որ Աստված մարդացավ,
որպեսզի մարդը կարողանա Աստծո մոտ հասնել:
ՈՉ ՄԵԿՆԵԼՈՎ Ի ՀՕՐԷ, Ի ՍՈՒՐԲ ԱՅՐԻՆ ԲԱԶՄԵՑԱՒ
6-ը հունվարի: Հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների
հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր,
խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին: Հայոց եկեղեցիներում
կրկին հնչեցին հոգենորոգ այս խոսքերը. «Զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ»:
Ս. Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ընթերցվեց
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը,
որով կրկին հիշատակվում էր բեթղեհեյան անմար աստղից ճառագող սերը,
ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման:
ՋՐՕՐՀՆԵՔ
Հայ Առաքելական Ս. Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Ս. Ծննդյան Պատարագից
հետո, կատարվում է Ջրօրհնյաց կարգ, ինչը խորհրդանշում է Քրիստոսի
մկրտությունը: Հավարտ սրբազան արարողակարգի, հանդիսապետությամբ Տ.
Նարեկ եպս. Ավագյանի, հոգեւորականաց թափորը, ինչպես նաեւ հավատացյալների
հոծ բազմությունը Ս. Աստվածածին եկեղեցուց ուղղվեցին դեպի Վարդանանց
հրապարակ, ուր, ի հիշատակ Քրիստոսի Հորդանանում մկրտության, կենաց
ծառը խորհրդանշող մայր եղեւնու հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի
վրա, կատարվեց Ջրօրհնեքի հանդիսավոր արարողակարգ՝ խաչքավորությամբ
Սեդրակ Հարությունյանի: Այս արարողության հաստատումը վերագրում են
Քրիստոսի առաքյալներին ու հետեւորդներին, Եկեղեցու սրբակյաց հայրերին:
Սակայն
առաջին մեծագույն օրինակը, որ տրվեց մարդկությանը, հենց Տիրոջ՝ Հիսուս
Քրիստոսի կողմից եղավ, որ Իր սուրբ մարմինն «ամփոփեաց զջուրն, այսինքն՝
հալեցոյց յԻնքն եւ զօրացոյց եւ սրբեաց զջուրն, զի նախ էր ջուրն սրբութիւն
մարմնոյ, եղեւ սրբութիւն հոգւոյ» (Ս. Գրիգոր Տաթեւացի): Սրբազան
Հայրը, խաչն իջեցնելով ջրի մեջ, Աստծուց հայցեց, որ ինչպես Ս. Հոգին
իջավ Տիրոջ վրա, այժմ նույնպես իջնի, օրհնի ու սրբացնի ջուրը: Ապա,
«Պահպանիչ» աղոթքի ուղեկցությամբ, խաչը հանձնեց Սեդրակ Հարությունյանին,
որ արժանացել էր տարվա ջրօրհնեքի խաչի կնքահայրը լինելու պատվին:
Արարողությունից հետո, ինչպես ընդունված է, հավատացյալներն օրհնված
ջուրը տուն տարան, որպեսզի ընտանիքի անդամներին եւս հաղորդակից դարձնեն
օրվա խորհրդին:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան հաջորդ օրը, Ս. Աստվածածին, Ս. Նշան,
Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Սարգիս,
Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|