|
«…ԶԻ ԱՅՐԻՆ ՏԱՌԱՊԵԱԼ ՇԱՏ ԱՐԿ, ՔԱՆ ԶԱՄԵՆԱՅՆ,
ՈՐ ԱՐԿԻՆ Ի ԳԱՆՁԱՆԱԿՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Քանզի ամենեքին յաւելորդաց
իւրեանց արկին, այլ նա ի չքաւորութենէ իւրմէ՝
զամենայն ինչ զոր ունէր՝ արկ, գոյիւ չափ զկեանս իւր»:
ՄԱՐԿ. ԺԲ 44
 ոկտեմբերի
12-ին Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում, որպես Շիրակի թեմի
հոգեւոր տեսուչ, իր անդրանիկ Սուրբ եւ անմահ Պատարագը մատուցեց Արթիկի
թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Ավագյանը: Սրբազան Հայրը,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
հայրապետական տնօրինությամբ, համատեղության կարգով, առժամապես նշանակվել
է թեմի հոգեւոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան
Հայրն օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց՝ հանգամանալից մեկնելով
օրվա խուրհուրդը: Իր բուն խոսքին անցնելուց առաջ՝ Նարեկ Սրբազանը,
դիմելով ներկա մեծաթիվ հավատացյալներին, ի մասնավորի ասաց. «Սիրելինե՛ր,
նախքան քարոզին անցնելը, ուզում եմ փառք տալ Աստծուն, որ այսօր,
այստեղ, միասնաբար աղոթակից ենք: Եվ երկրորդ՝ ամենքիդ փոխանցում
եմ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությունները: Մի քանի օր առաջ
հեռախոսազրույց ունեցանք եւ խնդրեցինք նրա օրհնությունը՝ այստեղ
պատարագելու: Ուրեմն՝ ակնկալում եմ ամենքիդ աղոթքների զորակցությունը
մեր սիրելի Սրբազան Հորը եւ Աստծո օժանդակությունն ու օրհնությունը՝
այս փորձառությունը հաղթահարելու համար: Այնուհետեւ Սրբազան Հայրը
ներկա հավատացյալներին դիմեց բուն քարոզով:
ՆԱՐԵԿ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Եւ
կոչեցեալ առ ինքն զաշակերտսն իւր, ասէ ցնոսա: Ամէն ասեմ ձեզ, զի
այրին այն տառապեալ շատ արկ քան զամենեսեան, որ արկին ի գանձանակն,
քանզի ամենեքին յաւելորդաց իւրեանց արկին, այլ նա ի չքաւորութենէ
իւրմէ՝ զամենայն ինչ զօր ունէր արկ, գոյիւ չափ զկեանս իւր» «Հաստա՛տ
իմացեք, որ այս թշվառ այրին բոլորից շատ դրամ գցեց գանձանակի մեջ,
որովհետեւ մյուսներն իրենց ավելորդ գումարներից գցեցին, մինչդեռ
նա, չնայած իր չքավորությանը, գցեց ինչ որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»
(Մարկ. ԺԲ 43-44):
Սիրելինե՛ր, օրվա Ավետարանը մեզ ներկայացնում է մի շատ հրաշալի դրվագ,
երբ Հիսուս Քրիստոս, տաճարի մեջ կանգնած, մեկուսի դիտում էր ժողովրդին,
թե ինչպես էին մտնում տաճար եւ նաեւ թե ինչպես էին հետո իրենց տուրքը
գցում տաճարում գտնվող տարբեր գանձանակների մեջ: Ուրեմն՝ երեւակայել
կարելի է, թե ինչպես է այդ տեսարանն ստեղծվում: Երբ փորձենք մտովի
պատկերացնել, կհասկանանք…: Մտնում էին մարդիկ՝ մեծահարուստներ, իրենց
ծանր կշռող դրամները գցում գանձանակի մեջ, ինչը, բնականաբար, ավելի
մեծ աղմուկ էր հանում եւ, փառք որոնող հայացքներով, փորձում էին
գրավել շրջապատի մարդկանց ապշահար նայվածքները: Այդ մարդկանց համակրանքին
երբեք չարժանացան Հիսուս Քրիստոս եւ Իր աշակերտները: Նրանց մասին
ակնարկը շատ կարճ եղավ, քանզի ամեն կողմից ասացին. «…Այդ իսկ էր
նրանց վարձքը»: Ահա գալիս է մի տառապյալ այրի, չքավոր մի կին եւ
իր վերջին երկու լուման նետում գանձանակի մեջ՝ շատ զգուշությամբ,
գաղտնի, առանց ուշադրություն գրավելու: Եվ իրոք՝ ո՞վ էր նա, որ կարողանար
ուշադրության արժանանալ:
Սակայն, ի տարբերություն մարդկանց անտարբերության, Քրիստոս կանչում
է առաքյալներին եւ ասում. «Հաստա՛տ իմացեք, որ այս թշվառ այրին բոլորից
շատ դրամ գցեց գանձանակի մեջ, որովհետեւ մյուսներն իրենց ավելորդ
գումարներից գցեցին, մինչդեռ նա, չնայած իր չքավորությանը, գցեց
ինչ որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ. ԺԲ 43-44):
Սիրելինե՛ր,
ավետարնական այս պատումը մի քանի երեսներ ունի, որոնց պետք է մասնավորաբար
անդրադառնանք՝ իմանալու համար, թե ի՞նչ է փոխանցում այսօր մեզ ավետարանական
այս հրաշալի պատումը, այլ կերպ ասած՝ ի՞նչ է ուսուցանում այրի կինն
իր շատ հայտնի երկու լումայով: Հասարակական կյանքում, սիրելինե՛ր,
գանձանակն այլ բան չէ, քան մեր պատմությունը: Եվ երբ փորձենք մտովի
վերհիշել մեր ազգի պատմությունը, կտեսնենք, կհասկանանք, բայց նաեւ
ու նամանավանդ կարձանագրենք, թե ինչպիսի մարդիկ են անցել մեր գանձանակի
առջեւից եւ ինչպիսի ընծաներ են նետել այնտեղ:
Իրոք, երբ փորձում ենք մտովի պատկերացնել, մեր մտապատկերի առջեւ
գալիս է մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ իր անձն է դրել
այդ գանձանակի մեջ՝ որպես մեր հավատքի կանթեղի անսպառ ձեթ, որ զետեղված
է Արագածի կատարին: Մեսրոպ Մաշտոց Վարդապետը, սիրելինե՛ր, իր գիրն
է դրել այդ գանձանակի մեջ՝ որպես մեր ինքնության գրավական: Ղեւոնդ
երեցն իր՝ թերեւս կոտրված խաչն է դրել այնտեղ՝ որպես հավատքի պահպանություն:
Եվ վստահաբար նրա կողքին Վարդան Մամիկոնյանն իր արյունոտված սուրն
է դրել՝ որպես ազգապաշտպանության գրավական: Մովսես Խորենացին իր
մատյանն է դրել՝ որպես մեր պատմության խորհրդանիշ: Նարեկացին իր
աղոթքն է դրել՝ որպես մեր ինքնության գրավական: Շնորհալին իր շարականն
է դրել՝ որպես մեր մշակույթի մեծագույն գոհար: Տաթեւացին իր գրքերն
է դրել այդ գանձանակի մեջ՝ որպես մեր հավատքի նախանձախնդրության
վկայություն: Անցել են բազում ճարտարապետներ՝ այնտեղ դնելով խաչքարեր,
վանքեր: Իսկ հիմա հերթը մերն է, որ անցնում ենք այդ գանձանակի առջեւից:
Այլ կերպ ասած՝ մեր տուրքը տալու ժամանակն է, սիրելինե՛ր:
… Ուստի այրի կինն այսօր մեզ փոխանցում է հետեւյալ պատգամը. երբեք
չլինենք այդ մշակույթի սպառողը, այլ լինենք ավելացնողը: …Ուրեմն,
սիրելինե՛ր, այս մտածումներով գոտեպնդված, աղոթենք միմյանց համար:
Շնորհ, սեր եւ խաղաղություն եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեան»:
Հավելումն օրվա խորհրդի՝ ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ
Մարմնին եւ Սուրբ Արյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|