Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ ԵԼ, ԲԱՐԲԱՌ ՆՈՑԱ,
ՄԻՆՉԵՒ Ի ԾԱԳՍ ԱՇԽԱՐՀԻ ԵՆ ԽՕՍՔ ՆՈՑԱ»
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ

«Եւ կերպարանք երեսաց նոցա՝ կերպարանք մարդոյ եւ կերպարանք առիւծու յաջմէ չորեցունց, եւ կերպարանք եզին եւ կերպարանք արծուոյ ի ձախմէ չորեցունց»:
ԵԶԵԿԻԷԼ Ա 10

աչելության ու Հարության միջոցով Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի եւ մեղքի դեմ, ինչպես նաեւ Աստծու թագավորության հաստատումն այն բարի լուրն էր, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: Այդ պատճառով Քրիստոսի վարդապետությունը եւ առաքյալների քարոզությունն անվանվեց Ավետարան:

Ավետարանիչները Հիսուսի մասին եկեղեցական ավանդության հավաքողներն ու արձանագրողներն են: Աստված, կամենալով Իր սուրբ կամքը հայտնել մարդկությանը, ընտրեց առաքյալներին, որոնք դարձան Նրա Հայտնության վկաները, խոսքերի քարոզիչները: Ավետարանիչներն են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը: Ըստ իրենց Ավետարանների բովանդակության ու ուղղվածության՝ նրանք եկեղեցական նկարչության մեջ երբեմն պատկերվում են խորհրդանիշներով՝ Եզեկիել մարգարեի տեսիլքում նկարագրված քառակերպ կենդանիների պատկերներով:

Մատթեոսի խորհրդանիշը մարդն է, որովհետեւ նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի ազգաբանությունը եւ ցույց տալիս մարդեղացած Տիրոջ ազգակցական կապն Աբրահամ Նահապետի ու Դավիթ թագավորի հետ: Մարկոսինը համարվում է առյուծը, որովհետեւ իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին, Ղուկասինը ցուլն է, որովհետեւ նրա Ավետարանն սկսում է Զաքարիայի քահանայագործության պատմությամբ, իսկ Հովհաննեսինը՝ արծիվը, քանզի իր ավետարանի սկզբում նա, ասես արծվի պես, բարձրանում է երկնային ոլորտներն ու ներկայացնում Հիսուսի Աստվածությունը:

ՄԱՏԹԵՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Մատթեոսը Գալիլիայի Կափառնա քաղաքում ապրող մի մաքսավոր էր՝ Ղեւի անունով, որին նաեւ Մատթեոս էին կոչում: Նրա Ավետարանը հանդիսանում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ: Հիսուսի տասներկու առաքյալներից է եւ, նախքան Քրիստոսին հետեւելը, մաքսավոր էր: Տիրոջ համբարձվելուց հետո գնաց քարոզելու Պաղեստինում: Մատթեոս Ավետարանչի մահվան մասին ստույգ տեղեկություններ չկան: Ոմանք ասում են նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթեւաստանում:

ՄԱՐԿՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Բառնաբասի եղբոր որդին էր, բնիկ երուսաղեմցի: Համաձայն մի հին ավանդության՝ Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը: Նա աշակերտել է Պետրոսին եւ Պողոսի հետ, քարոզել Անտիոքում, Կիպրոսում, Ալեքսանդրիայում: Պետրոս Առաքյալի հորդորով հենց Ալեքսանդրիայում էլ գրել է իր Ավետարանը:

ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Ծագումով հույն էր, Սիրիայի Անտիոք քաղաքից, ժամանակի ուսյալ ու զարգացած այրերից մեկը: Մասնագիտությամբ բժիշկ էր, պատմաբան ու նկարիչ: Ըստ ավանդության վրձնել է Տիրամոր պատկերը: Եղել է Պետրոս Առաքյալի աշակերտը, ում նահատակությունից հետո քարոզել է Իտալիայում, Գաղղիայում, Դաղմատիայում, Մակեդոնիայում, ուր եւ նահատակվել է: Նրա գրչին է պատկանում նաեւ «Գործք առաքելոց»-ը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Հին եկեղեցական ավանդությունը Հովհաննեսի Ավետարանը կոչում է «ոգեկան», իսկ մյուս երեքը մարմնական այն պատճառով, որ չորրորդ Ավետարանն ավելի բարձր է ու ոգեկան, քանզի Հիսուսի կյանքից վերցված դեպքերի շարադրությունը չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտությունն ու հավատքի վկայությունը: Գիտենք, որ նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր: Նաեւ բարեկամական կապ են ունեցել: Ըստ ավանդության՝ չորրորդ Ավետարանը գրվել է Եփեսոսում, Ա դարի վերջին: Իրինեոսն ասում է. «Ապա Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, այն որ նրա կուրծքն ընկավ, գրեց ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Եվս. Ե 4): Կղեմեոս Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս ավետարաններում, գրեց վերջում ոգեկան ավետարանը» (Եվս. Զ 14-7): Եկեղեցական ավանդությունն ասում է, որ մահից հետո Հովհաննես Առաքյալը նաեւ մարմնով վերափոխվեց երկինք՝ Սուրբ Աստվածածնի նման: Հավելենք նաեւ, որ Հովհաննու Հայտնության գիրքը հայերենի է թարգմանվել ԺԲ դարում, Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ Մատյանների թարգմանություններում: Եկեղեցական արարողակարգի ընթացքում սակայն Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

18 հոկտեմբերի: Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Հովհաննու: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները