| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
րբ
Հոգու սրտաբուխ կանչն առ եկեղեցին է, ապա անհնար է չձգտել վերջինիս:
Եկեղեցի, ուր խաղաղություն է բխում ամեն մի քարից եւ թվում է, թե,
խնկաբույր ծխի հետ, մեր հոգիներում ծնված սերն է բարձրանում դեպ
երկինք:
Հոկտեմբերի
18-ին մեկնեցինք հերթական ուխտագնացության: Մեզանից շատերը Լոռին
լավ չգիտեին, ուստի որոշեցինք հենց այդտեղ գնալ: Զարիկ Իգիթյանի
եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ մի խումբ ուխտավորներ մեկնեցին
Լոռի:
Առաջին կանգառը Դսեղի՝ 5-7-րդ դդ կառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցին էր: Այն եղել է խոնարհված եւ վերակառուցվել է 1999 թ.,
իսկ զանգակատունը՝ 2018 թվականին եւ օծվել ձեռամբ երջանկահիշատակ
Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանի: Ծանոթացանք եկեղեցու պատմությանը,
մոմեր վառեցինք, խաղաղություն եւ թողություն հայցելով՝ աղոթք բարձրացրինք
առ Աստված:
ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔ
Հաջորդ ուխտավայրը Հաղպատն էր: Համաշխարհային ճանաչում վայելող հազարամյա
այս վանքը մի հրաշալի համալիր է, ճարտարապետական անկրկնելի գոհար:
Հաղպատում տարիներ է անցկացրել մեծ սիրերգակ Սայաթ-Նովան: Նրա հիշատկին
այստեղ հուշաքար է դրված:
ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆՔ
Պակաս ուշագրավ չէ Ախթալայի վանքը: Այստեղի որմնանկարները գերում
են դիտողին, տանում մեր պատմության խորքերը, քրիստոնեության գերող
աշխարհ: Վանահայր Տեր Հեթումը ներկայացրեց վանքի եւ բնակավայրի պատմությունը:
Մենք ցավով դիտեցինք թշնամու կրակահերթերից որմնանկարների ստացած
վնասվածքները, ուրախությամբ լսեցինք վերջին տարիներին կատարված նորոգումների
մասին: Ս. Աստվածածին եկեղեցին իր հրաշալի կերտվածքով, մանրաքանդակ
ու նրբահյուս բարավորներով ու դեկորատիվ զարդաքանդակներով հիացմունք
է պատճառում: Ախթալայի վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին 5-րդ
դարի կառույց է: Այն ժամանակին հայերից վերցնելով, Իվանե ամիրասպասալարը՝
Զաքարեի եղբայրը, վերաձեւել է եւ դարձրել վրացադավան: Սա կատարել
է այն պատճառով, որ Իվանեի զորքում ծառայող հայերը, ովքեր դարձել
էին վրացադավան, աղոթելու տեղ ունենան: Մայր Եկեղեցու աջակողմյան
խորանում պահպանված է ոմն Մեսրոպ քահանայի տապանաքարը՝ փորագրված
երկաթագիր հին հայերենով: Ուխտավորներս այստեղ զմայլվեցինք վանական
համալիրի ճարտարապետական լուծումներով, որմնանկարներով եւ աղոթեցինք՝
շարականներ հնչեցնելով առ Աստված:
ՔՈԲԱՅՐ
Դեբետի գեղատեսիլ կիրճից բարձրանալով՝ ուխտավորները հմայված կանգ
առան աղոթատան առջեւ, որ, նստած ժայռի պռնկին, արթուն աչքով հսկում
է չորս դին արդեն 900 տարի…Հսկա ապառաժից կախված այս եկեղեցու չորս
կողմը քարանձավներ են կամ «քո»-եր, որի պատճառով էլ գուցե կնքվել
է նրա անունը: Շուրջը դարավոր ընկուզենիներ են, այգիներ…, աշնանային
պատկերն անչափ գեղեցիկ է: Ալավերդուց ոչ հեռու է գտնվում Քոբայրը՝
Թումանյան ավանի մոտ: Կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Բագրատունիներից
Կյուրիկե թագավորի եւ Զաքարյանների իշխանական տոհմի կողմից: Վերջինների
մի մասը քաղկեդոնիկ էր: Նրանց տնօրինած որոշ վանքերում հաստատում
էին քաղկեդոնական միաբանություններ: Ժայռի եզրին կառուցված եկեղեցին
Մարիամաշենն է: Կառուցվել է 1171 թ., Կյուրիկե թագավորի դուստր Մարիամի
կողմից: Հանդիսացել է միջնադարի կարեւոր հայ գրչօջախներից եւ մշակութային
կենտրոններից մեկը, որի հետ կապված է 12-րդ դարի նշանավոր մատենագիր
Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Խաչքարերից մեկի վրա զարմանքով
նկատեցինք կնոջ ուրվագծեր՝ ձեռքը կրծքին, երկար փեշերով, գոգնոցով:
Ո՞ւմ գերեզմանաքարն էր… Ասում են վանքում սարկավագուհիներ էլ են
եղել: Ցավոք օրըստօրե վտանգվում է Քոբայրը եւ այսօր էլ օգնության
է կանչում: 900 տարի ի վեր կռիվ տալով բնության տարերքի ու մարդկանց
անտարբերության դեմ՝ այն փնտրում է աստվածավախ սրտեր ու հոգատար
ձեռքեր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, գոհաբանական
աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված:
ՍԱՆԱՀԻՆ
Քոբայրից ուխտավորներն ուղեւորվեցին դեպի Սանահին: Սանահինը միջնադարյան
Հայաստանի խոշոր համալիրներից է, Կյուրիկյանների վարչական կենտրոնն
ու տոհմական դամբարանը, Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի
առաջնորդ եպիսկոպոսների աթոռանիստը: Վանական համալիրի Ս. Ամենափրկիչ
եկեղեցում եւս ուխտավորները փառաբանական աղոթք առաքեցին առ Ամենագութ
Բարձրյալը: Համաձայն մեզ ավանդված պատմության՝ վանքը հիմնել է Աշոտ
Ա Ողորմած արքան 966 թվականին:
Ս. ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻ
Ուխտավորների վերջին հանգրվանը Ալավերդու հոյակերտ Ս. Նարեկացի եկեղեցին
էր: Այստեղ այցելուները վառեցին իրենց հավատքի մոմերը, աղոթեցին,
երգեցին, հոգեպարար շարականներ՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունն
իր իսկ բառերը հեգելով… «Մարիր քաղցրութեամբ առ ուխտացեալս մեղաւք,
քաւեա ի պարտեաց ամենակատար բաւականութիւն…»:
Ուշ երեկոյան ուխտավորները, զորացած հոգով, բռնեցին տունդարձի ճանապարհը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|