Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ԼԵԶՈՒՆ Է
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ

«… Ամեն ճիգ ի գործ դրեք՝ պահպանելու հայոց լեզուն ձեր եկեղեցիներից
եւ ձեր ընտանեկան հարկից ներս»:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

ոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնի ուրախ առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի հովանավորությամբ ու նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար մեկնեցին Օշական՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու, Ս. Թարգմանչաց տոնի առիթով Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

Մեսրոպ Մաշտոցի շիրիմն ու եկեղեցի տանող ճանապարհը հայի համար նույն խորհուրդն ունի՝ ինչ Վիրապինը: Եթե վերջինս մեզ տանում է դեպի մեր հավատքի ակունքները, ապա մյուսը մեր մտավոր ու բազմաբեղուն ժառանգության, մեր ճշմարիտ ինքնության սկզբնավորումը: Դժվար է գնալ Օշական ու ճանապարհին չխորհել հայոց անկրկնելի գրերի, մեր պատմության ամենավսեմ ու խիստ ուսանելի ժամանակահատվածի մասին, երբ թագավորը, կաթողիկոսն ու գիտնականը մեկ ու միասնական էին մտորում, ծրագրում ու գործում էին միատեղ ու միասնական ջանքերով՝ ի շահ ազգի ֆիզիկական, հոգեւոր ու մտավոր լինելության, «Քաղաքական հաշտարար վարչութիւն մը եւ եկեղեցական ճշմարիտ հովվութիւն մը հետզհետէ պատրաստեցին, որ նորա ապագային երաշխաւորութիւնը պիտի ըլլար» (Մաղաքիա արքեպս. Օրմանյան): Հիրավի նախանձելի ժամանակներ… Գնալ Օշական ու զուգորդումներ չանցկացնել մեր փառավոր նախնիների ու մեր օրերի միջեւ, դժվար է…

ՕՇԱԿԱՆՈՒՄ

Հիշեց մեզ Տերը եւ օրհնեց՝ պարգեւելով անձինք պսակավոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին՝ հաստատելով յերկրի զգիր կենդանի»: Անշուշտ խորիմաստ ու հանճարեղ են շարականագիր վարդապետի այս խոսքերը՝ ձոնված Սուրբ Թարգմանիչներին, ովքեր դարերի ճանապարհ են անցել՝ մեզ պարգեւելով հայոց հանճարի ոսկեդարը: Հայոց գրերի գյուտից անմիջապես հետո հայ թարգմանիչների ավագ սերունդը ձեռնամուխ եղավ Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը, որ դասական հայերենի մաքրության ու գեղեցկության չափանիշն է եւ համարվում է թարգմանությունների թագուհի: Օշականում ուխտավորները ոչ միայն ներկա գտնվեցին մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին, այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով. «Անճառելի շնորհք լցեալք ի յիշատակի սուրբ վարդապետին, խնդրենք ի Քէն, Տէր, կեցո զանձինս մեր»:

ՇՈՒԽՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

Արդեն ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ՝ Ս. Թարգմա-նչաց տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած Շուխունց հրաշագործ Ավետարանը դուրս բերել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից: Ձեռագիր Ավետարանը գրվել է 1669 թվականին՝ Իսպահանի (Շող) Ջուղա գյուղում Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ խոջա Մանասի պատվերով: Ս. Գիրքը նկարազարդ է եւ ունի տասներեք մանրանկար: Առաջին էջում կա հետեւյալ հիշատակարանը. «Այս Սուրբ Ավետարանս գրչագիր, որ ի նախնեաց մերոց յԱզարիայէ եւ յԱնանիայէ եղբարց ի զարմէ Շուխեանց տան յորդւոց եւ ի թոռանէ նոցին ի Յովհաննիսէ եւ ի Սերկէէ Շուխեանց տուաւ յիշատակ Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ գիւղ Աշտարակ որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. Ամէն»: Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շուխունց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատքի մոմերը վառեցին՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը:

ՍՈՒՐԲ ՎԱՐՎԱՌԱՅԻ ՔԱՐԱՅՐ

Ուխտավորների հաջորդ կանգառը Արա լեռան վեհապանծ ու սրբացված հայացքի ներքո, բարձրաբերձ ժայռի ստորոտում ծվարած, քարայր-մատուռն էր, ուր, ըստ ավանդության ամփոփված է Ս. Վարվառայի աճյունը: Քարաշատ սանդուղքը ջերմեռանդ ուխտավորներին բարձրացնում է մինչեւ այրի մուտքը: Սիմեոն Երեւանցին անդրադառնալով Ծաղկեվանքի ուխտավորներին՝ նշել է. «…Երկրորդն ի ծոցն Արայու լերինն, որ Ծաղկեվանք կոչի», ուր կանգնում են առաստաղից կաթացող ջրի տակ եւ աղոթում, որ Վարվառա կույսն իրենց երեխա պարգեւի:

Իսկ Պերճ Պռոշյանը գրում է. «Եթէ կաթիլն ընկնում է չբերի գլխի, այդ նշան է, որ նա որդի կծնի, հակառակ դեպքում նրա յոյսը կտրուած է»: Սրբավայրում աղոթեցինք ժայռակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանա-վորությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները