Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

«ՆՇԱՆԵՑԱՒ ԱՌ ՄԵԶ ԼՈՅՍ ԵՐԵՍԱՑ ՔՈՑ
ԵՒ ԵՏՈՒՐ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՍՐՏԻՑ ՄԵՐՈՑ»
ԳՅՈՒՏ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

աչելությունից եւ հարությունից հետո Քրիստոսի դատարկ գերեզմանն ու խաչը Տիրոջից մնացած միակ տեսանելի ու զգալի առարկաներն էին, եւ դրանց վրա կենտրոնացավ քրիստոնյաների մասնահատուկ ուշադրությունը, հարգանքն ու հոգածությունը, որովհետեւ Աստվածության լրիվ ամբողջությունը Նրա մեջ հաճեց բնակվել եւ Նրանով հաշտեցնել ամեն ինչ Իր հետ՝ խաղաղություն բերելով խաչի վրա թափված Իր Արյամբ եւ երկրի վրա, եւ երկնքում եղածների համար: Խաչի վրա Հորը մատուցեց հավիտենական պատարագ, որով մեզ ազատեց մեղքերի բեռից՝ Իր վրա կրելով դրանց ողջ ծանրությունը:

Քրիստոսի խաչելությամբ մարդկությունը մեկընդմիշտ փրկվեց մեղքի ու մահվան իշխանությունից: Խաչը, որ մի ժամանակ մահվան ու սպանության գործիք էր, հետայդու դարձավ կյանքի եւ փրկության գործիք: Քրիստոս կենդանացրեց Ադամի մեռած բնությունը՝ խաչի վրա Իր մահվամբ հարություն տալով նրան:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Հռոմի Կլավդիոս կայսեր (41-45 թթ.) կինը՝ Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է Երուսաղեմի ժամանակի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս Առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը եւ Գողգոթան, սակայն Հակոբոս Առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի խաչը՝ Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել են հողով՝ հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից եւ, որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես եւ ի մխիթարություն, խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում եւ, ըստ ավանդության, այդ առիթով երգում «Խաչի Քո Քրիստոս, երկրպագանեմք» (Շարակնոց): Նրանցից շատերը վկաներն են լինում նաեւ խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական խաչափայտի այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին: Վերջինս իր հետ այն բերում է Հայաստան: Դրանից հետո հրեաները, սպանելով Հակոբոսին, կրկին խլում են խաչափայտն ու ամփոփում Գողգոթայում: Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչեւ խաչի բուն գյուտը:

313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաներին արտոնվում է ազատ դավանել իրենց կրոնը, իսկ Երուսաղեմը դառնում է ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից սրբազան վայրը տեսնելու են գնում մեծաթիվ ուխտավորներ: 327 թ. ուխտի է գնում նաեւ Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Սրբուհի Հեղինեն: Բարեպաշտ թագուհին Երուսաղեմում ձեռնամուխ է լինում Փրկչի խաչը փնտրելուն: Աստվածային նախախնամությամբ Գողգոթայում գտնվում են երեք խաչեր՝ թաղված աղբի մեջ: Փորելով դրանք հանում են աղբի տակից: Գտնվում է անգամ, Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերեւում ամրացված, եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Եվ նորից Քրիստոսի խաչը որոշվում է կատարված հրաշքի շնորհիվ. խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի եւ հիվանդություններից բժշկվում մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ եւ կանգնեցվում է Քրիստոսի խաչը՝ այն հանդիսավորապես փառավորվելով արդեն երկրորդ անգամ: Փրկչական խաչի Գյուտի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 26-ին մերձակա կիրակի օրը կամ Խաչվերացից վեց շաբաթ հետո: Գյուտ Խաչի շարականն է. «Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի Քո Քրիստոս», ուր պատմվում է խաչի գյուտը:

Հոկտեմբերի 26-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով՝ Խաչի գյուտի տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գ. Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Ամենափրկիչ եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները