| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ
 ոկտեմբերի
24-ին Շիրակի թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի
կիրակնօրյա դպրոցի կրտսեր խումբը, արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի
առաջնորդությամբ, մեկնեց ուխտագնացության, ինչը նոր հայրենագիտական
բացահայտումների եւ դասերի ընթացքում ստացած հոգեւոր գիտելիքների
գործնական փորձառությունն էր:
Առաջին կանգառը Հառիճավանքն էր: Այստեղ երեխաները, միասնական աղոթքից
հետո, հարցերի միջոցով, ամփոփեցին իրենց գիտելիքները վանքի, եկեղեցու
եւ մատուռի տարբերությունների, ինչպես նաեւ եկեղեցու կառուցվածքի
մասին:
Հառիճավանքում խմբին դիմավորեց Թրբանճեան ընծայարանի տեսուչ հոգեշնորհ
Տ. Վաչե աբղ. Մկրտչյանը: Հայր Սուրբը երեխաներին ծանոթացրեց ընծայարանի
սաների առօրյային եւ ուղեկցեց բոլոր այն լսարանները, որոնցում անցկացվում
են դասաժամերը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ու ոգեւորությամբ
լսում եւ հետեւում էին այդ ամենին:
Հաջորդ
կանգառն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին էր: Ծանոթանալով եկեղեցու պատմությանը՝
երեխաները հնչեցրին շարականներ եւ Խաչի պահպանությունը հայցեցին
Հայրենիքի ու Մայր Եկեղեցու համար:
Վերջին կանգառն Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրն էր: Այստեղ Տեր
Մակարը ներկայացրեց հուշահամալիրի պատմությունը, որը նվիրված է Ցեղասպանության
զոհերի, Բաշ-Ապարանի հերոսամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի հերոսների
հիշատակին: Տարածքում է նաեւ արցախյան բոլոր պատերազմների հերոսների
պանթեոնը: Հայրենասիրական երգեր երգելով, ոգեշնչվելով՝ փոքրիկ ուխտավորները
նաեւ քայլեցին դեպի մեծ հայրենասեր Դրաստամատ Կանայանի (ԴՐՈ) գերեզմանը:
Դրոյին նվիրված երգով փոքրիկ ուխտ արեցին՝ լինել հայրենասեր ու հայրենատեր:
Հոգեւոր
զրույցներով ու խաղերով ամփոփվեց հագեցած օրը:
Ուխտագնացության ամբողջ ընթացքում աղոթք արվեց նաեւ անարդարությամբ
բանտարկված Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանների, Տեր Գարեգինի եւ
մնացյալ ապօրինի կալանավորվածների ու գերվածների ազատության համար:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|