| ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ոկտեմբերի
26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր
Տաճարում, հընթացս Սուրբ եւ անմահ Պատարագի, կատարվեց քահանայական
ձեռնադրություն:
Տոնի
առիթով, հավատացյալների երկրպագության համար, դուրս բերվեց նաեւ
Փրկչի Խաչափայտի մասունքը:
Օրվա պատարագիչն էր Սյունյաց թեմի Առաջնորդ Տ. Մակար եպս. Հակոբյանը,
ում ձեռամբ քահանայական ձեռնադրության եւ օծման արժանացան, եկեղեցական
տարբեր կառույցներում սպասավորող, վեց սարկավագներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով
նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը,
ինչպես նաեւ նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր՝ հոգեւոր անուններ:
Բարեշնորհ Տիգրան սարկավագ Հակոբյանը վերանվանվեց Տեր Ավետիս քահանա,
Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝
Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա,
Հակոբ սարկավագ Գեւորգյանը՝ Տեր Հովհան քահանա եւ Հայկ սարկավագ
Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա:
Այնուհետեւ նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին
ներկաներին:
Սրբազան
Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին, մասնավորապես
ընդգծեց, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ուժ, ոգեւորություն
ու սեր է փոխանցում ներկային ու գալիքին, որովհետեւ նորաօծ քահանաները
գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի
մեջ՝ դառնալով աջակից ու զորակից իրենց ավագ եղբայրներին, որոնք
արդեն իսկ քայլում են խաչի օրհնյալ ճանապարհով:
«Սիրելի՛ քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տված
երդմանը, որ Սուրբ Սեղանի առջեւ ուխտեցիք, թե պատրաստ եք կատարել
բոլոր հրամանները եւ Սրբերի կանոններով քայլել՝ առանց հակառակվելու
ձեր հոգեւոր առաջնորդներին: Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով,
որը նեղ է եւ տանում է հավիտենական կյանք, իսկ մյուսը, որը լայն
է, տանում է դեպի կործանում: Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից,
մեր շուրջն ապրող ու արարող եղբայրներից, ովքեր վստահ հավատքով ընթանում
են նեղ ճանապարհով՝ լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ անշեջ սիրով, եւ
ովքեր իրենց տոկոնությամբ մեզ ուժ են փոխանցում: «Եթե կցորդ ենք
Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաեւ նրա փառքին» (Հռմ.
Ը 17),- ասաց Մակար Սրբազանը:
Վերջում պատարագիչ Սրբազան Հայրը հորդորեց նորաօծ եկեղեցականներին՝
իրենց ծառայությունը բերել մեր Սուրբ Եկեղեցուն սուրբ վարքով, ուղիղ
հավատքով, լուսավոր մտքով, ժրաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ
ու հեզությամբ:
Ապա «Ողջույն»-ի ժամանակ, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ,
Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգեւորականաց դասը բարձրացան Սուրբ
Խորան եւ շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ
ճակատներն ու ձեռքերը:
«Տէր,
ողորմեա»-ի ժամանակ հոգեւորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական
աղոթք բարձրացրին ապօրինաբար ազատազրկված Միքայել, Բագրատ արքեպիսկոպոսների,
Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար տիար Սամվել
Կարապետյանի եւ բոլոր գերյալների ազատության, ինչպես նաեւ հայրենի
երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա
պատրաստության եւ աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ
Եկեղեցու տարբեր կառույցներում ու թեմերում:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|