Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ճշմարտությունը
գտած լինելու երանությունն է:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 9 (309), սեպտեմբեր 2025 թ.  


 

       

«ՏԷՐ, ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ,
ԲԵՐԱՆ ԻՄ ԵՐԳԵՍՑԷ ԶՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈՅ»

եպտեմբերի 4-ին՝ Սուրբ Հովհաննեսի եւ Հոբ Արդարի տոնի առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, հավատացյալների փոքրիկ խումբն ուղեւորվեց Արմավիրի մարզի Վաղարշապատի Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) եկեղեցի՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, նաեւ խոնարհվելու Սանգիբարանի Սուրբ Ավետարանին: Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ ընկան:

ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻՆ

Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Ս. Գրիգորը տեսավ լույսի առաջին ծագումը՝ մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Ս. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան եւ հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն: Ս. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում՝ Նահապետ Ա Եդեսիացի Կաթողիկոսի օրոք:

ՍԱՆԳԻԲԱՐԱՆԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում հայկական ձեռագրական ժառանգությունը չափազանց մեծ քանակ է կազմել: Գրեթե ամեն ընտանիք ուներ իր ձեռագիրը, որ պահում էր տանը որպես սրբություն: Ուղղագիծ երկաթագիր ձեռագիր Մատյանը գրվել է Պարսկաստանում՝ 12-րդ դարում, Պետրոսի եւ Գրիգորի ձեռամբ: Մատյանը Պարսկաստանի Փերիա նահանգի Սանգիբարանում է հայտնվել 1603-1604 թթ.: Այն 400 տարի հանգրվանել է Ս. Հովհաննես եկեղեցում: Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ Ս. Հովհաննես եկեղեցու քահանան Ավետարանն ու եկեղեցու զանգը հանել է, պահել, իսկ գաղթի ժամանակ տեղափոխել Իրան: Հետո քահանայի ժառանգները Սուրբ Գիրքն ու զանգը բերել են Հայաստան եւ նվիրել Սուրբ Գիրքը Մաշտոցի Մատենադարանին, իսկ զանգը Ս. Շողակաթ եկեղեցուն: Սուրբ Գիրքը նաեւ կոչվում է Ս. Հովհաննեսի Ավետարան:

Առավոտյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագիր պահոցից դուրս հանվեց եւ քայլարշավով Սանգիբարանի Սուրբ Ավետարանը բերվեց Էջմիածին, իսկ Սուրբ Պատարագի ընթացքում հանգրվանեց Սուրբ Մարիանե վանքում: Մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Գաբրիել վրդ. Սարգսյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու սանգիբարանցիրները հնարավորություն ունեցան համբուրել Սուրբ Գիրքը, ինչպես նաեւ հաղորդվել մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը:

Հաջորդ կանգառը Մայր Աթոռ Ս. Էջմիածինն էր, ուր ուխտավորները միասնական աղոթք առաքեցին առ Աստված, վառեցին իրենց հավատքի մոմերը:

Վերջին հանգրվանը Ակնայի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ եւս իրենց աղոթքն առ Աստված ուղղելուց հետո վերջիններս բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները