| ԲԱՐԻ,
ՕՐՀՆՅԱԼ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
«Պարտ է միշտ կրթել զանձն յուսումն
եւ աստուածապաշտութիւն»:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
«Բոլոր
չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»,- զգուշացնում
է Սուրբ Եղիշե Վարդապետը՝ Ավարայրի ճակատամարտը նկարագրող իր մատյանում:
Այս համոզումով ու գիտակցությամբ են առաջնորդվել, կրթության գործին
լծված, ազգի նվիրյալ մշակները՝ մերժելով խավարն ու ջատագովելով մտքի
լուսավորությունը, առաջնային նկատել հոգեւոր-ազգային նկարագրով մարդու
ձեւավորումը: Այս առաքելության առաջամարտիկներն աստվածասեր ու հայրենանվեր
Սուրբ Թարգմանիչ վարդապետներն էին, միջնադարյան մեր համալսարանների
ու վարդապետարանների րաբունապետերն ու կրթական օջախներում ուսանած
լուսամիտ սերունդները:
Այսօր էլ Հայոց Եկեղեցու կրթա-դաստիարակչական սրբազան առաքելության
տեսլականը նույնն է: Սակայն նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում
որոշապես տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու
անհրաժեշտության գիտակցությունը: Ներդրվող չափորոշիչներով նվազեցվում
է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարեւորությունը,
ինչը խոցելի է դարձնում մեր երեխաներին համաշխարհայնացման գործընթացներում:
Ուրեմն՝ հարկ է ճանաչել մեր Եկեղեցին, գնահատել նրա առաքելությունը,
որպեսզի մեր երեխաները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն
Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ,
օրինապահ ու արդարամիտ: Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված.
«Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի այն ժողովրդին,
որին Իր համար Նա ժառանգութիւն ընտրեց» (Սաղմ. ԼԲ): Ինքնաճանաչ,
քրիստոնեական արժեքները կարեւորող, աստվածասեր ու հայրենասեր սերունդ
կրթելով՝ մենք կզորանանք, կզարգանանք ու կառաջադիմենք եւ կընթանանք
դեպի մեր նվիրական նպատակների իրագործումը:
Քրիստոնեական բարձր գիտակցությամբ օժտված՝ Գյումրու թիվ 15 կրթօջախի
տնօրինությունն ու ուսուցչական կազմն ամեն սեպտեմբերի, մինչ ուսումնական
տարին սկսելը, սաներին ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու:
Այս տարին նույնպես բացառություն չէր:
Սեպտեմբերի 2-ին դպրոցի 1-ին եւ 9-րդ դասարանների աշակերտները, տոնականորեն
հագնված, ծնողների, ուսուցիչների եւ Քնարիկ Ադամյանի ուղեկցությամբ
Ս. Ամենափրկիչ եկեղեցում էին, ուր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը կատարեց
օրհնության հատուկ կարգ: Այնուհետեւ Հայր Սուրբն իր շնորհավորանքի
ու բարեմաղթանքի խոսքն ուղղելով ներկաներին՝ ի մասնավորի նշեց, որ
ուսուցիչների ցանած բարի հունդերը թող առատ պտուղներ եւ արդյունք
տան՝ հանուն մեր կյանքի առաջընթացի եւ մեր նոր սերնդի լուսավոր ապագայի.
«Աղոթում ենք, որ ամենակարող Աստված անսասան պահի Հայոց աշխարհը
եւ լուսավորչահիմն մեր Սուրբ Եկեղեցին եւ Իր Սուրբ Աջի ամենախնամ
հովանու ներքո պահպանի ու շնորհազարդի աշակերտ եւ ուսանող մեր զավակներին,
զորակից լինի իմացություն ու գիտելիք մատռվակող կրթության մշակներին՝
պարգեւելով մշտանորոգ հաջողություններ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԷԼԵՈՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ
>>>
|
|