| «ԴԱՍՔ
ԱՆՄԱՐՄՆՈՅ ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԵԶ
ԵՐԱՆԵՆ, ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Սրբուհի Մարիամ, սափոր ոսկի
եւ տապանակ կտակարանաց, որ զ’ի վերուստ
զհացըն կենաց պարգեւեցեր քաղցեալ բնութեանս, առ նա միշտ բարեխօսեա
վասն
քաւութեան մեղաց մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ
այ
Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է Ս. Կույսին օրհնաբանելու յոթը
տոն, որոնցից մեկն Աստվածամոր ծննդյան հիշատակությունն է եւ հաստատուն
կերպով տոնախմբվում է սեպտեմբերի 8-ին:
«ԱՂԲԻՒՐ ԿԵՆԱՑ ԲԸՂԽԵԱԼ ՅԵԴԵՄԱՅ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ…»
Աննայի՝
Սուրբ Կույսի մոր հղիությունից յոթն ամիս եւ յոթն օր անց ծնվեց օրհնյալ
պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում
է լուսավորյալ, տիրուհի: Դրանով կատարվեց Աստծո խոստումը՝ տրված
նահապետներին, ըստ որի նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը:
Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ողջ Հրեաստանում, եւ լսողներն
օրհնեցին ու փառաբանեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝
Ս. Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի
մեջ…» (Եսայի ԿԱ 9): Իսկ Սողոմոնն ասում է. «Շատ դուստրեր հարստություն
ձեռք բերեցին…, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: Քո
մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա եւ ոչ էլ՝ սին գեղեցկություն»:
Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնվի (Առակ ԼԱ 29-30):
Պատահական
չէ, որ հայկական եկեղեցիների բոլոր խորանները զարդարում են Սուրբ
Աստվածածնի հրաշագեղ պատկերները՝ որպես երկնային դուռ ողջ մարդկության.
«Աստուածածին՝ երկնային դուռն աստուածային»: Նա էր այն ընտրյալ անոթը
երկրի վրա, ում Աստված, իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ,
պատվեց՝ լինելու Աստծո մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն
երբեք չերկնչեց, չընդդիմացավ Աստծուն՝ քաջ գիտակցելով Բարձրյալից
իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Սուրբ Կույսը՝ առաքինի,
հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Նարեկացին
նրան է նվիրել իր «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գլուխներից
մեկը՝ առանձնակի հայցելով. «Հյուսիր, միացրու դառն հեծությունն իմ
մեղավորի քո երանելի եւ նվիրական խնդրվածքի հետ, կյանքի տունկդ դու
օրհնված պտղի, որպեսզի քեզնից միշտ բարերարված եւ ապավինած մաքուր
մայրությանդ ու լուսավորված՝ ապրեմ ես Քրիստոս Որդուդ միածին եւ
Տիրոջդ համար» (Բան Զ):
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածածնի ծննդյան տոնի ուրախ առիթով, Սուրբ
Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ
ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակագի՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ ուխտավորներ, Ռուսաստանի Դաշնության
Տվեր քաղաքի ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալներ եւ հավատավոր
գյումրեցիներ ստացան Սուրբ Հաղորդություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
>>>
|
|