| «ՎԱԽԻՑ
ԱՅՆ ԿՈՂՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉՎԵՑ
րեւանի
առաջին ատյանի ընդհանուր իավասության Ավան նստավայրի քրեական դատարանում
սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս Աջապահյանի գործով հերթական դատական նիստը:
Պաշտպանական
կողմը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ ներկայացրեց՝ հիմնավորմամբ,
որ սեպտեմբերի 24-ին վերջինս մեղադրական վերդիկտը հրապարակելուց
եւ լրացուցիչ դատական լսումների օրվա մասին հայտարարելուց անմիջապես
հետո համարյա փախել է դահլիճից՝ կողմերին չտեղեկացնելով, որ, նախքան
հերթական դատական նիստը, նրանք կարող են միջնորդություններ ներկայացնել
դատարանին: Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական
կողմը տեղեկացրեց, որ վերջնական դատավճռից հետո իրենք պատրաստվում
են որոշակի իրավական քայլերի դիմել դատավոր Արմինե Մելիքսեթյանի
նկատմամբ: Արա Զոհրաբյանը ճեպազրույցի ընթացքում ասաց. «Հաշվի առնելով
այս դատավորի նույնիսկ պարզունակ խախտումները, այսօրվա նիստի ժամանակ
էլ դա հատուկ ընդգծեցինք, նույնիսկ տարրական իրավունքի հետ կապված
հարցերը դատարանը չի բավարարում, որ իր պարտականությունն է: Սա ցույց
է տալիս, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ,
բնականաբար, որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում: Ցավալի
է, բայց դա փաստ է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր
էր ճանաչել Միքայել Սրբազանին՝ քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ
մասի հատկանիշներով կատարած արարքի համար: Մեղադրանքի էությունն
այն է, որ նա, զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական ու հաղորդակցական
տեխնոլոգիաների միջոցների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն
եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր
է արել:
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը քննեց նաեւ Միքայել Սրբազանին
վերագրվող հանցանքը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները՝ պատժի
տեսակի եւ չափի մասին որոշում կայացնելու համար:
Հանրային մեղադրողը Սրբազան Հոր պատիժը մեղմացնող կամ ծանրացող որեւէ
հանգամանք չներկայացրեց եւ միջնորդեց Սրբազանի նկատմամբ կիրառել
ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով:
Պաշտպանները գտնում են, որ իշխանությունն Առաջնորդ Սրբազանի նկատմամբ
քաղաքական հետապնդում է իրականացնում: «Իրականում բացառիկ բան է
տեղի ունենում: Առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձին
ազատազրկում միջնորդելն այն դեպքում, երբ սանկցիան նախատեսում է
հինգ տարբեր տեսակի պատիժ, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք,
ազատության սահմանափակում, որն ազատազրկման հետ կապ չունի. այսինքն՝
որոշակի ժամերի սահմանափակում է տանից դուրս գալը եւ արդեն կարճաժամկետ՝
մինչեւ երկու ամիս է նախատեսում ազատազրկումը եւ ընդհանրապես 2-5
տարի,- ճեպազրույցի ժամանակ ընդգծեց դատապաշտպան Երեմ Սարգսյանը:-
Հիմա ինչից որոշեց դատախազը, որ պետք է պահանջի ազատազրկում՝ եւ
այն էլ երկուս ու կես տարի: Ակնհայտ չէ՞, որ քաղաքական բնույթի շարունակությունն
է: Սա կոնկրետ հանձնարարություն է, հակառակ դեպքում բացառվում է
որեւէ այլ գործով գալ եւ նման միջնորդություն ներկայացնել»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այժմ պաշտպանական կողմը չի
ներկայացրել Սրբազանի առողջական վիճակի կամ անցած ուղու մասին փաստեր,
որոնք կմեղմացնեին դատարանի որոշումը, պաշտպաններն ասացին, որ Սրբազանն
անձամբ չի ցանկացել նման քայլի դիմել, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում,
հետեւաբար դատարանին խնդրանքով դիմելու իմաստ չունի:
Դատական նիստին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ մեր Եկեղեցու
տարբեր թեմերի բարձրաստիճան հոգեւորականներ, քահանաներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի
բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանը, դատական նիստի ավարտին,
հայտնեց իր կարծիքը. «Արդարադատություն, որ իրականացվում է իրական
ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության,
քմահաճույքի կատարման մթնոլորտ է: Մեզ համար հայտնի է՝ Միքայել Սրբազանի
հիմնական մեղքն այն է, որ նա Հայ Եկեղեցու հոգեւորական է եւ պետք
է Հայ Եկեղեցու հոգեւորականին որեւէ կերպ պատժել: Մենք չենք ընդունում
Միքայել Սրբազանի մեղավորությունը, ապօրինի գործընթաց է գնում, առավել
եւս համոզվեցի այսօր: Մեղադրող կողմը միանգամից երկուսուկես տարվա
խափանման միջոցը որպես ազատազրկում առաջարկեց: Գիտեք, այն երկու
հազար էջանոց տրցակը, որ դատավորի առջեւ դրված էր, այսքան նիստերի
ժամանակ չթերթատվեց ու հայտնի չէ՝ մեջն ինչ է: Գուցե ես չեմ լսել,
դուք բոլորդ լսել եք մեղադրող կողմից այդ երկու հազար էջ պարունակող
տրցակի գոնե մեկ էջն ինչի՞ մասին է: Ինձ թվում է, պարզապես այդ թղթերի
վրա ամեն էջին գրված է՝ մեղավոր է եւ վերջ, ծնկի բերել, նստացնել:
Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջեւ ենք կանգնում,
այսպես կոչված, իրական Հայաստանում: Ես վստահ եմ, որ այսօրվա թե՛
մեղադրող կողմը եւ թե՛ դատավորն ունեն զավակներ եւ իմ աղոթքն է առ
Աստված, որպեսզի նրանց զավակները կյանքի ընթացքում երբեւէ չբախվեն
իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների, եւ վստահ
եմ, որ Աստված մեր աղոթքը կլսի ու նրանց երեխաներին կփրկի իրենց
նմաններից»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհապարակվի հոկտեմների
3-ին:
>>>
|
|