Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ճշմարտությունը
գտած լինելու երանությունն է:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 9 (309), սեպտեմբեր 2025 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ

նդհանրական Եկեղեցին առանձնացնում է խաչին նվիրված երեք տոն՝ Գյուտ Խաչի, Երեւումն Սուրբ Խաչի, Վերացումն Սուրբ Խաչի կամ Խաչվերաց: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երեքին ի լրումն ունի նաեւ Վարագա Ս. Խաչի տոնը, որ նշվում է Խաչվերացի երրորդ կիրակի օրը: Ինչպես Թորգոմ պատրիարքն է բնորոշում՝ այն ունի զուտ ազգային հիմք և, ըստ էության, նման է Սուրբ Խաչի Երեւման տոնին, սակայն երեւումը ոչ թե Երուսաղեմի, այլ Վանի շրջանի Վարագա հայկական բարձունքներում է տեղի ունենում:

ԵՐԵՎՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ

Սրբազան ավանդության համաձայն, երբ Հռիփսիմյանց կույսերն անցնում են Վարագա լեռան մոտով, Սուրբ Հռիփսիմեն այստեղ է պահում Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որ կրում էր իր պարանոցին: Հատկանշական է, որ մասունքը բուն Խաչափայտից անջատված այն հատվածն էր, որի վրա կաթացել էր Տիրոջ Փրկարար Ս. Արյունը, այսինքն՝ «մածեալ արեամբն Քրիստոոսի»: Սակայն վերջիններիս մահից հետո մասունքի տեղն անհայտ է մնում: 7-րդ դարում, Վարագա լեռը ճգնելու վայր ընտրած, Թոդիկ ճգնավորը, իր աշակերտ Հովելի հետ, մեծ փափագով ամեն օր աղոթում էր Աստծուն՝ Նրանից խնդրելով ցույց տալ Քրիստոսի Խաչի մասունքի գտնվելու վայրը:

Եվ մի գիշեր երկնքում երեւում է խաչանիշ լույս, որը, տասներկու լուսեղեն սյուներով շրջապատված, մտնում է եկեղեցի եւ կանգ առնում Ս. Սեղանի վրա: Երկու ճգնավորները շտապում են եկեղեցի եւ Ս. Սեղանի վրա գտնում թանկագին Ս. Նշանը՝ Քրիստոսի Խաչափայտի մասունքը: 1655 թ. այն տարվում է Վան եւ զետեղվում Սուրբ Տիրամայր եկեղեցում, որը հետո վերանվանվում է Սուրբ Նշան: Ներսես Գ Շինող Հայրապետը հոկտեմբերի մեջ սահմանում է Վարագա Խաչի տոնը եւ, տեսիլքով հոգեզմայլ, հորինում «Նշանաւ ամենայաղթ Խաչիւդ» հոյակապ շարականը, միաժամանակ թելադրում մեկշաբաթյա պահեցողություն:

Ի ԴԵՊ

Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես Եդեսիայում, համաճարակի ժամանակ, Վարագա Ս. Խաչի զորությամբ, անբուժելի հիվանդությունը կասեցվել է: Իսկ Ագաթանգեղոսի վկայությամբ՝ հայոց երկնակամարում լուսեղեն Ս. Խաչը տեսիլքով մինչ այդ հայտնվել էր Ս. Գրիգոր Լուսավորչին՝ Միածնի Էջքի հայտնի տեսիլքի ժամանակ: Նաեւ Մովսես Խորենացին է վկայում, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի հուղարկավորության ժամանակ այն երեւում է Վաղարշապատից մինչեւ Օշական:

Վարագա նշանավոր վանքը մինչ այսօր չի դադարում նվիրական սրբավայր մնալ:

Սեպտեմբերի 28-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե, Ս. Սարգիս, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները