Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ճշմարտությունը
գտած լինելու երանությունն է:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 9 (309), սեպտեմբեր 2025 թ.  


 

       

«ՆՇԱՆԵՑԱՒ ԱՌ ՄԵԶ ԼՈՅՍ ԵՐԵՍԱՑ ՔՈՑ ԵՒ ԵՏՈՒՐ
ՈՒՐԱ ԽՈՒԹԻՒՆ ՍՐՏԻՑ ՄԵՐՈՑ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

«Առաջի պատուական ամենայաղթ խաչի Քո անկամիմք երկրպագելով եւ խնդրեմք
զթողութիւն զյանցանաց մերոց, քանզի սովաւ բարձեր զդատապարտութիւն
ազգի մարդկան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

արին չորս անգամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Խաչի՝ աշխարհի փրկության մեծագույն խորհրդանիշի տոնը: Խաչվերացը, 7-րդ դարից ի վեր, սեպտեմբերյան այս օրերին մեծ շուքով է նշում քրիստոնյա ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց», նշանակում է խաչը վեր բարձրացնել:

Քրիստոսադրոշմ Սուրբ Խաչը յուրաքանչյուր քրիստոնյայի պարծանքն ու ապավենն է: Խաչի խոհուրդը հիրավի մեծ եւ սքանչելի է՝ համաձայն աստվածային այն տնօրինության, որ Ինքը՝ մարդացյալ Բանը, Աստծո Միածին Որդին, զոհաբերեց Իր անձը հանուն մարդկության փրկության: Եվ ահա խաչը եղաւ այդ փրկագործության զոհասեղանը, որը, ինչպես Եկեղեցու հայրերն են վկայում, ընդունեց Աստվածորդու՝ իր վրա հեղված արյունը եւ փոխարենը քավություն ու փրկություն շնորհեց համայն մարդկությանը:

Քրիստոսի այս աննախադեպ զոհաբերությունը, որով Զոհը՝ Ինքն Աստված, Իր կենսատու արյամբ սրբացրեց խաչափայտը, հիմք հանդիսացավ քրիստոնեական աշխարհում տյառնագրված խաչի տոների համար: Մահվան գործիքը, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկարար արյամբ, վերածվեց կյանքի առհավատչյայի:

ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Շուրջ 1400 տարի առաջ պարսից շահ Խոսրով Բ Փարվեզը հարձակվում է Բյուզանդիայի վրա, գրավում Երուսաղեմը եւ համարյա կործանում ողջ քաղաքը: Փրկչի խաչափայտը եւս գերի է ընկնում: Տարիներ անց բյուզանդական կայսրը, վերանվաճելով Երուսաղեմը, ետ է վերցնում խաչափայտը եւ մեծ հանդիսությամբ կանգնեցնում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում: Գերեվարված խաչի ազատագրմանը մասնակցում է նաեւ հայոց զորագնդերից մեկը, եւ, ի պատիվ հայոց զորագնդի, խաչափայտը մի քանի օր դրվում է հայոց Կարին քաղաքում: Այստեղից եւ տոնի անվանումը՝ Խաչվերաց, խաչի բարձրացում: Այդ ժամանակներից ի վեր Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

Սեպտեմբերի 14-ին հայոց սուրբ եկեղեցիների զանգերի տոնական ղողանջները վերստին ավետեցին, Խաչվերացի տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Ս. Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Յոթվերրք, Ս. Հակոբ, Ս. Ամենափրկիչ, Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս եւ Ս. Նշան եկեղեցիներում:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սեպտեմբերի 14-ին՝ կիրակի օրը, Խաչվերացի տոնին, մարդաշատ էր Ս. Նշան եկեղեցին: Արդեն քսանհինգ տարի է, ինչ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի բարձր տնօրինությամբ, Խաչվերացի տոնը հայտարարվել է Ս. Նշան եկեղեցու ուխտի օր: Այստեղ՝ տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Սրբազան արարողակարգի ընթացքում Ս. Նշան եկեղեցում գտնվող հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ «ԽԱՉԻ ՔՈ,
ՔՐԻՍՏՈՍ, ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵՄՔ…»

Համաձայն Հայ Եկեղեցու տոնացույցի, Խաչվերացի երեկոյան կատարվում է խաչի թափոր ու անդաստան: Այս հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորցի (667-703) Կաթողիկոսը:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Սուրբ Նշանը՝ զարդարված ռեհանի թփերով ու ծաղիկներով եւ, հանդիսապետ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի առաջնորդությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան: Թափորապետ Տեր Հայրը բարձրացնելով խաչը՝ օրհնեց աշխարհի «արեւելյան կողմն ու հայոց հայրապետությունը», «արեւմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը (անդաստաններ) եւ տարվա պտղաբերությունը», «հյուսիսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այդտեղ բնակվող ժողովուրդներին»: Յուրաքանչյուր կողմում կանգ առնելով՝ օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա:

Անդաստանից հետո դարձյալ թափորով մտնելով եկեղեցի՝ երգեցին «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք» շարականը: Այնուհետեւ օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին: Հավելենք նաեւ, որ հոգեւոր իմաստով Սուրբ Խաչի տոնը մեղքի գերությանը մատնված մեր հոգիների ազատագրման եւ վեր բարձրացման տոնն է: Ինչպես Եկեղեցու տասներկու սուրբ վարդապետներից Բարսեղ Կեսարացին է վկայում՝ Աստված մարդուն ուղղահայաց կերպարանքով է ստեղծել, որպեսզի նա մշտապես իր հայացքը հառի երկինք՝ դեպի իր Արարիչը: Ուստի Խաչվերացի տոնի խորհուրդը, Քրիստոսի Սուրբ Խաչափայտի նմանողությամբ, մեր հոգիների վերհառնումն է, վեր՝ աշխարհային ամեն տեսակի մեղքից ու խավարից դեպի աստվածային աննյութեղեն լույս, դեպի երկնային հոգեղեն խորաններ:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

ՍԵպտեմբերի 15-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները