|
«ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԵԿԻՐ ԵՒ Ի ՓՈԽՈՒՄՆ ՄՕՐ ՔՈՅ
ԵՒ ԿՈՒՍԻ, ՈՂՈՐՄԵԱ ՄԵԶ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
«Քաղաքավարեալ ի մարմնի անարատ
վարուք, այսօր յառաքելոցն ամփոփեալ
վերին ակնարկութեամբն, վերափոխեցար յարքայութիւն Որդւոյ քո
եւ Աստուծոյ մերոյ, բարեխօս խոստովանողացս զքեզ»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 փեսոսի
Տիեզերական երրորդ ժողովը (431 թ.) Հովակիմի եւ Աննայի դստերը՝ Մարիամին
պաշտոնապես ճանաչեց Աստվածամայր, եւ նրա երկրպագությունը տարածվեց
ողջ քրիստոնեական աշխարհում: Այն, որ Հայոց Եկեղեցում Վերափոխման
տոնը կատարվել է դեռեւս 5-րդ դարից, հաստատում են Սահակ Պարթեւի
կանոնները:
ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ
Անզուգական շարականի աղոթք դարձած բառերով ենք դիմում Աստվածամորը,
ում Եկեղեցին մի շարք տոներ է նվիրել՝ ադամորդիներիս ուսուցանելու,
կրթելու եւ ճշմարիտ կենսակերպ մատնանշելու համար: Այդ տոների շարքում
ուրույն շուք ու փայլ ունի Տիրամոր երկինք վերափոխվելու հիշատակությունը,
որն ամեն տարի մեծ ցնծությամբ նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի
օրը:
Մարիամ Աստվածածինը, որպես Քրիստոսին ծնող անձ, անշուշտ բոլոր քրիստոնյաներիս
մայրն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է. «Ամեն ինչ Նրանով եղավ
եւ առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է» (Հովհ. Ա 3): Ինչպես Քրիստոս
Արարիչ է, օրհնյալ Աստված, հավիտենական Հոր Որդի, այնպես եւ Քրիստոս
Աստծուն մարդեղեն ծնելու պատիվն ու շնորհը ստացած մայրն էլ, բնականաբար,
բոլորիս մայրն է: Ուստի մայրության շնորհը կարող է նաեւ զորանալ
որդու միջոցով: Սուրբ Կույս Մարիամը Քրիստոսի մայրն էր, բայց խաչի
վրա, անլուր չարչարանքների մեջ, Տերը պատվիրեց, որ նա Իր սիրելի
աշակերտի՝ Հովհաննես Ավետարանչի մայրը դառնա. «Ահա քո որդին», նաեւ՝
«ահա քո մայրը»:
Աստվածածնի
պարագայում չկար երկրավոր հայր, որովհետեւ Աստված էր մարդացողը:
Եղավ միայն երկրավոր մայր՝ առանց հոր, եւ սրանով մայրության պատիվը
կրկնապատկվեց: Հետեւաբար՝ Աստված մայր պիտի ունենար, եւ նա պիտի
կոչվեր Աստվածածին: Սա գերաշխարհիկ կոչում է: Աստվածամայրը, Որդու
պատգամին հնազանդ, շուրջ տասներեք տարի ապրեց Հովհաննես Աստվածաբան
Առաքյալի խնամատարության ներքո եւ, Որդու խոսքի համաձայն, վերափոխվեց
երկինք՝ հրեշտակների դասի ուղեկցությամբ: Վերափոխման այս հանդիսավոր
ու խորախորհուրդ արարողությանը մասնակցում էին Փրկչի տասներկու առաքյալները
եւ «բազմություն աշակերտաց Նորայ կտակին»:
Զաքարիա Ա. Ձագեցին «Աստվածածնի ննջման քարոզ»-ում գրում է. «Եվ
այժմ մարմնով վերափոխվեց հավերժ կենդանիների երկիր եւ դեպի դրախտի
տենչալի Կենաց ծառը… Եվ անմարմին սուրբ սերովբեն փակ է պահում Կենաց
ծառի ճանապարհը, ուր այսօր վերափոխվեց Սուրբ Աստվածածինը՝ միշտ կենդանի
մայրը, քանզի անմահության բաժակը ճաշակեց եւ միշտ բարեխոսում է աշխարհի
համար»: Այսպես՝ Գեթսեմանի հասնելով, Ս. Կույսի մարմինն ամփոփեցին
քարայրում եւ մուտքը ծածկեցին հսկա քարով: Երրորդ օրը Գեթսեմանի
եկավ Բարդուղիմեոս Առաքյալը եւ սկսեց հուսակտուր ողբալ ու լաց լինել,
որ չարժանացավ Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն եւ նրանից
օրհնություն ստանալուն: Առաքյալները որոշեցին բացել քարայրի մուտքը,
որպեսզի նա կարողանա վերջին հրաժեշտը տալ: Բայց մուտքից քարը հեռացնելուց
հետո բոլորը տեսան եւ հաստատեցին, որ Աստվածամոր մարմինն այնտեղ
չէր, այլ վերափոխվել էր:
Բարդուղիմեոս Առաքյալին էր վիճակված, Աստծո իմաստուն նախախնամությամբ,
միջոց դառնալ Աստվածամոր վերափոխումը բացահայտելուն: Քարայրում միայն
Սուրբ Կույսի հանդերձանքն էր: Դա նշանակում էր, որ Հիսուս, Իր խոստման
համաձայն, երկինք էր փոխադրել մորը: Ըստ ավանդության՝ ի մխիթարություն
Բարդուղիմեոսի, նրան հանձնեցին այն կենդանագիր պատկերը, որ Սուրբ
Կույսը տվել էր Հովհաննես Ավետարանչին: Մովսես Խորենացու վկայությամբ
Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց եւ զետեղեց Անձեւացյաց գավառի
Դարբնոց քար կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի,
կուսանոց հիմնվեց: Ի դեպ՝ հայոց եկեղեցիների բոլոր խորաններն Աստվածամոր
անունով են եւ նրա պատկերով:
«ԱՌԱՔԵԱ ԶՇՆՈՐՀՍ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԶՕՐՈՒԹԵԱՆԴ Ի ՓԱՅՏԵՂԷՆ ԱՆՕԹՍ ԱՅՍ…»
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԻՐԱՑ ՊԱՏԿԵՐԸ
Ի
սկզբանե Հայոց Եկեղեցին եղել է պատկերահարգ: Սրբապատկերներն առաջին
հերթին այն գեղանկարներն են, որոնք զարդարում են Սուրբ Սեղանը, եկեղեցու
դասի, տաճարի եւ գավթի որմերն ու սյուները: Այդ պատկերների առջեւ
ենք սովորաբար մոմ վառում, աղոթում՝ հստակ գիտակցելով, որ մեր աղոթքն
ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերում:
1830 թվականին՝ Հովհաննես Կարբեցու հրամանով, Պողոս վարդապետ Ջանլադյանը
Սուրբ Աստվածածնի Յոթվիրաց պատկերը Հասանղալայի վանքից բերեց Հառիճավանք:
Այդ օրվանից մենաստանը դարձավ ուխտատեղի, ուր ամեն կողմից ուխտավորներ
էին գալիս: Հենց ուխտավորների նվերներով բարեկարգվեց ու պայծառացավ
վանքը:
1851 թ., երջանկահիշատակ Ներսես Ե Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ,
սրբապատկերն այստեղից տեղափոխվեց Ս. Էջմիածին, իսկ 1852-ին Ալեքսանդրապոլ
եւ դրվեց Ս. Աստվածածին եկեղեցում, ուր մնում է ցայսօր՝ իբրեւ բարեխոս
ու պաշտպան հավատացյալների:
16 ՕԳՈՍՏՈՍԻ. ՆԱԽԱՏՈՆԱԿ
Օգոստոսի 16-ի հետկեսօրեին՝ ժամերգությունից հետո, Ս. Յոթվերք առաջնորդանիստ
մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը, Երուսաղեմի
Հայոց Պատրիարքության Ելեւմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպս. Զաքարյանի
գլխավորությամբ, սուրբգրային ընթերցվածներով, շարականների հոգեպարար
երգեցողությամբ ու սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար Ս. Աստվածածին
եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը եւ ուղղվեց
Վարդանանց հրապարակ: Այստեղ թափորապետ Սրբազան Հայրը, հավատացյալների
խուռներամ բազմության ներկայությամբ, կատարեց անդաստան Ս. Խաչով,
Ս. Ավետարանով եւ Սուրբ Յոթվիրաց պատկերով՝ օրհնելով երկրի չորս
ծագերը:
Ի
դեպ ներկա էին նաեւ Ջավախքից, Երեւանից եկած ուխտավորներ, այլ ազգության
հավատացյալներ: Սրբազան արարողակարգի վերջում Սրբազան Հայրը հորդոր-պատգամով
դիմեց ներկա հավատավոր ժողովրդին՝ առանձնակի շեշտելով. «Այս պատկերի
օրհնությունը թող Գյումրիի Յոթվերք եկեղեցուց տարածվի ամբողջ Հայաստան
աշխարհ: Նաեւ տխուր ենք, որ Շիրակի թեմի Առաջնորդը՝ ձեր սիրելի Առաջնորդը,
մեր սիրելի եղբայրն այսօր անազատության մեջ է, սակայն, ինչպես երեկ
ինքը վկայեց դատարանում, չի ընկճվել, չի ընկրկել, չի հանձնվել, այլ
նույն հավատքով է, նույն հոգով, նույն աստվածպաշտությամբ, նույն
մարդասիրությամբ, եւ այդ պահին սեր էր տածում այն մարդկանց հանդեպ,
ովքեր իրեն կապանքների մեջ են պահում: Սակայն մենք գիտենք, որ այդ
խցի մեջ այսօր Աստված է ներկա, այդ խուցն այսօր դարձել է եկեղեցի,
որովհետեւ երկու արքեպիսկոպոս, այդ խցի մեջ ծնկած, աղոթք են անում
առ Բարձրյալն Աստված...»:
«Ի ՔԵԶ ԵՆՔ ԱՊԱՒԻՆԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՅՐ ԱՍՏՈՒԾՈՅ ՄԵՐՈՅ»
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Սուրբ Կույսի բարեխոսությանը վերստին դիմելու ակնկալությամբ էին
Գյումրու Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Յոթվերք, Ս. Ամենափրկիչ, Ս. Հռիփսիմե,
Ս. Մինաս եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում ի մի եկել ուխտավոր
հավատացյալները:
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, Վերափոխման տոնի ուրախ առիթով,
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության
Ելեւմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպս. Զաքարյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը
մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը:
Ի լրումն օրվա խորհրդի տրվեց Սուրբ Հաղորդություն:
«ՅՕՐՄԷ ԿԹԵՑԱՒ ՄԵԶ ՈՂԿՈՅԶՆ ԱՆՍՊԱՌ…»
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Աստվածածնի
Վերափոխման տոնին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագի ավարտն ամփոփվում
է յուրահատուկ ու անկրկնելի մի գեղեցիկ արարողությամբ՝ խաղողի օրհնությամբ,
որից էլ տոնն այս ժողովրդի մեջ հաճախ հնչում է «խաղողօրհնեք» անվամբ:
Խաղողօրհնեքը նախաքրիստոնեական ծագում ունի: Այն Սուրբ Աստվածածնի
տոնին կցեց մեր հավատո հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հնում տարբեր
ազգերի մոտ սովորություն էր տարվա առաջին բերքը՝ երախայրիքը, նվիրել
Աստծուն կամ տաճարին: Իսրայելցիների մոտ եւս ընդհանրացել էր այդ
սովորույթը: Նրանք նույնպես տարվա առաջին բերքը տանում էին տաճար:
Հաստատված օրենքի համաձայն՝ ընծաներ էին համարվում ցորենը, գարին,
խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը եւ մեղրը: Այս կերպ նրանք երախտագիտություն
էին հայտնում Տիրոջը՝ տրված բարիքների համար եւ խնդրում Նրա օրհնությունը:
Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվում է մարդկային բնությունը եւ
առավել օրհնվում խաղողի ողկույզը, քանզի Տերը խաղողի որթն ամենազորավորներից
ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն
խաղողի որթ անվանելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):
Այնուհետեւ գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան
նյութն արեց եւ Վերնատանը, գինով լի գավաթը բարձրացնելով, օրհնեց
այն. «Սա է Նոր Ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ-ԻԸ), որով էլ մենք ազատվեցինք
մահից: Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է Սուրբ Ներսես Շնորհալու
աղոթքը. «Համեղաճաշակ պտղոյն բանաւոր բարունակ, Հօրմէ կթեցաւ մեզ
ողկոյզն անսպառ՝ յուրախութիւն տրտմելոց ի ճաշակմանէ ծառոյն գիտութեան»:
Սուրբ
եւ անմահ Պատարագից հետո հանդիսավոր թափորը շարժվեց Վարդանանց հրապարակ,
ուր Թեոդորոս Սրբազանը կատարեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:
Սուրբ Խաչով եւ Սուրբ Ավետարանով օրհնելով խաղողի ողկույզներով լի
ամանները՝ նա առանձնակի ասաց. «Օրհնիր, Տե՛ր, այն որթատունկերն ու
այգիները, որոնցից հայտնվեցին օրհնության այս ողկույզները եւ ընծայվեցին
Սուրբ Եկեղեցուն:
Բազմաբեր դարձրու դրանք, պտղաբերությամբ առատ ու բարեբեր: Անփորձ
պահիր պատուհասներից, որոնք ի վերուստ իջնում են մեր մեղքերի պատճառով,
կարկտից, եղեմնահար սառնամանիքներից, խորշակահար հողմերից եւ վնասակար
միջատներից…»:
Վերջում հավատացյալ ժողովրդին բաժանվեց օրհնված խաղողը: Հավելենք
նաեւ, որ խաղողը եկեղեցուն նվիրել էր խաչքավոր Արմեն Տոնոյանը:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Օգոստոսի 18-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց
հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ
քհն, Հակոբյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|