Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԿԱՐԱՊԵՏ ՊԱՊՆ ՈՒ ՀԱՐԵՒԱՆԻ ԹՈՌԸ

երունին, որն արդեն մի քանի օր անկողնային էր, խնդրեց թոռնիկին իր մոտ կանչել հարեւանի թոռանը:

- Կարապետ պապ, կանչե՞լ եք ինձ,- սենյակ մտնելով հարցրեց տղան:

- Հա, մանչս, կուզեմ լսել քեզի, կուզեմ լսել այն երգերը, որ դուն կերգես ձեր տան մեջ, կուզեմ քո ասմունք լսել, ձըգուկս:

- Ո՞րը երգեմ, ո՞րն արտասանեմ:

- Բոլորը երգե, լաո, բոլորը:

Գեւորգը երգեց, արտասանեց.

Երազումս մի մաքի,

Մոտս եկավ հարցմունքի,

Աստված պահի քո որդին,

Ո՞նց էր համը իմ ձագի:

«Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում…»:

Հետո երգեց՝ «Ձայն մը հնչեց», «Անդրանիկը»,«Արի իմ սոխակ», «Սոնա յար», «Հայեր, միացեք», «Մշո գորանի», «Կիլիկիա», ապա, արտասանեց «Սասունցի Դավիթ» էպոսից, հետո էլի երգեց ու երգեց:

Իսկ պապի աչքերից արցունքներ էին գլորվում: Ապա Կարապետ պապը, դիմելով իր թոռանը, ասաց. «Կլսե՞ս, լաո»: Իսկ թոռան դեմքին ընդամենը սառը ժպիտ էր: Կարապետ պապի հարսը բացեց սենյակի դուռը, մի անտարբեր հայացք նետեց ու նորից ծածկեց այն: Իսկ ծերունին դիմեց Գեւորգին.

- Մոտ եգուր, լաո, կուզեմ քու ճակտին պագ մը տամ: Բարձիս տակ բան մը կա, լաո, անիկա քեզի կպատկանե, դու արժանի ես դրան, լաո, վերցուր: Աստված օրհնե ձեր տուն, ձըգուկս: Հիմա հանգիստ եմ…

Հարսը զանգեց ամուսնուն.

- Լսի, Գրիգ, հասկացանք, որ քո հայրն անկողնային է, բայց կարծես խելքը թռցրել է:

- Ի՞նչ է պատահել,- լսվեց ամուսու ձայնը:

- Հարեւանի փոքրիկ տղային կանչել տվեց, խնդրեց երգել ու արտասանել, հետո էն պապենական հին դաշույնը նվիրեց նրան: Չե՞ս գտնում, որ էս ամենը տարօրինակ է:

- Չէ, չեմ գտնում, որովհետեւ հարեւանի տանը հայկական մթնոլորտ է, երեխաների անունները հայկական են, խոսում են հայերեն, կարդում ու գրում են հայերեն, խոհանոցում պատրաստում են հայկական կերակուր:

- Ա՜, օտարի հողում նրա ինչի՞ն է պետք քո լեզուն:

- Օտարին պետք չէ, մեզ է պետք, մե՛զ… Հետո կխոսենք, հիմա զբաղված եմ,- ասաց ամուսինն ու ավարտեց խոսքը:

Գրիգորն աշխատանքից վերադարձավ եւ մտավ հոր սենյակը:

- Ինչպե՞ս ես, հայրիկ,- հարցրեց նա:

- Լավ եմ, լաո, լավ եմ, խիղճս հանգիստ է, հոգիս այնքա՜ն թեթեւ:

- Հայրի՛կ, ես իմացա, որ դու այն դաշույնը...

- Հա Գրիգոր, լաո, այդ դաշույնը գտավ իր արժանի տեղ… Օտարության մեջ ամեն հայկականը թանկ մասունք է, մանչս… Իսկ յուրաքանչյուր մասունք պիտի ըլլա անիկա գնահատողի եւ արժեւորողի մոտ, լաո…

Ծերունին մի վերջին անգամ նայեց իր տղայի դեմքին, հետո շրջեց գլուխը եւ փակվեցին նրա աչքերը...

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները