| ՏՈՆ
ԾՆՆԴՅԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
եպտեմբերի
8-ը Սուրբ Կույսի ծննդյան տոնն է:
Աննայի՝ Սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթն ամիս եւ յոթն
օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան
անվանեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ, եւ նրանով օրհնվեցին
երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծո խոստումը՝ տրված նահապետներին,
ըստ որի նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Նրանց արմատից
բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն՝ նախահոր մեղքերը վերցնողին:
Նա, Ով անէությունից ստեղծեց ամբողջ աշխարհը, մարդասիրաբար տնօրինելով,
նոր աշխարհի հիմքը դրեց Աննայով՝ Սուրբ Կույսի ծնողից: Աննայից բուսնեց
անկեզ մորենին՝ Մարիամը, ով վառվեց աստվածային Հրով: Հովակիմն ու
Աննան մեզ տվեցին «Գեղմն իմանալի, ումից հոսեց կյանքի Անձրեւը»:
Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, եւ բոլոր
լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ Սուրբ
Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակն ազգերի
մեջ եւ նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն,
պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թե՝ «Սրանք Աստծո օրհնյալ զավակներն
են», եւ ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):
Եթե Երեմիան ընտրվել էր մինչեւ իր ծնվելը՝ ըստ այս խոսքի. «Դեռ քեզ
որովայնում չստեղծած՝ Ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝
սրբացրի քեզ» (Երեմ. Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ
ընտրվեցին՝ «Աստված… ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի
արարումը, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք Նրա առաջ սիրով»
(Եփես. Ա 3-4), ապա որքան առավել Սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում
է Դրախտ աստվածային եւ Արեւելք իմանալի, եւ ում մասին ասում է Սողոմոնը.
«Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ
կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: Քո մեջ
կանացի կեղծ բարեհաճություն չկա եւ ոչ էլ սին գեղեցկություն» (Առակ.
ԼԱ 29-30):
ԱՐԱՄ ԴԻԼԱՆՅԱՆ
>>>
|
|