| ԹԱԴԵՈՍ
ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Առաքեա, Տէ՛ր, զլոյս քո
եւ զճշմարտութիւնս քո, ցո՛յց մեզ, Տէ՛ր, զողորմութիւն եւ
քո ծառայիցս լե՛ր օգնական բարեխօսութեամբ սրբոց մարտիրոսացն,
որոց այսօր է յիշատակ»:
ՇԱՐԱԿՆՈՑ
ռաքելահաստատ
Հայոց Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 2-ին ոգեկոչեց մեր առաջին
լուսավորիչներից Սուրբ Թադեոս Առաքյալի եւ առաքելագործ Սանդուխտ
կույսի հիշատակի օրը:
Հայոց Եկեղեցու հնագույն շրջանի պատմությանը վերաբերող տեղեկությունները
հիմնականում փոխանցվել են սրբազան ավանդությամբ: Սա պայմանավորված
է նրանով, որ մինչեւ Ե դարը, այսինքն՝ հայոց գրերի գյուտը, Եկեղեցու
ձեւավորման հետ կապված իրադարձությունները սերնդից սերունդ ավանդվել
են բանավոր եւ միայն Ե դարում են գրի առնվել հայ մատենագրության
ու պատմագրության մեջ: Սուրբ եւ սքանչելագործ Թադեոս Առաքյալի քարոզության
վիճակը Հայաստան աշխարհն էր: Նա կյանքի խոսքի քարոզիչ էր եւ առաջին
ընծայյալը մարտիրոսության պսակի արժանացած նահատակների մեջ: Նրան
վիճակվել էր գալ Հայաստան՝ քարոզելու հայ ազգին: Ագաթանգեղոսի՝ ասորերեն
հայտնի մի գրության վկայությամբ, Թադեոսը Եդեսիայից գալիս է Հայաստան
եւ Աբգարի քեռորդի Սանատրուկի կողմից արքունիքում ընդունելության
արժանանում:
Արքունիքից շատ-շատերը գալիս են Սուրբ Առաքյալի մոտ՝ լսելու նրանից
Ավետարանի քաղցրաբարբառ քարոզչությունը: Նրա մոտ է գալիս նաեւ Սանատրուկ
թագավորի դուստրը՝ Սանդուխտը, ով մանկահասակ էր, գեղեցիկ տեսքով,
վայելուչ դեմքով: Սանդուխտը գիշերներն Առաքյալից լսում էր Ավետարանի
խոսքը եւ բազում օրեր աշակերտում նրան: Թադեոսը տեսնելով Սանդուխտի
ջերմեռանդ սերն առ Քրիստոս՝ նրան մկրտում է: Նույն պահին սուրբ կույսի
վրա իջնում է լուսեղեն մի նշան, որի մջից լսվում է երկնային հրեշտակների
ձայնը: Այդ նշանը տեսնելով՝ շատերն են հավատում Քրիստոսին: Արքայադստերը
դարձի բերելու բոլոր հորդորներն ու ձեռնարկումներն անցնում են ապարդյուն:
Ի վերջո, Սանատրուկ թագավորի հրամանով, նահատակվում է Սանդուխտը,
իսկ յօթն օր անց, Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում, մյուս
քրիստոնյաների հետ, նաեւ Թադեոս Առաքյալը:
Նրա մահից հետո Հայաստան են գալիս առաքյալներից Բարդուղիմեոսը, Հուդա
Ղեբեոսը, Շմավոն նախանձահույզը, նաեւ Թադեոսի աշակերտներից Եղիշեն
ու Եվսթադեոսը: Նրանք, բազմաթիվ մարդկանց քրիստոնեական հավատի դարձնելուց
հետո, նահատակվում են Մեծ եւ Փոքր Հայքի տարբեր շրջաններում: Հովհան
Մանդակունի կաթողիկոսի եւ Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս
անունով մի ճգնավոր, ով բնակվում էր Շվարշանին մոտակա մի քարանձավում,
տեսիլքով իմանում է նրանց տեղը եւ, մի քահանայի հետ փորելով տեսիլքով
մատնանշված տեղերը, գտնում է սուրբ նշխարները: Սուրբ Սանդուխտը թաղված
է Նարեկ վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է, իսկ Սուրբ
Թադեոս Առաքյալի գերեզմանը, այժմյան Իրանի տարածքում գտնվող, Սուրբ
Թադեի վանքում է: Ըստ Օրմանյանի վկայության՝ Սուրբ Սանդուխտի հիշատակը
հին «Տոնացույց»-ում առանձին է կատարվել, հետո միայն միացվել Թադեոս
Առաքյալի հիշատակին: Այսպիսով՝ առաքյալների ու նրանց գործակից հետնորդների
քարոզչությամբ, մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ազգովի քրիստոնյաներ
դարձանք՝ քրիստոնեությունն ընդունելով որպես պետական կրոն:
Օգոստոսի 2-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի տոնի ուրախ
առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Սրբազան արարողակարգի
ընթաքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը: Ի լրումն օրվա խորհրդի, կատարվեց խոստովանություն, եւ
բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|