Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

«ԴԵ ԵԿԵՔ ՈՒ ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ ՊՆԴԵՔ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԻՄԻ ՓԱՍՏԱԲԱՆ
ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է

գոստոսի 28-ի դատական նիստում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում, միջնորդեց հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը եւ կայացնել արդարացման վերդիկտ:

Իր եզրափակիչ ելույթում փաստաբանը նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապօրինի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, ինչն ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Նրա խոսքով, բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել է մեկ տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցի հիման վրա, որը նախկինում քննության առարկա արդեն դարձել է եւ դատախազությունն արձանագրել է, որ հանցակազմ առկա չէ եւ հրաժարվել է վարույթ նախաձեռնել:

Իր եզրափակիչ ելույթում պաշտպանը կրկին շեշտեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ է, դատարանի վճիռն էլ՝ կանխորոշված:

«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղադրող կողմի նշած ապացույցներին եւ հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, թե պետք է դատապարտի գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին եւ այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը»,- նշեց պարոն Սարգսյանը:

«...Դե եկեք ու փակ աչքերով պնդեք, որ այս ամենը չի կատարվել հանձնարարությունների հիման վրա: Համոզեք հասարակությանը, որ երբ Միքայել Սրբազանին նույն ուժային կառույցները ցանկանում են ձերբակալել Մայր Աթոռի տարածքից, զուգահեռ վարչապետը գրառումներ է կատարում, շեշտելով. «Փաստորեն թաքնվում ես դու, վախենում ես մի ամիս, երկու ամիս կալանավորվելուց»: ՔՊ խմբակցության ղեկավարը գրում է. «Իհարկե, դատարանը կալանավորելու է քեզ»: Ու քաղաքական ոչ մի բան չկա՞, ի՞նչ է եղել, սովորական իրավական պրոցեսնե՞ր են: Իսկ երկար քաղաքական հետապնդման ենթարկվող ցանկացած անձ շուտ թե ուշ պետք է արդարացվի ու արդարացվելու է»,- դատարանում եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ անարդար դատավճիռը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան հանցագործությունը: «Հիմա արդարադատություն կիրականացնեք, թե՞ կենթարկվեք առկա իրողություններին եւ ակնհայտ անհիմն կերպով մեղադրական վերդիկտ կկայացնեք Միքայել Սրբազանի նկատմամբ՝ հստակ իմանալով, որ նրան մի օր հաստատապես արդարացնելու են՝ բոլոր հետեւանքներով: Հետեւաբար՝ պատվարժան դատարան, հորդորում եմ, որ Դուք Ձեր խղճով ղեկավարվեք եւ կարողանաք հիմնավոր կերպով փաստել, որ այս ամենը, ինչ ասացինք, սխալ է: Չեք կարողանա հերքել այս ամենը, ակնհայտ կլինի, որ դուք ուղղակի, առանց հերքելու, մեղադրական ակտ կայացրեցիք»:

Փաստաբանը նաեւ միջնորդեց՝ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում հռչակել Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի անմեղությունը եւ կայացնել արդարացման վերդիկտ:

Նիստի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկող հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին: Իր եզրափակիչ ելույթում դատախազ Վահան Հարությունյանը մեջբերեց հատվածներ Սրբազան Հոր՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից:

Ի ԴԵՊ

Դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը, եւ այժմ գործն ավարտական փուլում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Տ. Միքայել արքեպս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով, ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ, ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ 2024 թ. փետրվարի 3-ին, ապա նաեւ 2025 թ. հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային «կոչեր»:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԻՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները