| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԱՌԱԿ ՍԻՐՈ ԵՎ ԲԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
աշտի
եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը եւ հիանում էին երիտասարդ զույգով:
Բաժանումն ասաց.
- Գրազ գանք. ես նրանց կբաժանեմ:
Սերը պատասխանեց.
-Սպասի՛ր,
թող ես ընդամենը մեկ քայլ անեմ, իսկ այնուհետեւ դու կարող ես մոտենալ
նրանց այնքան, ինչքան կցանկանաս եւ այդ ժամանակ կտեսնենք՝ կարո՞ղ
ես նրանց բաժանել:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ երիտասարդ զույգին եւ հպվեց
նրանց, նայեց նրանց աչքերի մեջ եւ տեսավ, թե ինչպես նրանց միջով
կայծ անցավ: Սերը ետ քաշվեց ու ասաց.
- Ես իմն արեցի, հիմա քո հերթն է:
Բաժանումը պատասխանեց.
- Ո՛չ, ես հիմա ոչինչ չեմ կարող անել: Հիմա նրանց սրտերը սիրով են
լցված: Ես մի քիչ ուշ նրանց կայցելեմ:
Ժամանակ անցավ: Բաժանումը մոտեցավ տանը եւ նայեց պատուհանից ներս:
Նա տեսավ երիտասարդ մորն ամուսնու եւ մանկան հետ: Բաժանումը հույս
ուներ, որ Սերն արդեն մարել է եւ շեմքից ներս մտավ: Բայց նայելով
նրանց աչքերին՝ տեսավ Երախտագիտություն: Բաժանումը շրջվեց եւ ասաց.
- Ես նրանց մոտ ավելի ուշ կգամ:
Դարձյալ ժամանակ անցավ: Բաժանումը կրկին հայտնվեց նրանց մոտ: Տանն
աղմկում էին երեխաները, աշխատանքից հոգնած ամուսինն էր եկել, մայրը
երեխաներին էր հանգստացնում: Բաժանումը հույս ուներ, որ գոնե հիմա
ինքը կարող է նրանց բաժանել, չէ՞ որ այդ ընթացքում ե՛ւ Սերը, ե՛ւ
Երախտագիտությունը վաղուց պետք է անհետացած լինեին նրանց սրտերից:
Բայց նայելով նրանց՝ աչքերի մեջ Հարգանք ու Ըմբռնում տեսավ:
- Ես հետո կայցելեմ,- ասաց Բաժանումը:
Որոշ ժամանակ անց նա կրկին եկավ: Նայում է՝ երեխաներն արդեն մեծ
են, ալեհեր հայրը ինչ-որ բան է բացատրում նրանց, կինն ուտելիք է
պատրաստում խոհանոցում: Նայեց Բաժանումը նրանց աչքերի մեջ եւ հիասթափված
հոգոց հանեց. այնտեղ Վստահություն տեսավ:
- Ես հետո կգամ,- ասաց Բաժանումը եւ դուրս եկավ:
Էլի ժամանակ անցավ: Բաժանումը կրկին մոտեցավ տանը: Նայում է ներս՝
այնտեղ վազվզում են թոռները, իսկ բուխարու մոտ նստած էր, վշտով համակված,
ծեր մի կին: Բաժանումն ինքն իրեն մտածեց. «Ահա կարծես եկել է իմ
ժամանակը»: Ուզում էր նայել ծեր կնոջ աչքերի մեջ, բայց նա կանգնեց
եւ դուրս եկավ տանից: Բաժանումը հետեւեց նրան: Շուտով կինը գնաց
գերեզմանատուն եւ նստեց մի գերեզմանի մոտ: Դա իր ամուսնու գերեզմանն
էր:
«Կարծես թե ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,- ժամանակն իմ փոխարեն
գործել է»: Բաժանումը նայեց պառավի արցունքներով լի աչքերի մեջ եւ
այնտեղ Հիշողություն տեսավ, Հիշողություն Սիրո, Երախտագիտության,
Հարգանքի, Ըմբռնման եւ Վստահության մասին:
>>>
|
|