Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

«ԸՆԴ ՆՄԻՆ ԵՒ ԶԱԶԳՍ ՀԱՅՈՑ, ՆՈՐՈԳ ՀՈԳԵՒՈՐ ԾՆՆԴԵԱՄԲ,
Ի ԼՈՅՍ ԱՍՏՈՒԱԾԳԻՏՈՒԹԵԱՆ ԱԾԵՐ»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՇԽԱՐԱՑ
ԳՅՈՒՏԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

այոց Եկեղեցու տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից առաջինը հիշատակն է նրա վիրապ մուտքի, երկրորդը՝ ելքի եւ երրորդը՝ նշխարների գյուտի: Սրբի նկարագրի լուսեղեն գծերից մեկն էլ ի հայտ եկավ իր մահվան ժամանակ: Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնության մեջ, ժողովրդից գրեթե անտես ու հեռու: Արիստակեսի՝ Նիկիո ժողովից վերադառնալուց հետո ծերունազարդ Հայրապետն այլեւս չհեռացավ իր սիրելի ճգնարանից՝ Մանյա այրից, որ գտնվում էր Սեպուհ լեռան վրա: Այդ խաղաղիկ քարայրում էլ Հայաստան աշխարհի Լուսավորիչն ավանդեց իր լույս հոգին: Ոչ-ոք չլեց նրա մահվան մասին: Միայն պատահականությունը հովիվներին ներս բերեց քարայր, ուր նրան գտան հավիտենական հանգստի մեջ: Դողդողացող մատներով ու ակնածանքով ծածկեցին նրանք անշնչացած մարմինը քարակույտերով ու հեռացան:

Հետագայում՝ հավանաբար 327-ին, մեծ Սուրբն ամենասիրելի աշակերտին՝ Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը: Գառնիկը շրջում էր բոլոր հավանական տեղերը եւ ի վերջո գտնում սիրելի վարդապետի համեստ գերեզմանաթումբը: Այս գյուտից հետո Սուրբ Հայրապետի լույս նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են բարձր Հայքի Դարանաղ գավառի Թորդան գյուղում: Հետագայում Լուսավորչի շնորհալի մասունքները տարածվեցին աշխարհով մեկ: Դրանց վրա տարբեր վայրերում կառուցվեցին եկեղեցիներ:

Ըստ Դրասխանակերտցու պատմության՝ Ներսես Տայեցի Կաթողիկոսը (գահակալել է 641-661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, «Սուրբ Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով դնում է չորս հաստահեղույս սյուների տակ՝ անշուշտ երկնավոր գանձը ապականիչ զեղուններից հաստատուն պահելու եւ քրիստոնեական հավատի պարծանքի համար: Նա Քրիստոսադրոշմ ու պատվական գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում՝ գզրոցի մեջ է զետեղում` դրան փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար»:

Ըստ հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Ս. Գրիգորը, Վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային: Լուսավորչի Ս. Աջը Հայ Եկեղեցու կարեւորագույն սրբություններից է: Այն Կիլիկիայում պահպանել են Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը: Նաեւ Ս. Աջը եղել է Հայրապետական Աթոռի գանձն ու զորությունը եւ պաշտոնական նշանը նրա իշխանության: Նշանավոր դեր է ունեցել կաթողիկոսական աթոռի տեղափոխության գործում: Հետեւաբար՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցայսօր հպարտանում է ճշմարիտ Ս. Աջով, որը, Ս. Խաչափայտի եւ Ս. Գեղարդի հետ, գործածվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 5-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսներ էին Տ. Վարագ քհն. Հակոբյանը եւ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Ներկաների թվում էին Ջավախքի Գումբուրդո գյուղի հոգեւոր հովիվ Տ. Թադեոս քհն. Տեր-Մկրտչյանը եւ ուխտավոր գումբուրդոցիներ, ովքեր հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները