|
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ «ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԸ
ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽԱՐԻՍԽ» ԽՈՐԱԳՐՈՎ
2025 թ.-ի հուլիսի 2-7-ն անցկացվեց Հայ
Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) «Քրիստոնյա
ըմտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագիրը կրող համահայկական ուխտագնացությունը,
որին մասնակցում էին շուրջ 300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական
Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայստանի եւ Սփյուռքի
տարբեր թեմերից:
Շիրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
Շիրակի թեմը ներկայացավ յոթը երիտասարդներով:
Ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ
հուլիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,
որից հետո ներկաներին հայրապետական իր պատգամը հղեց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից
հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, հայորդիների
համախմբման առիթով՝ այն լավագույն պատճառ նկատելով զորացնելու հավատքն
առ Աստված եւ նվիրումն առ հայրենին, վերանորոգելու սերն ու նախանձախնդրությունը
հանդեպ Սուրբ Եկեղեցին եւ ազգային ու հոգեւոր արժեքները:
Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց, թեմական երիտասարդական
կազմակերպությունների համախմբման եւ գործունեության համակարգմանն
ուղղված, Միության հետեւողական աշխատանքի առնչությամբ:
Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին,
բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան
պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու
դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին
Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել
Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. «Առկա մարտահրավերների
հանդիման հրամայական է միասնական լինել եւ նախանձախնդիր՝ օրինականության
պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն
ու նսեմացումը: Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել
հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը»:
Իր խոսքում Նորին Սրբությունը նկատեց, որ երիտասարդների հոգեւոր
խնամատարությունը մեր Սուրբ Եկեղեցու կարեւորագույն առաքելություններից
է՝ նոր սերնդին առաջնորդելու ավետարանական պատվիրաններով, ամրապնդելու
ազգային ոգին ու գիտակցությունը եւ հաստատուն պահելու բարեպաշտության
ուղիներում:
Ուխտագնացության առաջին երկու օրը կրթական էր: «Աստծո թագավորությունը»,
«Ընտանիքը Եկեղեցու հիմքն է» եւ «Ամուսնությունն ու ռոմանտիկ հարաբերությունը»
թեմաներով բանախոսությամբ հանդես եկան հոգեւորականներ աշխարհասփյուռ
թեմերից:
Բանախոսությունների վերջում երիտասարդները, բաժանվելով խմբերի, հոգեւորականների
հետ քննարկիւմներ էին անցկացնում: Դասընթացների ավարտին բոլոր մասմակիցներին
տրվեցին վկայականներ եւ շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին:
Մյուս երկու օրն ուխտագնացության օրեր էին: Երիտասարդներն ուխտավորաբար
եղան հայաստանյան մի շարք սրբավայրերում: Բոլոր օրերին մասնակիցները
ներկա էին գտնվում առավոտյան եւ երեկոյան ժամերգությունների:
Ուխտացնացության ավարտին երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին
եւ Մայր Տաճարում ներկա գտնվեցին Սուրբ եւ Անմահ Պատարագին՝ հանդիսապետությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
ՀԵՀԵՄ կազմավորման 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության
խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց երգ ու
պարով, ուղեկցվող հյուրասիրությամբ եւ հրաժեշտի խարույկով:
ԳՈՀԱՐԻԿ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|