| «ՓԱՌՔ
ՔԵԶ, ԱՍՏՈՒԱԾ, ՓԱՌՔ ՔԵԶ,
ՅԱՂԱԳՍ ԱՄԵՆԱՅՆԻ, ՏԷՐ, ՓԱՌՔ ՔԵԶ»
ԽԱՉԵՐԹ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
 իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ հուլիսի
26-ին Գյումրիում տեղի ունեցավ ուխտերթ՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս
Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ: Այն մեկնարկեց Ս. Հակոբ
եկեղեցուց եւ իր լրմանը հասավ Ս. Ամենափրկիչ եկեղեցում, որի ուխտի
օրն է Պայծառակերպության տոնը: Ապաշխարության հոգով ու միասնական
աղոթքով այս ուխտագնացությունն առաջնորդեցին արժանապատիվ Տ. Տաթեւ
քհն. Մարուքյանը եւ Տ. Մակար քհն. Գալամդարյանը, որը մեր ազգի հայացքը
Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Պայծառակերպությանն ուղղելու խորհուրդն
ուներ:
Հայրենիքի եւ ազգի առջեւ ծառացած մարտահրավերների այս դժվարին ժամանակներում
բոլորս կոչված ենք հրաժարվել չարությունից, պայքարել մեղքերի դեմ,
հայտնապես վկայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ համախմբվել Փրկչի
շուրջ:
Ս.
Հակոբ եկեղեցում՝ Ժամերգության ավարտին, կատարվեց ընդհանրական խոստովանություն:
Օրվա պատգամը ներկա ժողովրդին հղեց Տեր Տաթեւը: Տեր Հայրն ի մասնավորի
նշեց, որ ինչպես Հին Ուխտի տապանակը, ինչն Աստծո ժողովուրդը պտտեցնում
էր իր հետ որպես Տիրոջ ներկայություն, Հիսուս Քրիստոսով իր լրումը
գտավ Եկեղեցում, այնպես էլ այսօր եկեղեցին, դուրս գալով խաչերթի,
Աստծո խոսքը, աղոթքն ու Բարձրյալի ներկայությունն իր հետ տանելու
է քաղաքի փողոցներ ու բակեր, որպեսզի վերջիններս հասնեն յուրաքանչյուրին՝
նրանց առաջնորդելով դեպի Աստծո ճանապարհը, որ է Հայ Առաքելական Սուրբ
Եկեղեցին:
Այնուհետեւ, հոգեւոր Հայրերի առաջնորդությամբ, եկեղեցու բակում կատարվեց
անդաստան, եւ օրհնվեց արեւելյան կողմն աշխարհի:
Թափորի հաջորդ հանգրվանը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, ուր
կատարվեց միասնական աղոթք: Ընթացքում ճանապարհից միանում էին նոր
մարդիկ:
Սուրբ
Նշան եկեղեցում նույնպես կատարվեց անդաստան, ինչպես նաեւ օրհնվեց
արեւմտյան կողմն աշխարհի:
Ուխտերթի մյուս կանգառն առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցին
էր, ուր անդաստանի ժամանակ օրհնվեց հարավային կողմն աշխարհի:
Վերջին կանգառը Ս. Ամենափրկիչ եկեղեցին էր: Այստեղ ուխտավորների
թափորը դիմավորեցին Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը,
Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը. եւ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանը:
Հընթացս անդաստանի՝ օրհնվեց հարավային կողմն աշխարհի, եւ կատարվեց
միասնական աղոթք, որի ավարտին Տեր Նշանն իր օրհնությունն ու գնահատանքը
հղեց ներկաներին՝ ուխտի ճանապարհն անցնելու առիթով եւ մաղթեց, որ,
ապաշխարության խորհրդով, ամեն օր պայծառակերպվի յուրաքանչյուրի կյանքը՝
մոտեցնելով Աստծուն եւ ապաշխարությամբ մաքրագործված պայծառացած կյանքն
օրինակ լինի շատերին՝ դառնալու առ Աստված:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|